ted-braun
ՏեքստՀուլիս 30/2023
  • armenian
  • english

«Ուզում եմ, որ իմ ֆիլմերն անմոռանալի լինեն և զգացմունքային ազդեցություն ունենան»

ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոարվեստի դպրոցի պրոֆեսոր, վավերագրական ֆիլմերի հեղինակ Թեդ Բրաունը Հայաստանում էր՝ երիտասարդ ռեժիսորների և սցենարիստների համար եռօրյա փաստագրական վավերագրության դասընթացներ անցկացնելու համար։ Մասնակիցներիս անվերջ հարցերին Թեդը համբերատար ու սպառիչ պատասխանում էր։ Երեք օրերը տպավորիչ և օգտակար էին, բայց՝ կարճ․ մնացին հարցեր, որ չհասցրեցի տալ։ Համ էլ ափսոսում էի, որ Թեդի նման մասնագետին դասընթացի 13 մասնակիցներս միայն վայելեցինք։ Նա սիրով համաձայնեց նորից հանդիպել ու զրուցել, ես էլ սիրով ներկայացնում եմ մեր զրույցը ձեզ։

Առաջին բացահայտումը հենց առաջին հարցից էր․ ինչպե՞ս է որոշել սցենարիստ-ռեժիսոր դառնալ։ Պարզվեց՝ երաժիշտ է։

Երաժշտությունից՝ վավերագրություն

Ես մեծացել եմ Վերմոնտի գյուղական մի փոքրիկ քաղաքում, որտեղ ավելի շատ կովեր կային, քան մարդիկ։ Դպրոցն ավարտելուց հետո բախտս բերեց՝ հանդիպեցի մի կնոջ, որ արտադպրոցական երաժշտական ծրագիր էր ստեղծել։ Այդտեղ բացահայտեցի իմ սերն ու հակվածությունը դասական երաժշտությանը։ Ֆագոտ էի նվագում և քոլեջիս տարիներին վստահ էի, որ դա այն է, ինչ կուզեի անել կյանքում: Սակայն, հանգամանքների բերումով, միտքս փոխեցի, ու քոլեջի ավարտին որոշեցի թողնել երաժշտությունը։ Չգիտեի, թե ինչով էի զբաղվելու։ Անգլերեն լեզվի որակավորում ունեի, մտածում էի պրոֆեսոր դառնալու մասին, բայց դրանում էլ վստահ չէի։

Քոլեջից հետո դասավանդում էի Բոստոնի դպրոցներից մեկում, որտեղ ֆիլմերի ցուցադրություններ էի կազմակերպում։ Մի անգամ հարցրին՝ կցանկանայի արդյոք կինոյի դասընթաց վարել։ Ասացի՝ իհարկե, կուզեմ, բայց նախ պետք է ինչ-որ բան իմանամ ֆիլմարտադրության մասին։ Ասացին, որ ամռանը կինո նկարելու դասընթացներ ունեն ուսուցիչների համար։ Գնացի, և կարծես ինչ-որ մեկը մութ սենյակում լույս վառեց։ Երբեք այդքան ուրախ չեմ եղել, երբեք ինձ այդքան բավարարված ու լիարժեք չեմ զգացել։ Հասկացա, որ ֆիլմեր նկարահանելն ինձ համար այն միջոցն է, որով կարող եմ սինթեզել երաժիշտ լինելու հաճույքը, կարգապահությունը, քրտնաջան աշխատանքը, գեղեցիկ մի բան ստեղծելը և դա մարդկանց հետ կիսելու վայելքը։

Հետո Բոստոնում ինձ դասավանդող տղան, որն այդ ամառ գեղարվեստական ֆիլմ էր նկարահանում, աշխատանք առաջարկեց նկարահանող խմբում։ Ամռան սկզբում ես սովորում էի կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել, իսկ ամռան վերջին արդեն՝ աշխատում էի գեղարվեստական ֆիլմի վրա։ Ամառն ավարտվեց, ես որոշեցի. «Սա այն է, ինչ ես ուզում եմ անել իմ կյանքում»: Դիմեցի ասպիրանտուրա և մեկ տարի անց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսումնասիրում էի կինոն։ Այդպես եմ սկսել։ Վերջին 15 տարիներին ես հիմնականում վավերագրական ֆիլմեր եմ նկարահանում և իրական պատմությունների մասին սցենարներ եմ գրում։

Հայաստանը՝ Թեդ Բրաունի մասնագիտական աչքերով

Թեդն առաջին անգամ էր Հայաստանում։ Հարցին՝ եթե նա Հայաստանում ֆիլմ նկարահաներ, ինչի մասին կլիներ, անվարան պատասխանում է.

«Ամենահրատապը և շատ առումներով ամենաակնհայտը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կլիներ, և այն ուղիները, որոնցով Հայաստանի ժողովուրդը փորձում է արձագանքել իրավիճակին։ Կփնտրեի ճիշտ մարդուն կամ մարդկանց՝ այդ պատմությունը ներկայացնելու համար»։

Հայաստանի հետ ծանոթությունը Թեդը սկսել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելով։ Տպավորված է։ Ասում է՝ թանգարանը կապ է ստեղծում Հայոց ցեղասպանության և այլ մշակույթների, մարդկանց ու պատմությունների միջև, ցուցանմուշներն ազդեցիկ են. «Խորապես հուզված եմ։ Կարծում եմ, որ դա ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է, որտեղ երբևէ եղել եմ։ Այն մանրամասն մտածված է ու ձևավորված: Նկատի ունեմ հուշահամալիրի ճարտարապետությունը այդ տեղանքում, ինչպես նաև բուն կառույցը։ Այն հանդիսավոր է, համապատասխանում է իր թեմային, բայց նաև գրավիչ է և օգնում է հասկանալ Հայաստանի պատմության մասշտաբները։ Զգում ես, թե ինչ տոկունությամբ են հայերը դիմակայել բազում փորձություններին և վայրագություններին՝ իրենց քաղաքակրթությունը պահելու համար։ Դա և՛ շատ ոգևորիչ է, և՛ խոնարհեցնող»:

362227981_662731975888921_3426217240734315231_n.jpg
Թեդ Բրաունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից

Վավերագրական ֆիլմերը՝ աշխարհում ինչ-որ բան փոխելու միջոց

Դասընթացի ընթացքում կար մի հարց, որ տարբեր ձևակերպումներով հնչեց մի քանի անգամ․ ի՞նչ է տալիս վավերագրական ֆիլմը մարդկությանը, կարո՞ղ են վավերագրողներն ինչ-որ բան փոխել այսօրվա աշխարհում, ի՞նչ ենք կարող անել մենք՝ լրագրողներս ու վավերագրողներս, հերթական ողբերգությունը կանխելու համար։ Թվում է, թե արդեն տեղի ունեցած ողբերգությունից հետո վավերագրողները կարող են դրա մասին մեկ այլ ֆիլմ նկարահանել, մրցանակի արժանանալ, բայց դժվար է պատկերացնել, որ անգամ ամենաազդեցիկ ֆիլմը կարող է կանխարգելել ողբերգությունը:

Թեդ Բրաունն այս հարցին հստակ պատասխան չունի. «Չգիտեմ՝ վավերագրողները կարո՞ղ են կանխել ողբերգությունը կամ կանգնեցնել այն։ Չգիտեմ՝ ֆիլմն ունի՞ այդ կարողությունը։ Կարծում եմ, որ ողբերգությունը կանխելու համար ավելին է պահանջվում, քան արվեստի մի գործ կամ ռեպորտաժ։ Բայց դրանք կարող են գործողությունների մղել, աշխարհի մարդկանց ուշադրությունը սևեռել տվյալ խնդրի վրա։ Չեմ ճանաչում այնպիսի ռեժիսորի, որ, ներկայացնելով աշխարհում տեղի ունեցողը, կներդնի իր ջանքերը մի աշխատանքում՝ առանց հավատալու, որ դա իսկապես կարող է իրավիճակ փոխել։ Ուստի, այո՛, ես հավատում եմ, որ մեր գործերը կարող են ինչ-որ բան փոխել»։

DSC00464.jpg
Թեդ Բրաունը «Փաստագրական սթորիթելինգի աշխատարան. տեղային պատմությունները՝ միջազգային լսարանի համար» հանդիպման մասնակիցների հետ

— Ի՞նչ է փոխել Ձեր ամենահայտնի՝ «Դարֆուրն այժմ» (Darfur Now) վավերագրական ֆիլմը, մարդկանց կյանքում։ Մենք դիտեցինք այն Հետք Մեդիա Գործարանում՝ շատ ազդեցիկ էր։ Ֆիլմի վերջում Հաագայի դատարանը դատապարտում է ցեղասպանության մեղավորներից մի քանիսին՝ պատերազմական հանցագործներին, սակայն նրանք հիմա էլ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել Սուդանում։ Ի՞նչ է փոխել Ձեր ֆիլմը Դարֆուրում ապրողների կյանքում։

«Այն մարդկանցից մեկը, ում Միջազգային քրեական դատարանը մեղադրում էր հանցագործություններ կատարելու մեջ, այժմ կանգնած է դատարանի առաջ։ Չէի ասի, թե հենց «Դարֆուրն այժմ» վավերագրությունն է պատճառը, որ նա պատասխանատվության է ենթարկվում, բայց ֆիլմն ամբողջ աշխարհի ջանքի մի մասն է՝ քաղաքական կամքը մոբիլիզացնելու գործում: Կան փոփոխություններ ավելի ցածր մակարդակում․ ես ունեմ սուդանցի ուսանողներ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, որոնք տեսել են այդ ֆիլմը, երբ դեռ ավագ դպրոցի աշակերտներ էին։ Նրանք պատմում են, թե ինչպես է այդ ֆիլմը փոխել իրենց աշխարհայացքը սեփական երկրի, կառավարության, իրադարձությունների մասին։ Երիտասարդները, որ եղել են այնտեղի ռեժիմը փոխելու խաղաղ շարժման մաս, իրենք էին պատմում։ Չեմ կարող ասել, որ ֆիլմն է դրա պատճառը դարձել, բայց, իրենց ասելով, այդ ֆիլմն իրենց երկրի տեսակետը փոխելու մասնիկն է եղել, այլ ճանապարհ փնտրելու և տեսնելու ուղղություն է տվել: Այսինքն՝ ֆիլմը կարող է շատ անմիջական ազդեցություն ունենալ ներսի զարգացումների վրա:

Ֆիլմի ազդեցության մի այլ օրինակ էր այն, ինչ եղավ Միացյալ Նահանգներում: Երիտասարդ ամերիկացիները, դիտելով «Դարֆուրն այժմը», տեսան, որ ֆիլմի հերոսներից մեկը՝ Ադամ Սթերլինգը, կարողացավ փոխել Միացյալ Նահանգների օրենքը՝ փորձելով ազդել Սուդանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Երիտասարդներն ինձ էլեկտրոնային փոստով գրում էին, որ իրենք տեսել են՝ ոնց է Ադամը կարողացել դա անել ու որոշել են իրենք էլ փորձել։

Ի դեպ, ևս մեկ շատ անմիջական ազդեցություն էլ է եղել՝ հենց ֆիլմի թողարկման շրջանում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավաքվել էր Դարֆուրի իրավիճակը քննարկելու, և օրակարգում չկար միջազգային արդարադատության հարցը։ Նրանք պատրաստվում էին խոսել Սուդանում կատարվող իրադարձությունների մասին՝ առանց բարձրացնելու միջազգային դատարանի հարցը։ ՄԱԿ-ում տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրությունը։ Ասամբլեայի գլխավոր քարտուղարն այնտեղ էր, և օրակարգը փոխվեց․ վեհաժողովը հարցը հանձնեց Արդարադատության միջազգային դատարանին։

«Եթե վերջում ստացվում է նույն ֆիլմը, որը սկզբում նախատեսել էիր, ուրեմն ընթացքում ուշադիր չես եղել»

Սա Թեդի հերթական հետաքրքիր բանաձևն էր՝ վավերագրական ֆիլմարտադրության մասին։ Հարցրի, թե «Դարֆուրն այժմ» ֆիլմի դեպքում ինչ էր նա ակնկալում և ինչ ստացավ արդյունքում։ Ասում է՝ ամենամեծ փոփոխությունները հիմնական կերպարների ընտրությունն է եղել։

«Երբ մենք նոր էինք ճանապարհ ընկել, որպես ֆիլմիս հերոս ես երեք տարբեր մարդ էի փնտրում․ միջազգային կազմակերպությունում աշխատող բուժաշխատող կնոջ, թարգմանչի և երեխայի՝ փախստականների ճամբարի ներսում: Երբ ճամփորդում էինք ամբողջ Սուդանում, հասկացա, որ, մի շարք պատճառներով, կային շատ ավելի հետաքրքիր կերպարներ, որ դժվար իրավիճակներում են ապրում և առավել տպավորվող էին։ Ֆիլմիս ամենահիշարժան երկու հերոսները դարձան Ահմեդ Մոհամմեդ Աբաքարը՝ 47.000 տեղահանված դարֆուրցիների ճամբարի առաջնորդն ու գլխավոր շեյխը, և Հեջևա Ադամը` կին ապստամբը, ում որդուն սպանել էին, և նա կռվում էր Սուդանի ազատագրման բանակում։ Այդ մարդիկ չէին հայտնվի ֆիլմում, եթե նրանց վրա ուշադրություն չդարձնեի։ Այսինքն՝ վերջնական ֆիլմը շատ է տարբերվում իմ նախատեսած տարբերակից»։

Կինովավերագրության Թեդի բանաձևն է՝ գտեք հետաքրքիր մի կերպար, որ շատ է ձգտում որևէ բանի՝ երազանք ունի, բայց կան խոչընդոտներ դրան հասնելու ճանապարհին, և հնարավորինս գրավիչ նկարեք այդ պատմությունը։

Հարցրեցի, թե ինչի՞ է ձգտում Թեդը, ո՞րն է նրա երազանքը։

«Ուրախ եմ, որ հեռուստատեսությունում չենք՝ կարող եմ մտածել»,— ասաց, ծիծաղեց, հետո մոտ մեկ րոպե լռություն էր։

«Դժվար հարց է։ Ես ինձ դրամատիկ կերպար (ֆիլմի հերոս) չեմ համարում: Ես փորձում եմ անմոռանալի մարդկանց պատմություններ բացահայտել, մարդկանց, որոնք այս կամ այն կերպ պայքարում են աշխարհը մի քիչ ավելի լավը, գեղեցիկ կամ հետաքրքիր դարձնելու մղումով։ Բացահայտել ինչ-որ կարևոր բան մարդկանց մասին և այն մասին, թե ինչու ենք մենք այստեղ՝ մոլորակի վրա: Սա է, ինչ փորձում եմ անել իմ աշխատանքում, և դա իսկապես դժվար է»։

DSC00470.jpg

«Զարգացրու հետաքրքրասիրությունդ քո կողքի անձի հանդեպ»

Վերջում, ոչ որպես ընդունված ձև, այլ իսկապես դրա կարիքն ունեցող սկսնակ լրագրող և դոկումենտալիստ, հարցրի Թեդին, թե ինչ մասնագիտական խորհուրդ կտա ինձ ու մյուս անփորձներին։

«Զարգացրու հետաքրքրասիրությունդ, հետաքրքրասիրությունը քո կողքի անձի հանդեպ, որն ավտոբուսում է, մետրոյում է, կապ չունի, թե որտեղ, կապ չունի, թե ով է։ Կարող է լինել մի հարազատ մարդ ձանձրալի ընտանեկան արարողության ժամանակ, ում հետ երկար չես խոսել։ Դա կարող է լինել անձնական մի պատմություն, որ դու կուզենաս պատմել, կամ, մեկ էլ հանկարծ, այդ զրույցը կարող է արթնացնել երևակայությունդ և համոզել քեզ պատմել ինչ-որ բան…

Կարծում եմ, որ հետաքրքրասիրությունը մեր երևակայական կյանքի սկիզբն է, այլ մարդկանց հետ ինչ-որ բան կիսելու ցանկության սկիզբը. սա է ընկած ֆիլմ ստեղծելու, աշխարհին նոր գործ ներկայացնելու հիմքում»։

Թեդ Բրաունը Հայաստանում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և ԱՄՆ Պետդեպարտամենտի, Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի «American Film Showcase» ծրագրի հովանու ներքո։

Հեղինակ՝

Ուսանողներ

Անուշ

Մկրտչյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան

Թիմ

Լիլիթ

Թարխանյան