dzularan
ՏեքստՄարտ 14/2025

Արցախի 23/8. կյանքը ձուլարանի վրա

Քաղաքում տեսած կլինեք «Երևան» գրությամբ նստարանները, նույն ոճի աղբամանները, փողոցները լուսավորող լապտերները՝ թուջե ձողերի վրա․ դրանք արտադրվում են «Նիկոլ Դուման» ձուլարանում` Երևանում, Արցախի 23/8 շենքում։

Այդ շենք մուտք գործելուց մի քանի րոպե հետո կոկորդում ծանրանում է երկաթի ծանր հոտը, մինչդեռ մարդիկ այս շենքում բնակվում են շուրջ 30 տարի։ Հալեցված թուջի և ներկերի վտանգավոր հոտից բացի, նրանց առողջությանը սպառնում է նաև առավոտյան 7-ից երեկոյան 6-ը լսվող աղմուկը։

zoom

«Նիկոլ Դումանը» զբաղվում է մետաղի ձուլմամբ և մշակմամբ։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» շինարարական նորմերի՝ թուջի ձուլմամբ մետաղամշակման արտադրությունների համար բնակելի տարածքներից նվազագույն հեռավորությունը պետք է լինի 100 մետր, մինչդեռ ձուլարանն արդեն 30 տարի աշխատում է բնակելի շենքի առաջին հարկում։ Քաղաքաշինության կոմիտեն մեր հարցման պատասխանում նշեց՝ բնակելի շենքի առաջին հարկում նմանատիպ արտադրական օբյեկտի տեղակայումը համարվում է անթույլատրելի։

Բնակիչների և տնօրենի միջև այս 30 տարիների ընթացքում եղել են հարաբերությունները պարզելու տարբեր փուլեր՝ ցույցեր, վիճաբանություններ, դատական գործեր։ Հիմա համեմատաբար հանգիստ էտապ է։ Ձուլարանի տնօրենն ու բնակիչները գտել են լուծման նախընտրելի տարբերակ՝ տեղափոխում. ձուլարանի տնօրենը՝ իր վերևի բնակիչների, բնակիչները՝ իրենց ներքևի ձուլարանի։ Այնուամենայնիվ, չնայած ձուլարանի աշխատանքը համատեղելի չէ բնակիչների առողջության հետ, վերջիններս գրավոր և բանավոր բողոքներ չեն ներկայացնում պետական մարմիններին և դժգոհում են միայն այն ժամանակ, երբ շենք են այցելում տարբեր պաշտոնյաներ կամ լրագրողներ։

Վերջին՝ 2023-ի բողոքից անցել է մեկուկես տարի, բայց որևէ քայլ չի ձեռնարկվել՝ բնակելի շենքի առաջին հարկում գործող և բնակիչների առողջությանը վնասող մետաղաձուլարանը տեղափոխելու ուղղությամբ։ Չնայած ՄԻՊ գրասենյակից են այցելել, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից են ստուգել, դատարան հայցեր են ներկայացվել, բայց ձուլարանի գործունեությունն անխոչընդոտ շարունակվում է. պետությունը և քաղաքային իշխանությունը լուռ դիտորդի դերում են։

Անարդյունք շրջապտույտ

«Նիկոլ Դուման» մետաղաձուլարանը թուջ և ալյումին է հալեցնում և արտադրում է տարատեսակ մետաղական իրեր։ Ձուլարանի վերևում՝ երկրորդ հարկում բնակվողներից շատերը խնդիրներ ունեն շնչուղիների հետ։ Արամայիս Հարությունյանը 3 ամիս առաջ է վիրահատվել. հեռացրել են կոկորդի կիստան։ Իսկ 1 տարի առաջ նրա թոռը բրոնխների խնդրով է հայտնվել հիվանդանոցում։

zoom

2023-ին խնդրին ծանոթանալու համար Արցախի 23/8 շենք է այցելել Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Իր տեսածն ու լսածը նա փոխանցել է Մարդու իրավունքների պաշտպանին, ներկայացրել Ոստիկանություն։

Երևանի ավագանու 2023-ի նոյեմբերի 21-ի նիստում ձուլարանի և բնակելի շենքի անհամատեղելիությունից խոսել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հանձնարարել է ձուլարանի տնօրենի հետ խնդրի լուծման տարբերակներ գտնել։

Տարածք է այցելել նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։ Ձուլարանի սեփականատեր Կառլեն Գևորգյանի և շենքի 2 բնակչի հետ հանդիպումից հետո նա գրավոր դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և ստացել պատասխան՝ օդն աղտոտված չէ։


Սա նույնպես արժի կարդալ


Հաջորդիվ այցելել են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանը հայտարարություն է տարածել և դիմում ուղարկել նույն տեսչական մարմնին։ Այս անգամ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ՄԻՊ-ին պատասխանել են, որ ձուլարանի՝ 2019, 2020, 2022 և 2023 թվականների գործունեությունն իրականացվել է նորմատիվային թույլատրելի արտանետումների գերազանցումներով։ Ապա տեսչական մարմնում վարույթ է նախաձեռնվել, և «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի տնօրեն Կառլեն Գևորգյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել։

2023-ի տարեկան հաղորդման մեջ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարել, որ 2019-ից արտադրական կոոպերատիվը խախտումներով է աշխատել, ու դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։ Պետությանը կոչ է արել ավելի հետևողական լինել ձեռնարկատիրական գործունեության հետևանքով բնակչության իրավունքների պաշտպանության հարցում։

Գործընթացն այստեղ կանգ է առել։

«Իկարուս»-ի նախկին պարկն ու ներկա խնդիրները

Տնօրեն Կառլեն Գևորգյանի պնդմամբ` իր ձուլարանի տեղում նախկինում եղել է «Իկարուս» ավտոբուսների պարկի ձուլարանը։ Այնտեղ ձուլվել է մետաղ՝ ավտոբուսի տարբեր պահեստամասեր արտադրելու համար: Տնօրենի խոսքով՝ «Նիկոլ Դուման» ձուլարանը նույն տարածքում սկսել է գործել 1996-ից՝ վարձակալական հիմունքով։ 1999-ին՝ «Իկարուսի» գրասենյակի՝ «Երևանի թիվ 1 ՈՒԱԶ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո, տեղի է ունեցել տարածքի առաջին աճուրդը։ Այդ տարի Կառլեն Գևորգյանը գնել է շենքի առաջին հարկը, իսկ 2000-ին՝ շենքի ձախակողմյան երկրորդ և երրորդ հարկերը, որոնք այժմ որպես պահեստ են օգտագործվում։

zoom
«Նիկոլ Դուման» ձուլարանի տնօրեն Կառլեն Գևորգյանը

Կառլեն Գևորգյանն ասում է՝ իր գնած տարածքն ի սկզբանե պայմանագրում ձևակերպված է եղել որպես արտադրական նշանակության օբյեկտ.

«Էդ տարածքը, որտեղ ձուլարանն է, ժամանակին մի մեծ արտադրական կորպուս էր։ Դրա մեջ իկարուսներն են վերանորոգել։ Շենքի մի ծայրում էլ եղել է ձուլարանը։ Հին աշխատողներին հարցրեք՝ էստեղ եղե՞լ է ձուլարան, թե՞ չէ։ Ես որ առել եմ, ինձ մոտ մինչև հիմա նույն տեղում նույն վառարանն է, որը գնել եմ պարկից»։

Ձուլարանի տնօրենի խոսքով՝ շենքը 2000 թվականից հետո է բնակեցվել:

Բնակիչները այլ բան են պատմում։ Ասում են՝ խորհրդային տարիներին շենքում գործել է «Իկարուս» ավտոբուսների գրասենյակը, իսկ ձուլարանի տեղում՝ տոմսարկղերը։ «Երևանի թիվ 1 ՈՒԱԶ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո աշխատողների մի մասը դարձել են շենքի բնակիչներ։

«Պարկի տնօրենը լավագույն աշխատակիցներին որպես նվիրատվություն է տվել շենքի աշխատասենյակները, հետո բնակիչները դրանք վերանորոգել են, դարձրել են բնակելի տներ»,— ասում է շենքի բնակիչ Արամայիս Հարությունյանը։

zoom
Արցախի 23/8 շենքի բնակիչ Արամայիս Հարությունյանը

Առաջին բնակիչներից այսօր քչերն են ապրում շենքում․ առանց օրինական հիմքի տարածք զբաղեցնողները լքել են շենքը։ Այժմ շենքում 18 ընտանիք է բնակվում։

zoom

Աննայի (անունը փոխված է) ամուսինը աշխատել է «Իկարուսի» հավաքակայանում։ Ասում է՝ իր ընտանիքը 1995-ից է բնակվում շենքում, երբ «Նիկոլ Դուման» ձուլարանը դեռ չէր գործում։ Աննայի պատմելով՝ բնակիչների մի մասը Երևանի քաղաքապետարանի պահանջով 2000-ականների սկզբին լքել է շենքը։ Ազատված բնակարանները քաղաքային իշխանությունը որպես նվիրատվություն հատկացրել է այլ քաղաքացիների՝ տրամադրելով նաև գույքը սեփականաշնորհելու օրդեր։ Արամայիս Հարությունյանն ու Ֆելիքս Մուրադյանը 2001-2003թթ. ստացել են իրենց օրդերները, իսկ 2011-ին՝ սեփականության վկայականները։ Ասում են՝ իրենք այս շենքի օրինական բնակիչներ են։

zoom

«Մինչև 2011-ը էսպես է եղել. մի 10.000 դոլար կտաս, կսեփականացնես։ Մենք էլ պրինցիպիալ չենք սեփականացրել։ Որտեղի՞ց մեզ 10.000 դոլար։ Հետո, Սերժ Սարգսյանի ժամանակ որոշում ընդունվեց, որ էս տեսակի բնակելի տարածքները պիտի անպայման սեփականացվեն։ Էդ ժամանակ 50-100 դոլար պետական մուծում արեցինք ու վկայականը ստացանք»,— պատմում է Ֆելիքս Մուրադյանը։

«Նիկոլ Դումանի» տնօրեն Կառլեն Գևորգյանն էլ ասում է՝ ինքը որևէ թշնամանք չունի բնակիչների նկատմամբ, խնդիրը քաղաքային իշխանության անփութությունն է։

«Որ էս մարդկանց սեփականության վկայական եք տալիս, չե՞ք ասում՝ արտադրական տարածքի երկրորդ հարկում բնակվել կլինի՞, ո՞ր օրենքով եք թույլտվություն տալիս։ Դե, հիմա տվել-պրծել են։ Համ ինձ են կրակը գցել, համ էս ժողովրդին»,– բողոքում է Գևորգյանը։

Համատեղելի՞ են, թե՞ ոչ

Համատեղելի՞ են ձուլարանն ու բնակելի դարձած շենքը․ այս հարցի պատասխանը ստանալու համար, գրավոր դիմեցինք Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմիններին, Շրջակա միջավայրի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, վարչապետի աշխատակազմ, վարչապետին։

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին ուղղեցինք հետևյալ հարցերը․ ե՞րբ է «Նիկոլ Դուման» ընկերությունը դադարել լինել կապալառու կազմակերպություն Երևանի քաղաքապետարանի համար, ո՞րն է եղել վերջին գնումը, որքա՞ն գումար է ծախսվել դրա համար։ Քաղաքապետարանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետարանի և «Նիկոլ Դումանի» միջև վերջին պայմանագրերը կնքվել են 2020-ի դեկտեմբերի 29-ին և 2021-ի ապրիլի 6-ին։ Ձեռք են բերվել 32 աղբաման՝ 4.420.800 դրամով, և 610 թուջե արգելափակոց՝ 47.916.000 դրամով։

Կառլեն Գևորգյանը ճշտեց՝ դա արգելափակոցների պայմանագրի ընդհանուր արժեքն է։ Իր ձուլարանը շահել է 400 բարակ արգելափակոցի տեղադրման մրցույթը և ստացել է 24.816.000 դրամ։

zoom

Մեր հարցմամբ խնդրում էինք նաև ներկայացնել, թե քաղաքապետարանը ինչ լուծումներ է առաջարկել, քննարկվե՞լ է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի գործունեության հասցեի փոփոխման հարցը կամ քաղաքապետարանը հարցը լուծված համարո՞ւմ է։ Հարցմանը պատասխանելու փոխարեն քաղաքապետարանն այն վերահասցեագրեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին, որը նշեց, որ ձուլարանի վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղեկություն առկա չէ։

Մենք հանդիպեցինք վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին։ Նա ասաց՝ թեպետ հանդիպել ու խոսել է ձուլարանի տնօրենի և բնակիչների հետ, բայց գործողություններ ձեռնարկելու մասով վարչական շրջանը իրավասություն չունի։

Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված հարցումով ցանկանում էինք իմանալ՝ ձուլարանին ՇՄԱԳ թույլտվություն տրվե՞լ է, թե՞ ոչ։ Պատասխանեցին․

««Նիկոլ Դուման» ՍՊԸ-ին պատկանող՝ Արցախի 23/8 հասցեում գտնվող բնակելի շենքի տարածքում գործող ձուլարանի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղեկատվություն առկա չէ»։

Մեր հարցին, թե քանի՞ անգամ է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այցելել և մոնիթորինգ իրականացրել Արցախի 23/8 շենքում, պատասխանեցին, որ բնակիչներից բողոք չեն ստացել, դրա համար ստուգումներ չեն իրականացրել։

Վարչապետին ուղղված հարցմամբ ուզում էինք իմանալ, թե ՄԻՊ հաղորդումից հետո կառավարությունը և վարչապետի աշխատակազմն ինչ քայլեր են ձեռնարկել խնդրի կարգավորման համար․ հարցումը վերահասցեագրվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որտեղից հայտնեցին, որ հավելյալ ստուգում կիրականացնեն և պատասխանի մասին տեղյակ կպահեն։ 2024-ի դեկտեմբերի 12-ին պատասխանեցին, որ օդի նմուշառում են իրականացրել և պարզել, որ վնասակար նյութերի արտանետումները չեն գերազանցել թույլատրելի չափաքանակները։

Հասկանալու համար՝ բազմաբնակարան շենքը համատեղելի է առաջին հարկում գործող ձուլարանի հետ, թե ոչ՝ հարցում ուղարկեցինք վարչապետի աշխատակազմ։ Այս հարցումն էլ վերահասցեագրվեց Քաղաքաշինության կոմիտե։ Կոմիտեից ստացանք պատասխան, որտեղ 3 անգամ նշվում է, որ բնակելի շենքը համատեղելի չէ ձուլարանի հետ։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի՝ «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» շինարարական նորմերի՝ արտադրական օբյեկտների համար սանիտարապաշտպանական գոտու չափը պետք է կազմի 50-1000 մետր՝ ըստ արտադրության ծավալների։ Այդ նույն շինարարական նորմերում թուջի մինչև 10.000 տոննա/տարի քանակով ձուլմամբ մետաղամշակման (նյութերով և տաշող սարքերով արդեն սառած ձուլվածքը տեսքի բերելը, ներկեր և լաքեր օգտագործելը) արդյունաբերության արտադրության դեպքում սահմանված է բնակելի տարածքներից 100 մետր հեռավորություն։

«Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի տնօրեն Կառլեն Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր վառարանը 160 կգ տարողություն ունի և 2 ժամը մեկ տալիս է նույնչափ ձուլված թուջ։ Գործարանը տարեկան 100-200 տոննա թուջե և 5-10 տոննա ալյումինե արտադրանք է տալիս։ Վերջինս ասաց նաև՝ իրենք, ձուլելուց բացի, լաքապատում և անհաժեշտության դեպքում տաշում-տեսքի են բերում պատրաստի ձուլվածքը։

zoom
zoom

Լուծում կա՞

«Նիկոլ Դուման» ձուլարանը սեփականատիրոջ և բնակիչների համար դարձել է խնդիր, որի լուծումը պատկան մարմինները չեն կարողանում գտնել։

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացանք, որ կառավարության 2011-ի դեկտեմբերի 29-ի որոշմամբ՝ «սակավահարկ բնակելի կառուցապատման գոտում թույլատրելի են փոքրածավալ արտադրական ձեռնարկությունները, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, փոշու, վնասակար արտանետումների հետ (մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով), իսկ բազմահարկ բնակելի կառուցապատման գոտում դրանք ընդհանրապես չեն նախատեսվում»։ «Նիկոլ Դուման»-ի պայմանագրային տարածքը 1000 քառակուսի մետրից մեծ է։

Բնակիչների պատկերացմամբ՝ միակ լուծումը շենքի առաջին հարկից ձուլարանը տեղափոխելն է։

Լուծման այս տարբերակին դեմ չէ նաև ձուլարանի տնօրեն Կառլեն Գևորգյանը, բայց պայմանով, որ նոր տարածքն ապահովված լինի հոսանքով, ջրով և ձուլման համար անհրաժեշտ այլ հարմարություններով։ Գևորգյանը մեկ տարբերակ ևս ունի․

«Եթե շուկայական արժեքով իրենք էդ բնակարանները վաճառեն, ես մի մասը կառնեմ։ Եթե հնարավոր է՝ վարկով, եթե չէ՝ ֆինանսական միջոցներ կգտնեմ։ Առնեմ, իրենք էլ հանգստանան, ես էլ»։

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանից տեղեկացանք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է միայն վարչական պատասխանատվություն՝ տեխնիկական, սանիտարահիգիենիկ խնդիրների և աղմուկի թույլատրելի չափը գերազանցվելու դեպքում։

Այսպիսով՝ երկու կողմերի համար էլ նախընտրելի լուծումը տեղափոխումն է. թե ով կտեղափոխվի, ընտրությունը պիտի կատարեն պատկան մարմինները, կամ էլ պիտի կողմերին գոհացնող իրենց լուծումն առաջարկեն։ Բայց ո՛չ առաջինն են անում, ո՛չ երկրորդը։ Իսկ Արցախի 23/8 հասցեում շարունակվում է կյանքը՝ ձուլարանի վրա։


Սա նույնպես արժի կարդալ

zoom

Հեղինակ՝

Ուսանողներ

Սեդա

Կյուրեղյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան