Սյունիքում ենք։ Գյուղից գյուղ ենք անցնում, խոսում մարդկանց հետ, ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ են կողպված դարպասները շատանում։ Գիտենք, որ համայնքները գյուղերի զարգացման ռազմավարական ծրագրեր են մշակում, որոնց արդյունքները դեռ չեն երևում․ գյուղերը խեղճ են ու կիսադատարկ։
Տաթևում դատարկությունը սեզոնային է։ Հենց եղանակները տաքանում են, կյանքը Տաթևում աշխուժանում է․ Տաթևի վանքն ու «Տաթևեր» ճոպանուղին գյուղը դարձնում են տուրիստական կենտրոն։ Ճոպանուղու մերձակայքում և վանք տանող ճանապարհին ապրանք վաճառող գյուղացիների թիվն աճում է, վաճառվող ապրանքատեսականին դառնում է բազմազան, սննդի կետերում հերթեր են գոյանում։ Գյուղում շատերն իրենց տները դարձնում են հյուրատներ։ Վանքի տարածքը դառնում է մարդաշատ, խմբերով ուխտավորներ են գալիս։ Ելումուտն ու եկամուտը գյուղում շատանում են։ Խորացող աշնան հետ գյուղը դատարկվում-խաղաղվում է։
2024-ի նոյեմբերի 23-ն է, առավոտյան ժամը 4-ին Գորիսից շարժվում եմ դեպի Տաթև․ ուզում եմ զրուցել Հայր Միքայելի հետ։
Մութը վանքի վրայից չբարձրացած՝ ներսում ժամերգություն է սկսվում։
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու սրահում ժամերգությանը միայն ես եմ հետևում։ Երեք հոգևորականները աղոթք են կարդում, ժամերգում, զանգ հնչեցնում, խունկ ծխում։
Աուդիոն լսելու համար սեղմեք կոճակին
Պատմական ակնարկ
«Տաթև» անունը տարբեր կերպ է ստուգաբանվում։ Շուրջ երկու տասնամյակ վանքում ծառայող Հայր Միքայելն ասում է.
«Անվան ծագման հետ հաճախ առասպելներ են կապում, ասում են՝ «տա թևեր» արտահայտությունից է, բայց վանքը առասպելական չէ, իրական է ու կենդանի։ Վանքը կոչվում է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Նա քրիստոնեություն էր քարոզում, այս տարածքում է նահատակվել»։
Եվստաթեոսի գերեզմանի վրա 4-րդ դարում եկեղեցի են կառուցել, այն, սակայն, չէր առանձնանում միաբանների թվով կամ ճարտարապետությամբ։
Ըստ Արտակ եպիսկոպոս Սմբատյանց «Տաթևի վանքի համառոտ պատմություն» գրքի՝ վանքի ծաղկուն շրջանը եղել է 9-րդ դարում։ Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնում է Տաթևի վանքի հարակից տարածքը, հետո նույն իշխանից նվեր ստանում Տաթև գյուղը։ Ավելի ուշ՝ 10-րդ դարում, վանքը դառնում է ուսուցչական կենտրոն, իսկ 14-րդ դարում, Սուրբ Գրիգոր Տաթևացու շնորհիվ, վանքն արդեն հայտնի էր որպես համալսարան։
17 տարի վանքին ծառայող Հայր Միքայելը
Հայր Միքայելը պարբերաբար գնում է Տաթևի գյուղեր, երեխաների ու մեծերի հետ հանդիպում։ Մեր զրույցը հաճախ ընդհատվում էր. վանք մտնող հավատացյալները մոտենում էին, խորհուրդներ հարցնում, կիսվում։
2007-ից Հայր Միքայելը Տաթևի վանքում է ծառայում։ Նրա հետ գյուղերի դատարկվելուց, Տաթևի վանքից եմ խոսել։
— Ինչու՞ են Տաթևի գյուղերը դատարկվում։
— Մարդիկ լավ կյանքի են ձգտում։ 100 տարի առաջ էլ կյանքը բարդ էր, բայց այսքան գայթակղություն չկար, մնում էին իրենց հայրենիքում, ապրում ավելի դաժան պայմաններում։ Կյանքը հետաքրքիր է դարձել, գյուղը չի ձգում մարդկանց, անասնապահությունը լուրջ եկամուտ չի բերում։ Եթե անասուն պահես ու հող մշակես, ծերը ծերին հազիվ կհասցնես, իսկ եթե հիվանդանաս, կամ ուսման գումար պետք լինի, ուզած-չուզած պիտի ունեցածդ վաճառես։
— Իսկ ինչո՞ւ է գայթակղությունը շատացել։
— Համացանցով, հեռուստատեսությամբ հեշտ կյանք ու ապրուստ են քարոզում։ Գայթակղությունը մեր երեխաներին տանում է, մտածում են՝ մնանք, ի՞նչ անենք, անասո՞ւն պահենք, հո՞ղ մշակենք։ Ամբողջ աշխարհը փոխվում է, միայն Հայաստանում չէ։ Բոլոր տեղերում էլ մարդիկ կուտակվում են քաղաքներում։
— Ի՞նչ պետք է անել, որ գյուղացին չլքի գյուղը։
— Աշխատատեղեր ստեղծել․ Գորիսի կամ Սիսիանի ժողովուրդը ձգտում է Քաջարան գնալ, կոմբինատում աշխատել։ Ծանր գործ է, բայց կարողանում են ընտանիք պահել։ Աշխատող գյուղացին սոված չի մնա, բայց հեշտ ապրուստը գայթակղում է, ուզում են դուրս գալ «լճացած» կյանքից։ Գյուղերում շատ արոտավայրեր կան, կարող են անասուն պահել, հող մշակել։ Հոգևորն էլ է կարևոր, գյուղերում եկեղեցիներ կան, բայց թերի են գործում, համայնքային կենդանի շփում չկա, սկսել են քիչ մկրտվել, եկեղեցի չեն գնում։ Ես, օրինակ, թողել եմ ամեն ինչ ու եկել եմ Տաթև՝ ծառայելու։ Իմ կյանքի իմաստն ու խորհուրդը այստեղ է՝ խաղաղության ու ժողովրդի հետ շփման մեջ, ոչ թե՝ քաղաքի աշխուժության ու թոհուբոհի, ինձ համար այդ աշխույժ կյանքը տանջալի է։
— Ի՞նչն է մարդկանց Տաթև բերում։
— Բնությունը, սրբությունը, խորհրդավորությունը, գեղեցկությունը, այստեղ 1100 տարի աղոթք են արել, այստեղ է Սուրբ Գրիգոր Տաթևացու գերեզմանը։ Այստեղ մի տեսակ երկնային խաղաղություն կա։
— Ի՞նչ վիճակում է Տաթևի վանական համալիրը, կարիք ունի՞ վերանորոգման։
— Ամբողջ տանիքը, գմբեթը չհաշված, վերանորոգման կարիք ունի. զանգակատունը վթարային է։ 1983-1991 թվականներին Վազգեն Վեհափառի նախաձեռնությամբ տանիքը վերանորոգվեց, բայց թերացել են, այնպես են շարել, որ ջուրը ներս է կաթում։
— Վանական համալիրի ու Տաթև համայնքի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում։
— Ես ներկան եմ տեսնում։ Ինչպես աշխատենք այսօր, այդպիսի արդյունք էլ կստանանք։
Անապատի տասը տարվա ճգնավորը
Մթնում էր, Տաթևից ուղևորվեցի դեպի Տաթևի Մեծ անապատ։ Հայր Միքայելը պատմել էր, որ այնտեղ աշխարհից մեկուսացած մի ճգնավոր կա։ Անապատ հասա նեղ ու քարքարոտ կածանով, Որոտան գետը ոտքով անցնելով։
1658-ին երկրաշարժից Տաթևի մենաստանը ավերվել էր, և Հակոբ կաթողիկոսը Որոտանի աջափնյա ձորում նոր մենաստան կառուցեց, և Միաբանությունը տեղափոխեց այստեղ։ Ըստ հայ պատմագիր Առաքել Դավրիժեցու՝ 17-րդ դարում մենաստանում ավելի քան 700 միաբան է եղել։ Հիմա ներսում ճգնավորների քանդված խցերն են, 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Անապատի միակ բնակիչը՝ Հակոբ վանականը։
Նոյեմբերին Տաթևի Մեծ անապատն ամբողջությամբ կանաչ էր՝ ծառերի մեջ կորած։
Հակոբ վանականը ընտելացել է ճգնավորի կյանքին ու մենակյացությանը։ Մաքրել է փոքր պատուհանով խուցն ու շուրջբոլորը, իր ապրուստն իր ձեռքով է մշակում, կիրակի գնում վանք՝ պատարագին մասնակցելու։
— Ինչպե՞ս եկաք Անապատ։
— 2013-ի հոկտեմբերին Գյումրիից եկա Տաթև, որ Հայր Միքայելին տեսնեմ՝ իր մասին շատ էի լսել։ Ուխտավորների հետ եկա Անապատը տեսնելու․ խոտի մեջ կորած էր։ Եկա ու հասկացա, որ ողջ կյանքս հենց այս տեղն եմ փնտրել։ Ուրախությունից լացում էի։ 2014-ի մարտին գնացի Երուսաղեմ, մեկ տարի մնացի, 2015-ի գարնանը վերադարձա այստեղ, գտանք ամենակեղտոտ ու ամենավատ խուցը։ Ամեն առավոտ Տաթևից իջնում էի խուցը մաքրելու ու երեկոյան փոշոտ-կեղտոտ վերադառնում։ 2015-ի մայիսի կեսից տեղափոխվեցի այստեղ։ Ես եկել եմ Հարանց անապատ աղոթելու։ Իմ ամբողջ աշխարհը այս տարածքն է, մնացածից ես տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչ կա խցերից ու եկեղեցուց այն կողմ։
— Մինչև ճգնավոր դառնալն ինչո՞վ եք զբաղվել, ընտանիք ունե՞ք։
— 12 տարի աշխատել եմ Գյումրու քաղաքապետարանում՝ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետն էի։ Ընտանիքս Գյումրիում է, երեք աղջիկ ունեմ, տարին գոնե մեկ անգամ գալիս են ինձ մոտ։ Տարվա մեջ երկու անգամ էլ ես եմ Գյումրի գնում, տանը տղամարդու ձեռք է պետք։
— Չե՞ն կարոտում Ձեզ, չե՞ն կանչում։
— Աստծո ողորմությունն է, որ երեխաներս ու կինս ինձ հասկանում են, գիտեն, որ ինձ համար միշտ էլ առաջնայինը հոգևորն է եղել, աշխարհիկը իմը չէ։ Կշեռքի մի նժարին աշխարհն է, մյուս՝ ամենածանր նժարին՝ Աստված։
— Ինչո՞վ եք սնվում այստեղ։
— Իմ ձեռքով եմ մշակում։ Մինչև սեպտեմբերի վերջ լոլիկ, վարունգ, լոբի, սմբուկ ու դդում եմ մշակում, վանքից էլ են սնունդ բերում։ Հնդկաձավար եմ ուտում, լավաշ, պահածոներ։ Հիմա արդեն դրսում եմ պահում, ցուրտ է, չեն փչանա։
— Այստեղ կմնաք մինչև…
— Չեմ մտածել՝ մինչև երբ կմնամ։ Եթե այստեղ շինարարություն սկսեն, 2-3 օր հետո կգնամ, կփախչեմ աղմուկից, նման խոսակցություն դեռ չկա։ Եթե այստեղ ճանապարհ կառուցեն, մեքենա կանգնի վանքի դռան մոտ, էլի չեմ մնա, կգնամ։
Անապատից հեռացա ուշ՝ ճգնավորի երեկոյան աղոթքը լսելուց հետո։
Աուդիոն լսելու համար սեղմեք կոճակին
Գորիս վերադարձա խաղաղված։ Սյունիքի դատարկվող գյուղերի ու կողպված դարպասների մասին հարցերիս սպառիչ պատասխաններ չգտա, բայց հասկացա, որ մարդիկ տարբեր տեղ ու կերպ են փնտրում իրենց խաղաղությունը։ Ոմանք գտնում են այն քաղաքային եռուզեռում, մյուսները՝ ինչպես Հայր Միքայելն ու Հակոբ վանականը, գտնում են այն Տաթևում՝ վանքի պատերի ներսում ու Անապատի լռության մեջ։
Այս նախագիծն իրականացվել է CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական քաղաքականության կամ դիրքորոշման հետ։
Հեղինակ՝
Ուսանողներ
Անի
Հովհաննիսյան
Դասախոս՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Ժաննա
Բեքիրյան
Թիմ
Հարություն
Մանսուրյան