Արցախցի ուսուցչի կյանքի ալիքները Թարթառի ափից մինչև Սևան
Միշան Արցախից է։ Տունը Թարթառի ափին էր, Մատաղիս գյուղում։ Երկու անգամ հարկադրված հեռացել է ու վերադարձել։ Երրորդ անգամ Մատաղիսը թողել է 2020-ին ու չգիտի՝ նորից կվերադառնա՞։
Ծնվել է 1953-ին։ Ծառայել է խորհրդային բանակում: Հիշում է՝ չէին ուզում տուն թողնել, որովհետև լավ մասնագետ էր, հոսանքի հետ կապված ինչ խնդիր լիներ, իրեն էին դիմում՝ զորամասի էլեկտրիկն էր։
Ծառայությունից հետո ավարտել է Շուշիի պետական մանկավարժական ուսումնարանը, աշխատել հայրենի գյուղի դպրոցում` ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Տարիների հետ հասկացել է, որ ինչպես մայրը, ինքն էլ է ուզում հայոց լեզու և գրականություն դասավանդել։ 1984-1989 թվականներին սովորել է Ստեփանակերտի պետական համալսարանում ու վերադարձել դպրոց՝ դարձել հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։
Պատմում է, որ գրականության նկատմամբ սերը շատ մեծ էր։ Հիմա էլ, երբ Հայաստանի ինչ-որ բնակավայրի անուն է լսում, արագ ասում է, թե գրողներից ով է այնտեղ ծնվել։
Խոսքի մեջ հաճախ մեջբերում է բանաստեղծական տողեր, հետաքրքիր պատմություններ հիշում գրողների մասին։ Ամենաշատը Թումանյանին է սիրում, հպարտանում է, որ լսել է բանաստեղծի դստեր դասախոսությունները։
Ինքն էլ է բանաստեղծություններ գրում՝ սիրո ու միայնության մասին։ Ժամանակին դրանք տպվում էին թերթերում։ Ասում է աշակերտներից ու ծնողներից չամաչեր, գուցե ավելի շատ տպվեր։
Մատաղիսի դպրոցում աշխատել է մինչև 1991-ը։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարհանվել է։
1992-95 թթ. ապրել է Աբովյանում, թիվ 6 դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդել։ Պատերազմից հետո՝ վերադարձել է Մատաղիս։ Ասում է՝ դպրոցում իրեն սիրում էին, «Լավագույն ուսուցիչ» կոչում ունի, իսկ ամուսնանալ չի հասցրել. «Ընտանիքս դպրոցն էր, երեխաներս՝ աշակերտները»,— ասում է նախկին ուսուցիչը։
Գրական հայերենով է խոսում։ Ասում է՝ բարբառը հարստացնում է լեզուն, բայց ինքը լեզվի ուսուցիչ է, թեկուզ նախկին, պիտի գրական խոսի։
2016-ի ապրիլի քառօրյայի ժամանակ երկրորդ անգամ է հեռացել Մատաղիսից։
Պատմում է՝ վաղ առավոտյան ձայներ է լսել, հետո տեսել է զինվորների, որոնք հորդորել են ցանկապատի հետևն անցնել ու թաքնվել։ Գյուղն անօդաչուների հարվածի տակ է եղել, գյուղից դուրս գալու ճանապարհը՝ նույնպես։ Իրեն գյուղից հանել են այլընտրանքային ճանապարհով։
Հետո վերադարձել է ու շարունակել աշխատանքը դպրոցում։
2020-ին տեղահանվել է երրորդ անգամ՝ Մատաղիսից Ստեփանակերտ, 2023-ին էլ՝ Ստեփանակերտից Հայաստան։ Ապրում է Սևանում։
Հեղինակ՝
Ուսանողներ
Սիմոն
Հովհաննիսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան