russians_ressetling_in_armenia
Long ReadՀունիս 16/2022
  • armenian
  • english

«Մենք այլևս չէինք զգում, որ մեր երկրում ենք». ինչու են ռուսաստանցիները վերաբնակվում Հայաստանում

Ռուս-ուկրաինական պատերազմից օրեր անց Երևանի փողոցներում ավելի հաճախ էին լսվում ռուսերեն խոսակցություններ, իսկ քաղաքի տարբեր հատվածներն ու սոցիալական ցանցերը կամաց-կամաց լցվում էին ռուսալեզու հայտարարություններով։

Signs2-2048x794.jpg

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի մոտ 150 հազար քաղաքացի է եկել Հայաստան, ինչը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եկածների թիվը։

Ռուսներ-1.png

«Մենք այլևս չէինք զգում, որ մեր երկրում ենք ապրում», «Հարազատներ և ընկերներ ունենք Ուկրաինայում, ամաչում էինք», «Չուզեցինք մնալ ատելության, ագրեսիայի և վախի փուչիկի մեջ, որը ճնշում էր բոլոր կողմերից», «Աշխատանքը կորցրինք, քանի որ գործատու ընկերությունն այլևս չէր ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ», «Բողոքի ակցիաների ժամանակ և սոցիալական ցանցերում հակապատերազմական հայտարարությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախություն ունեինք». սրանք մի քանիսն են այն պատճառներից, որոնք ստիպել են ռուսաստանցիներին հեռանալ երկրից և տեղափոխվել Հայաստան։

Պատերազմը բացասաբար է ազդել ինչպես թեժ մարտական գործողությունների գոտում ապրող մարդկանց, այնպես էլ նրանց վրա, որոնք մի շարք պատճառներով ստիպված են եղել լքել իրենց տունը և նոր բնակավայր փնտրել։ Մենք հարցում ենք իրականացրել Հայաստանում վերաբնակություն հաստատած 300 ռուսաստանցու շրջանում՝ հասկանալու Ռուսաստանից հեռանալու և Հայաստան գալու նրանց հիմնական շարժառիթը։Ռուսներ-1.png


Ովքեր և ինչու են հեռանում Ռուսաստանից

Վիկտորյան Կազանից է, վախենում էր, որ ամուսնուն կարող է զորակոչեին բանակ. «Զորակոչային տարիքում չէ, բայց մինչև 55 տարեկանը հնարավոր է, որ կանչեն»,- ասում է նա։ Նրանք ընտանիքով Երևան են տեղափոխվել ապրիլի սկզբին։ Վիկտորյան մասնագիտությամբ ֆինանսիստ է, կորցրել է նախկին աշխատանքը, բայց արդեն հասցրել է գտնել նորը։

«Ես պատերազմների ժամանակ զորակոչվելու պիտանի եմ, վախեցա, որ ՆԱՏՕ-ի հետ կռիվ կսկսվի»,- ասում է 33-ամյա Ալեքսեյը, որը Սանկտ Պետերբուրգից ընկերների հետ Հայաստան է եկել մարտի սկզբին։ Ալեքսեյն աշխատում է ՏՏ ոլորտում և առաջիկա կես տարին պատրաստվում է անցկացնել Հայաստանում։ Այստեղից նա հեռավար է աշխատում։

Հարցվածների 40%-ը նշել է, որ գնացել է Ռուսաստանից՝ իրենց կամ ընտանիքի անդամի զորակոչային տարիքում գտնվելու պատճառով։

Հարցման մասնակիցների մեծ մասը Ռուսաստանի` 22-39 տարեկան քաղաքացիներ են, որոնք մասնագիտացած են ՏՏ ոլորտում։

ոլորտ-տարիք-2.png

Մարգարիտան Տյումենից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ Նա ՏՏ ոլորտում էր աշխատում, սակայն վերջին իրադարձություններից հետո կորցրել է աշխատանքը։ «Եթե ամուսինս՝ մեր տան հիմնական գումար վաստակողը, կորցնի աշխատանքը, մենք չենք կարողանա հիփոթեքն ու վարկերը վճարել։ Շատ դժվար կլինի հարմարավետ կյանք ապահովել ընտանիքի համար»,- անհանգստանում է Մարգարիտան։

300 հարցվածներից 100-ը նշել է, որ տեխնիկական ծառայությունների զանգվածային արգելափակման պատճառով դժվարություններ են առաջացել աշխատանքում, ինչի հետևանքով էլ տեղափոխվել է այլ երկիր։ Նրանց 10%-ը կորցրել էր աշխատանքը և հարցման պահին նոր գործ չէր գտել։

պատճառներ.png

Լրագրող Մարիայի պատմությունը փաստում է Ռուսաստանում գրաքննության սաստկացումն ու խոսքի ազատության սահմանափակումները։ «Ես աշխատում էի որպես լրագրող։ Դատախազությունը հայտարարեց, որ այն լրատվամիջոցի հրապարակումներում, որտեղ ես աշխատում եմ, առկա են ծայրահեղական կոչեր, «կեղծ» տեղեկատվություն պատերազմի մասին, իշխանությունը տապալելու կոչեր և այլն։ Սա սուտ է, բայց աշխատակիցները քրեական հետապնդման իրական ռիսկի տակ էին։ Դա էր իմ հեռանալու գլխավոր պատճառը»,- ասում է Մարիան։

Ռուսներ-2.png

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի՝ «հատուկ ռազմական գործողությունների» վերաբերյալ փետրվարի 24-ի հայտարարությունից հետո, «Ռոսկոմնադզորը» սկսեց հետևել անկախ ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին և ուղարկել նախազգուշացումներ այն մասին, որ դրանք հակասում են Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը։

Ավելի ուշ՝ մարտի 4-ին, ընդունվեց «ֆեյքերի մասին օրենքը»՝ սահմանելով քրեական պատասխանատվություն «Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների վերաբերյալ կանխամտածված սուտ տեղեկություն տարածելու, ինչպես նաև զինված ուժերը վարկաբեկող որևէ հրապարակման կամ գործողության համար»։ Արդյունքում փակվեցին մի շարք լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Դոժդ» հեռուստաալիքը, «Էխո Մոսկվին», ուսանողական «Դոխա» ամսագիրը և շատ ուրիշներ։

Հարցումը կազմելիս մենք ուսումնասիրում էինք Տելեգրամի մի քանի հայտնի ալիքներ և խմբեր, որտեղ քննարկվում էին Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներին միավորող տարբեր խնդիրներ և մտահոգություններ։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ սկսելու վերաբերյալ մտքերը բավականին հաճախ էին հանդիպում այդ խմբերում։ Հարցաթերթում ավելացրինք նաև «Ես հեռացել եմ Ռուսաստանից՝ վախենալով, որ քաղաքացիական պատերազմ կսկսվի»։

Հարցման ամեն երկրորդ մասնակիցը նշել է, որ լիովին կամ որոշ չափով համաձայն է նշված պնդման հետ։ «Չուզեցի մնալ ատելության, ագրեսիայի և վախի փուչիկի մեջ, որը ճնշում էր բոլոր կողմերից»,- հարցման «այլ նշումներ» բաժնում գրում է 25-ամյա Քրիստինան։ Ռուսաստանում նա աշխատում էր հարսանեկան արարողությունների կազմակերպման ոլորտում, այժմ շարունակում է հեռավար աշխատել։ Նա նշել է, որ կվերադառնա Ռուսաստան պատերազմի դադարեցման, իշխանափոխության և պատժամիջոցների կասեցման դեպքում միայն։

«Կվերադառնամ Ռուսաստան, եթե փոխվի իշխանությունը»

Հենց այսպես է պատասխանել հարցվածների 74%-ն այն հարցին, թե որ դեպքում կվերադառնա Ռուսաստան։ Հարցման մի քանի մասնակից կարծում է, որ նույնիսկ իշխանափոխությունն իրավիճակը չի շտկի. «Վախենամ, որ իշխանության փոփոխությունը մարդկանց չի փոխի։ Միայն Ռուսաստանի ռազմական պարտությունը կարող է ինչ-որ փոփոխության հնարավորություն ստեղծել»,- գրում է Մոսկվայից Վալերիան։ Իսկ Սանկտ Պետերբուրգից Մարիան ընդհանրապես չի հավատում որևէ փոփոխության. «Չգիտեմ ճիշտն ասած, թե «երբ լավ կլինի» և հատկապես ինչպես լավ կլինի. ինքս էլ չգիտեմ։ Առաջիկա 10 տարիներին իշխանափոխությանը ես չեմ հավատում»,— ասում է նա։

քաղաք-1.png

Հարցվածների 25%-ը նշել է, որ կվերադառնա Ռուսաստան, եթե պատժամիջոցները վերացվեն. «Կվերադառնամ, եթե ապրելն ու միջազգային նախագծերում աշխատելն անվտանգ լինի Ռուսաստանում», «Եթե սեփական կարծիքդ արտահայտելն անվտանգ լինի և հնարավոր լինի շարունակել աշխատավարձ ստանալ արտասահմանից»։

Հարցվածների 34%-ը պատրաստ է վերադառնալ Ռուսաստան այն դեպքում, եթե պատերազմն ավարտվի։ Հարցվածների շրջանում կան մարդիկ, որոնք բացարձակ չեն էլ դիտարկում վերադարձի հնարավորությունը. «Նույնիսկ իշխանափոխության դեպքում բազմաթիվ մարդիկ են մնում, որոնք աջակցել են պատերազմին կամ մի կողմ են քաշվել։ Պատրաստ եմ վերադառնալ, եթե բնակչության մեծ մասը ցանկություն ունենա գնալ դեպի ապագա, այլ ոչ թե կայսրության մասին անցյալի հիշողություններով ապրի»,- պատասխանել է Օլգան Պենզայից։

կվերադառնամ-եթե.png

Այսպիսով, հարցվածների 27%-ն այս պահին չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։ «Չեմ պատրաստվում վերադառնալ, նույնիսկ եթե առաջին երեք կետերը (իշխանափոխություն, պատերազմի ավարտ և պատժամիջոցների չեղարկում) այսօր իսկ իրականություն դառնան, քանի որ ՌԴ-ն դեռ շատ երկար ժամանակ պետք է վերականգնվի։ Ես պատրաստ չեմ տասնամյակներ սպասել»,- ասում է 24-ամյա ծրագրավորող Դմիտրին, որը մենակ է տեղափոխվել Երևան, և Հայաստանը դիտարկում է որպես մշտական բնակության վայր։

Ինչո՞ւ են վերաբնակվում Հայաստանում

Հարցվածների մեծ մասը նշել է, որ Հայաստանը որպես վերաբնակության վայր ընտրելու հիմնական պատճառը թղթաբանության համեմատաբար հեշտացված գոծընթացն է. առանց վիզայի ռեժիմ, առանց արտասահմանյան անձնագրի մուտքի հնարավորություն։ 8%-ը Հայաստան է եկել գործատու ընկերության՝ այստեղ տեղափոխվելու պատճառով։

Ընկերությունը, որտեղ 27-ամյա Օլգան մենեջեր է աշխատում արդեն 1,5 տարի, տեղափոխվել է Հայաստան։ «Մեր ստարտափը ֆինանսավորվում է Եվրոպայից։ Ներդրողները պայման դրեցին, որ կա՛մ ընկերությունը պետք է դուրս բերել Ռուսաստանից, կա՛մ էլ ներդրում չեն անի»,— պատմում է նա։

Ռուսներ-3.png

Քանի որ Օլգայի ամուսինը կարող էր հեռավար աշխատել, նրանք որոշեցին Մոսկվայից Երևան տեղափոխվել։ Հարցման մասնակիցների կեսից ավելին՝ 61%-ը, տեղափոխվել է ընտանիքի հետ, 26%-ը՝ մենակ, իսկ մնացածը՝ ընկերների և գործընկերների հետ։

Հայաստանն-ընտրելու-պատճառները.png

Ռուսաստանցիների՝ Հայաստան տեղափոխվելու ոչ պակաս կարևոր գործոններից է այստեղ ընկերներ, ծանոթներ և հարազատներ ունենալը։

Մարկը լրագրող է Նիժնի Նովգորոդից։ Ասում է, որ Հայաստանի մշակույթի, պատմության նկատմամբ հետաքրքրություն և հայերի հանդեպ ջերմ վերաբերմունք ի սկզբանե է ունեցել. «Գիտեի, որ այստեղ լավ են վերաբերվում ռուսներին»,- ասում է նա ու ավելացնում, որ ինքն ու ընկերուհին ցանկանում են այստեղ մնալ, նույնիսկ սկսել են հայերեն սովորել։

Մարկը և հարցման մասնակիցներից ևս երկուսը համաձայնեցին զրուցել մեզ հետ՝ առավել մանրամասն պատմելու իրենց տեղափոխման պատմությունը։

Մեթոդաբանություն

Հոդվածը պատրաստվել է՝ հիմնվելով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց հարցման արդյունքների վրա։ Հարցումն իրականացրել ենք առցանց՝ տարածելով Տելեգրամ ալիքներում և խմբերում։

Ընտրանքի չափը՝ 300

Վստահության մակարդակ՝ 95%

Սխալի լուսանցք՝ 5.66%

Անանուն հարցման սկզբունքը պահպանելու համար բոլոր հարցվածների անունները փոփոխվել են՝ բացի տեսանյութի հերոսներից։



Հեղինակներ՝

Ուսանողներ

Սեդա

Առաքելյան

Ուսանողներ

Լուսինե

Մանվելյան

Ուսանողներ

Քրիստինա

Ավանյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան