Լուսանկարի այս տարածքը, որ առաջին հայացքից գեղեցիկ լիճ է թվում, «Նահատակ» պոչամբարն է՝ հանքարդյունաբերությունից գոյացած թունավոր պոչանքներով։ 1967-ից գործող պոչամբարը տարիների ընթացքում լցվել-մեծացել է՝ նոր հողատարածքներ «կուլ տալով»: Հիմա միայն դրա հայելու մակերեսը (պատվարն ու մնացած ենթակառուցվածքները չհաշված) հավասար է 24 ֆուտբոլային խաղադաշտի: Պոչամբարը վաղուց գլխացավանք է դարձել այս տարածքի գյուղերում ապրողների համար: Ուշացումով մեկնարկած ռեկուլտիվացիայի (ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնման) ավարտը չի երևում, իսկ բնակիչների բողոքները չեն դադարում:
«Նահատակը» գտնվում է Ալավերդի խոշորացված համայնքում՝ Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի միջև։ Անունը ստացել է Դեբեդի վտակ Նահատակ գետից, որի հունում էլ կառուցվել է։ Կառույցը 57 տարվա պատմություն ունի, բայց 1988-2009 թթ. չի օգտագործվել։
Պոչամբարը շահագործում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն (Ախթալայի ԼՀԿ), որը հանքարդյունահանում է իրականացնում Շամլուղի պղնձի հանքավայրից: Կոմբինատը 3 պոչամբար է շահագործել՝ «Նազիկ» (ռեկուլտիվացվել է բազմաթիվ թերություններով), «Պահեստի ձոր» (ենթակա է ռեկուլտիվացիայի) և «Նահատակ» (ռեկուլտիվացիան ընթացքի մեջ է)։
«Նահատակը», որի նախագծային ծավալը 3 մլն խմ է, ամենամեծն է: Բնապահպանության նախարարությունը 2003-ին հրապարակած ազգային զեկույցում «Նահատակը» համարել էր Հայաստանի 3 ամենավտանգավոր պոչամբարներից մեկը: Տարիների ընթացքում ընդլայնված պոչամբարն այսօր ընդամենը 20-30 մետր է հեռու Մեծ Այրում գյուղի տներից, նրա մյուս կողմում՝ անմիջական հարևանությամբ, Ճոճկանի մշակվող հողերն են։
Գյուղացիները դատի են տվել կոմբինատին
Ճոճկանցի Սամվել Սիրադեղյանն իր դեղձի այգին ոռոգում էր Դեբեդի ջրով, այժմ չի մշակում, այգին չորացել է։ Ասում է՝ պատճառը պոչանքներով աղտոտված գետն է։
«Մինչ օրս էլ երևում է 15-20 սմ հաստությամբ դեղնավուն շերտը, որը հող անվանել չի կարելի, չգիտեմ՝ ի՞նչ նստվածքներ են։ Բուսականություն համարյա չի աճում այդ հողամասում, դարձել է անպետք»,— բողոքում է Սիրադեղյանը:
2021-ին նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ախթալայի ԼՀԿ-ի և ՀՀ կառավարության՝ վնասի հատուցման պահանջով։ Սիրադեղյանի և մյուս բնակիչների նմանատիպ գործերը ընդգրկվել են մեկ վարույթում: Հայցվորները դժգոհում են, որ պոչամբարը վնաս է հասցնում շրջակա բնակավայրերին, դրանից արտահոսած հեղուկը խառնվում է խմելու և ոռոգման ջրերին։
Բնակիչները որպես ապացույց ներկայացրել են չեխական «Արնիկա» հասարակական կազմակերպության հետազոտության արդյունքները։ 2018-2021 թթ. կազմակերպությունը հայ գործընկերների հետ ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների հետազոտություն է իրականացրել Թումանյանի և Ստեփանավանի հանքարդյունաբերական տարածքներում:
Ախթալա քաղաքի և հարակից բնակավայրերի հողերում՝ Շամլուղի բաց հանքի և «Նահատակ» պոչամբարի մոտ, արձանագրվել է պղնձի, ցինկի, կապարի, քրոմի, մկնդեղի բարձր մակարդակ: Ճոճկան գյուղում՝ մասնավոր հողատարածքում, որը ոռոգվել է Դեբեդի ջրերով, նույնպես ծանր մետաղների բարձր մակարդակ է եղել: Ալավերդուց և Ճոճկանից վերցված հողի նմուշներում հայտնաբերվել է մկնդեղի անթույլատրելի բարձր մակարդակ։ Հետազոտության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է անհապաղ լուրջ գործողություններ ձեռնարկել։
Այդուհանդերձ, 2022-ին Լոռու մարզի դատարանը որոշել է վարույթը կարճել՝ համարելով, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության: Բնակիչները դիմել են Վերաքննիչ դատարան, որը ԼՀԿ-ի մասով բեկանել է ստորադաս ատյանի որոշումն ու գործը կրկին ուղարկել Լոռու մարզի դատարան (Կառավարության դեմ հայցապահանջի մասով գործի կարճումը մնացել է ուժի մեջ): Կոմբինատը միջնորդել է, որ դատարանը հայցային վաղեմություն կիրառի ու իր դեմ հայցը մերժի, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Դատավարությունը շարունակվում է:
Հայաստանում արդյունքի չհասնելու դեպքում հայցվորները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սամվել Սիրադեղյանն ասում է. «Դիմելու ենք Եվրոպական դատարան, քանի որ տնտեսական վնասը շատ մեծ է, բացի դրանից՝ մեր առողջությանն է վնաս տալիս»։
Պոչանքի արտահոսքը քրեական վարույթի առիթ է դարձել
«Նահատակ» պոչամբարի բացասական ազդեցությունը երբեմն զգում են հարևան Տավուշում․ Դեբեդն անցնում է նաև այս մարզի տարածքով։ Ալավերդիում գործող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը հիշում է, որ «Նահատակից» ամենամեծ արտահոսքը եղել է 2022-ին։
«Նոյեմբերյան համայնքի բնակիչները ահազանգել էին, որ Դեբեդի ջրերին պոչանքներ են խառնվել, և իրենք չեն կարողանում հողերը ոռոգել։ Որոշ այգիներ արդեն տուժել էին»,— պատմում է Դուլգարյանը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այդ ժամանակ հայտարարել էր, որ 2022-ի հուլիսի 27-ի գիշերը վթար է տեղի ունեցել «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում, ինչի հետևանքով պոչանքն արտահոսել է Դեբեդ: Ըստ տեսչական մարմնի՝ հաջորդ օրը վթարը վերացվել էր: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՏՄ-ն հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ հարուցվել էր վարչական վարույթ, բայց հետո նյութերը ուղարկվել են Քննչական կոմիտե:
ՔԿ-ից տեղեկացանք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ջրերն աղտոտելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 375 հոդված): Նախաքննությունը շարունակվում է, և որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։
Ըստ գյուղացիների՝ պոչամբարը վնաս է հասցնում գյուղատնտեսությանն ու իրենց առողջությանը
Պոչամբարին մոտ ապրող գյուղացիներն ասում են, որ դժվարանում են իրենց մթերքը վաճառել։
«Եթե գնորդն իմանում է, որ բերքը Դեբեդի ջրերով է ոռոգված, հրաժարվում է»,— պատմում է ճոճկանցի Սամվել Սիրադեղյանը։
Բնակիչների համար մեկ այլ գլխացավանք է անասուններին արածեցնելու հարցը։ Պոչամբարի տարածքում կան նախազգուշացնող նշաններ, բայց որոշ հատվածներ ցանկապատված չեն։ Տեղեր էլ կան՝ կենդանիները ցանկապատը շրջանցում ու առանց խոչընդոտի մոտենում են «Նահատակին»։
«10 տարի ընդանրապես ցանկապատ չի եղել։ 2-3 տարի է, որ տեղադրվել է, այն էլ՝ ՀԿ-ների և տեղացիների պայքարի արդյունքում։ Մի երկու տարի առաջ Ճոճկան գյուղի բնակչի ոչխարները պոչամբարից ջուր էին խմել և սատկել, բայց փոխահատուցում չեղավ։ ԼՀԿ-ն ասաց՝ ուղարկեն փորձաքննության, որ համոզվեն՝ դրանից է»,— պատմում է Օլեգ Դուլգարյանը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը նշում է, որ պոչամբարն ի սկզբանե պետք է ցանկապատվեր.
«Ցանկապատումը պարտադիր պահանջ է։ Պոչամբարը պետք է առանձնացված լինի հանրամատչելի տարածքից, այսինքն՝ մարդը կամ կենդանին չպետք է մոտենան այդ տարածքին»:
Ախթալայի ԼՀԿ-ի գլխավոր ճարտարագետ Դավիթ Աբգարյանը նկատում է՝ իրենք արգելում են, բայց հաճախ մարդիկ հատուկ են անասուններին մոտեցնում պոչամբարին, ըստ Աբգարյանի՝ երևի կանաչն այդ տարածքում լավն է։
Մեծ Այրումի բնակիչները դժգոհում են նաև «Նահատակից» տարածվող տհաճ հոտից։
«Երեխաների մոտ ալերգիկ դրսևորումներ կան։ Ըստ գյուղի բնակիչների՝ երբ դիմել են բժիշկներին, նրանք դա պայմանավորել են պոչամբարին մոտ ապրելով, բայց առանց որևէ հիմնավորման»,— նշում է Օլեգ Դուլգարյանը:
Մեծ Այրում մեր այցի ժամանակ նկատեցինք, որ բնակիչներից մի քանիսի մաշկի վրա արտահայտված կարմրածություն և բշտիկներ կան։ 2 տարեկան Մհերի ձեռքերին պարբերաբար կարմիր ցան է առաջանում։ Մոր կարծիքով՝ դա պոչամբարի ազդեցությունն է։ Նրանց տնից պոչամբարը հեռու է ընդամենը 170 մետր, պատշգամբից պարզ երևում է։
«Երբ երեխային այստեղից հանում եմ, ցանն անցնում է։ Հենց վերադառնում ենք, նորից երեխայի երեսը կարմրում է։ Մտածում էի՝ քաղցրից է, համարյա երկու ամիս քաղցր չտվի, բայց էլի չօգնեց»,— պատմում է Մհերի մայրը։
«Արնիկա» կազմակերպության հետազոտությամբ պարզվել էր, որ Ալավերդիում, Փոքր Այրումում և Շամլուղում բնակվող 4, 10, 13 տարեկան տղաների մեզի նմուշներում հայտնաբերված մկնդեղի մակարդակը գերազանցում է Չեխիայի արդյունաբերական ոլորտում աշխատողների առողջության պահպանման համար անհրաժեշտ սահմանաչափը։
«Եվրոպական երկրներում կան չափանիշներ։ Եթե, օրինակ, հանքափորի համար սահմանված չափանիշը խախտվում է, ուրեմն, վիճակը կրիտիկական է։ Մեր երեխաների մոտ «Արնիկա» կազմակերպության արձանագրած արդյունքները մի քանի անգամ գերազանցում են այդ չափանիշները»,— ասում է Օլեգ Դուլգարյանը։
Նրա ղեկավարած «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն համագործակցել է չեխական կողմի հետ:
«Նահատակի» ռեկուլտիվացիան՝ մեծ ոդիսական
2019-ի մարտին Ախթալայի ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանը «Հետքին» հայտնել էր, որ պոչերի չորացման ու խտացման արտադրամասի գործարկումից հետո մեկ տարվա ընթացքում ռեկուլտիվացնելու են «Նահատակ» պոչամբարը: Մի քանի ամիս անց՝ հոկտեմբերին, նշել էր, թե նոր արտադրամասը կարողանում է չորացնել և խտացնել օրվա մեջ առաջացող պոչերի 80 տոկոսը, դրանք բեռնատարներով տեղափոխում են Շամլուղ, լցնում հանքի հին փորվածքների մեջ ու ծածկում հողով: Հանքաքարի մշակումից առաջացած պոչանքի 20 տոկոսը ԼՀԿ-ն լցնում էր «Նահատակ»:
«Կա՛մ պետք է լեռնահարստացման կոմբինատը ընդհանրապես փակվի, որ պոչանքը չգնա «Նահատակ» պոչամբար, կա՛մ պետք է մտածենք նոր պոչամբարի մասին»,— «Հետքին» ասել էր Ս. Խաչատրյանը՝ հավելելով, թե պոչամբարի պատվարը դեռ 1 մետրով բարձրացնելու տեղ ունեն, իսկ այն ռեկուլտիվացնել կարող են 2 տարուց:
Ի վերջո, 2020-ին կոմբինատը «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման հայտ էր ներկայացրել ու 2021-ի հուլիսին ստացել փորձաքննական դրական եզրակացություն։ Ըստ ԼՀԿ-ի նախագծի՝ ռեկուլտիվացիան պետք է տևեր 2 տարի և 4 ամիս ու, համաձայն օրենքի, պետք է սկսվեր դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2022-ի հուլիս, և ավարտվեր ամենաուշը 2024-ի աշնանը: Բայց ԼՀԿ-ն գործընթացն սկսել է 2023-ի գարնանը, իսկ ավարտի մասին խոսելը դեռ շատ վաղ է։
Ռեկուլտիվացիան արվելու է 2 փուլով՝ տեխնիկական և կենսաբանական: Առաջին կամ տեխնիկական փուլում նախատեսվում է հարթեցնել պոչամբարի մակերեսն ու վրան հատուկ թաղանթ՝ գեոմեմբրան փռել, որպեսզի պոչանքներն ու թաղանթի վրա տեղադրվող ապարային շերտն իրարից անջատ լինեն: Ապարային շերտը պետք է լինի 30 սմ, դրա վրա կենսաբանական փուլում փռվելու է 20 սմ հողի բերրի շերտ, հետո խոտաբույսեր են ցանվելու:
«Առաջին փուլի համար նախատեսված է երկու տեղամաս ռեկուլտիվացնել,— նշում է կոմբինատի գլխավոր ճարտարագետ Դավիթ Աբգարյանը,— առաջին տեղամասի աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Երկրորդ տեղամասի ավարտված հատվածն ավելի քան 2 հեկտար է։ Աշխատանքները շարունակվում են»։
Օլեգ Դուլգարյանը կատարված աշխատանքներն անբավարար է գնահատում։
«Ինչ-որ աշխատանք իրականացվել է, փակվել է ընդհանուր պոչամբարի մակերեսի գուցե 20 տոկոսը։ Բայց աշխատանք, որը վերջնական ռեկուլտիվացիայի է տանում, դրա ականատեսը չենք եղել»,— նշում է Դուլգարյանը։
ԼՀԿ-ի գլխավոր ճարտարագետը ռեկուլտիվացման աշխատանքների դանդաղումը բացատրում է այսպես.
«Բնակլիմայական պայմանների պատճառով որոշակի խնդիրներ են առաջանում, որոնք խանգարում են աշխատանքներին։ Նախագծում հստակ նշված է, որ երկրորդ փուլի տեղամասում աշխատանքները պետք է սկսել տարածքի բնական չորացումից հետո․ այնտեղ ծանր տեխնիկա է աշխատելու»։
Այնինչ նույնիսկ ռեկուլտիվացիայի առաջին փուլը չի ավարտվել, պոչամբարի տարածքի բնական չորացումն էլ ձգձգվում է: Ռեկուլտիվացմանը զուգահեռ պետք է ապամոնտաժվեն պոչատարի 2 գծերը, բայց մայիսի 3-ին մեր նկարահանումների ժամանակ խողովակներն առկա էին, իսկ տեղացիներից ստացել ենք տեսանյութ, որտեղ երևում է, որ մայիսի 24-ին նոր պոչանք է լցվում «Նահատակ»:
Դավիթ Աբգարյանը, սակայն, վստահեցնում է, որ պոչամբարը չի շահագործվում, իսկ խողովակներից թափվողը ոչ թե պոչանք է, այլ պոչատարում մնացած նստվածքային ջուր.
«Ինքը (պոչամբարը - հեղ.) ընդհանրապես չի շահագործվում։ Արտադրական պրոցեսում հնարավոր է ինչ-որ խնդիր առաջանա, դա կտևի 10-15 րոպե, մինչև կողմնորոշվի հերթափոխը, կարողանա կազմակերպել»։
Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը նկատում է, որ եթե պոչամբարը տևական ժամանակ չպիտի շահագործվեր, բայց հիմա այնտեղ պոչանք է լցվում, դա հնարավոր է ապացուցել ստուգմամբ, պարզապես ստուգման համար հիմքեր են պետք։
Ռեկուլտիվացման աշխատանքների վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Վերջին անգամ, սակայն, Ախթալայի ԼՀԿ-ում պլանային ստուգումներ եղել են 2018 թ., և արձանագրվել են մի շարք խախտումներ։ Այս տարի էլ կոմբինատում ստուգումներ չեն նախատեսվում։
«Կան շուրջ 5000 տնտեսվարող սուբյեկտներ, որտեղ տեսչական մարմինը պետք է ստուգում իրականացնի։ Դրանցից 1000-ը բարձր ռիսկայնության են, և ՏՄ-ն չի կարող ամեն տարի այդ 1000-ում, նաև մյուսներում ստուգումներ իրականացնել»,— ասում է տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը։
Բայց նաև նշում է, որ տեղի բնակիչները կարող են հիմնավորված դիմում ներկայացնել ՏՄ-ին և ստուգում պահանջել։
«Նահատակի» մոտ ապրող մարդիկ տեսչական մարմնին նման դիմում չեն ներկայացրել՝ տեղյակ չեն եղել, որ այդպիսի հնարավորություն կա։
Որքան աջակցություն է տրամադրում ԼՀԿ-ն համայնքին
«Ընդերքի մասին» օրենսգիրքը սահմանում է, որ հանքարդյունաբերողը ընդերքօգտագործման պայմանագրով պարտավոր է ներդրում ունենալ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ: Ախթալայի ԼՀԿ-ի պայմանագրում, որը կնքվել է 2012-ին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ, նման կետ չկա: Այդուհանդերձ, թե՛ բնակիչները, թե՛ կոմբինատի գլխավոր ճարտարագետը նշում են, որ ամեն տարի ԼՀԿ-ն գումար է հատկացնում համայնքին: Նախկինում դա Ախթալա համայնքն էր, այսօր՝ Ալավերդին, որի կազմում 2022-ից ներառվել է նաև Ախթալան:
Կոմբինատի հաշվետվության համաձայն՝ 2017-ին Ախթալա համայնքին 500․000 դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել, իսկ 2018-ին կնքվել է պայմանագիր, որի հիման վրա նույն տարում համայնքին տրվել է 45 մլն դրամ, 2019-ին ու 2020-ին՝ 60-ական, իսկ 2021-ին՝ 80 մլն դրամ:
Ալավերդու համայնքապետարանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, չպատասխանեց մեր հարցին, թե այսօր որքան գումար է կոմբինատը փոխանցում համայնքին, և համայնքապետարանն ինչպես է այն տնօրինում:
Սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումներից բացի՝ հանքարդյունաբերողը այլ գումարներ ևս ուղղվում է համայնքին, ավելի կոնկրետ՝ դրա կազմում ներառված ազդակիր բնակավայրերին։
«Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն՝ հանքարդյունաբերողի վճարած բնօգտագործման վճարի՝ ռոյալթիի 1 տոկոսը հավասարաչափ բաշխվում է ազդակիր բնակավայրերի միջև: Ռոյալթիից ևս 1 տոկոս հավասարաչափ բաշխվում է ՀՀ մյուս բոլոր այն համայնքների միջև, որոնց կազմում կան ազդակիր բնակավայրեր:
Ազդակիր բնակավայրը համայնքի այն բնակավայրն է, որը հարակից է ռոյալթի վճարող կազմակերպությանը լեռնահատկացման ակտով հատկացված տարածքին:
Ճոճկանն ազդակիր է, Մեծ Այրումը՝ ոչ
Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Ըստ այդ ցանկի՝ Ախթալայի ԼՀԿ-ի ազդակիր բնակավայրերն են Ալավերդի համայնքի Շամլուղ քաղաքն ու Ճոճկան գյուղը: Եթե Շամլուղում պղնձի հանքն է, ապա Ճոճկանը, ինչպես և Մեծ Այրումը, կից են «Նահատակ» պոչամբարին: Թե ինչ որոշմամբ ու տրամաբանությամբ է Մեծ Այրումը դուրս մնացել ազդակիր բնակավայրերի շարքից, այդպես էլ չկարողացանք պարզել․ ո՛չ ՏԿԵՆ-ը, ո՛չ էլ Ալավերդու համայնքապետարանը հասկանալի բացատրություն չտվեցին։
Այսպիսով՝ կոմբինատի ռոյալթիից հատկացումներ է ստանում «Նահատակի» մի ափին գտնվող Ճոճկանը, իսկ Մեծ Այրումը, որի տները պոչամբարից հեռու են հազիվ 20-30 մետր, ազդակիր չի համարվում: Երկու գյուղերն էլ, սակայն, նույն գարշահոտն են հերթով շնչում՝ նայած, թե քամին որ կողմից է փչում:
Կոմբինատի գլխավոր ճարտարագետը հուսով է, որ ռեկուլտիվացիան ամբողջությամբ կավարտեն 2026-ին, բայց աշխատանքների այսօրվա ընթացքը հուշում է, որ այդ ժամկետն էլ է խախտվելու․ կոմբինատը չի շտապում կատարել իր պարտավորությունները, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն 6 տարի պլանային ստուգում չի իրականացնում ԼՀԿ-ում, Ալավերդու համայնքապետարանը հանքարդյունաբերողից ստացած գումարը տնօրինում է առանց թափանցիկ հաշվետվողականության, իսկ բնակիչները շարունակում են անարդյունք դժգոհել։
Սույն նյութը իրականացվել է «Ուսանողական լրագրողական հետաքննություններ» ծրագրի շրջանակում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն նյութի մեջ արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Էմմա
Վարդանյան
Ուսանողներ
Մարիա
Խաչատրյան
Ուսանողներ
Անժելա
Աղամյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահե
Սարուխանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան