Հանելուկ Տեղում. ինչպես դեղատուն կառուցել գործող դեղատան տեղում
2023-ի դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշեց անասնաբուժական դեղատուն կառուցելու նպատակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը. հասցեն՝ Արցախի փողոցի 12/5, մակերեսը՝ 200 քմ։ Բայց այս նույն հասցեում արդեն 4 տարի գործում էր դեղատուն, ինչի մասին, բնականաբար, գիտեին թե՛ համայնքապետը, թե ավագանու անդամները։ Այսինքն՝ Տեղի ավագանին աճուրդ–վաճառքով օտարեց գործող դեղատան զբաղեցրած հողատարածքը՝ իբր դեղատուն կառուցելու նպատակով։
Այս դեղատան կառուցումը սկսվել է 2018-ի սեպտեմբերին։ Հողը հատկացրել է Տեղ համայնքը, իսկ շարժական դեղատունը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը։
Համայնքը նաև տարածքն է նախապատրաստել, ջրահեռացման համակարգ անցկացրել։
Շինարարությունն ավարտվեց 2019-ին։ Հետո եռակողմ պայմանագիր կնքվեց «Արագած Ղուլունց» ԱՁ-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Տեղ համայնքի միջև։ Անհատ ձեռնարկատեր Արագած Ղուլունցը դեղատունն անհատույց օգտագործելու իրավունք ստացավ՝ անասնաբուժական ծառայություններ մատուցելու և գյուղատնտեսական պարագաներ վաճառելու նպատակով։ Արագած Ղուլունցը Տեղի համայնքապետարանի աշխատակից է և գյուղի անասնաբույժը։
Տեղի համայնքապետարանում մինչև 2017-ը գործել է անասնաբուժական կետ, որի պատասխանատուն համայնքի անասնաբույժ Արագած Ղուլունցն էր։
«Անասնաբուժական սպասարկման կենտրոնի» աշխատանքները նպատակային եւ արդյունավետ կատարելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև ծրագրով նախատեսվող մասնավոր անասնաբուժական ծառայությունը խթանելու համար, դոնոր կազմակերպության թույլտվությունը ստանալուց հետո, 2020-ին կնքած պայմանագրով շարժական տնակը փոխանցվել է ԱՁ «Արագած Ղուլունցին»՝ պայմանով, որ նա պարտավորվում է իրեն հանձնված շարժական տնակը շարունակել օգտագործել Տեղ համայնքում՝ անասնաբուժական սպասարկման ծառայությունների ու գյուղատնտեսական պարագաների վաճառքի նպատակով»,— մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից:
Այս հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002-ին։ Այն գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր է իրականացրել Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Թեև անասնաբուժական դեղատունը պայմանագրով փոխանցվեց Արագած Ղուլունցին, սակայն հողը շարունակում էր պատկանել համայնքին։ 2023-ի դեկտեմբերի 26-ին Տեղի ավագանին թույլատրեց համայնքի ղեկավարին՝ Դավիթ Ղուլունցին, հողատարածքը աճուրդային կարգով օտարել։ Սահմանվեց մեկնարկային գին՝ 102,960 դրամ։ Ավագանու նիստի տեսագրությունում երևում է, որ այս հարցը չի էլ քննարկվել, և նիստին մասնակցող ավագանու 9 անդամները միաձայն կողմ են եղել որոշմանը։ Տեղ համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լորա Սիմոնյանը նույնպես կողմ էր քվեարկել այս որոշմանը։ Նա մեզ ասաց, որ նիստից առաջ կարդացել էր օրակարգը և տեղյակ էր որոշման բովանդակությանը։ Ինչպե՞ս է դեղատուն կառուցելու նպատակով հողամասն օտարվել, եթե նույն տեղում արդեն 5 տարի դեղատուն է գործում. մեր այս հարցին Սիմոնյանը չկարողացավ հստակ պատասխան տալ։
Հողամասն օտարելու համար կազմակերպված առաջին աճուրդը չկայացավ։ Նշանակվեց նոր աճուրդ՝ ավելի ցածր՝ 54,980 դրամ մեկնարկային գնով։
Կրկնաճուրդում հողամասը գնեց համայնքի անասնաբույժը՝ Արագած Ղուլունցը, որն արդեն իսկ շահագործում էր դեղատունը։ Նա հողամասի մեկնարկային գնից բացի համայնքապետարանին վճարեց ևս 105 հազար դրամ՝ որպես համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցում։
Այս տարօրինակ գործարքի մասին Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը մեզ ասաց, որ դեղատունն Արագած Ղուլունցին է տրվել դեռևս նախորդ համայնքապետի օրոք, որն Արագած Ղուլունցի քեռու տղան է, իսկ ինքը միայն հողատարածքը աճուրդային կարգով օտարելու որոշում է կայացրել։ Մեր հարցին՝ իսկ կարո՞ղ էր աճուրդին մասնակցել և հողատարածքը ձեռք բերել ուրիշ մեկը, համայանքապետը պատասխանեց.
«Բացառել ենք, որ նման բան կլինի։ Մեզ մոտ հող գնել ցանկացողներն այնքան էլ շատ չեն, և այդ հողամասը գնելու ցանկություն միայն Արագած Ղուլունցն է ունեցել»։
Այսինքն՝ աճուրդ-վաճառքը ձևական է կազմակերպվել։
Համայնքապետարանից փորձեցինք պարզել՝ ո՞նց է համայնքապատկան հողը, որտեղ արդեն իսկ դեղատուն է գործում, օտարվել դեղատուն կառուցելու նպատակով։ Պատասխանեցին, որ դեղատունը կառուցված է եղել «բնակավայրերի նպատակային նշանակությամբ» հողամասի վրա, ինչը խախտում է։
«Շինարարական աշխատանքների անցկացման համար նախագիծ չի կազմվել, և չի իրականացվել նախագծի պարզ կամ համալիր փորձաքննություն։ Հետևաբար, այստեղ կառուցված որևէ հարթակ օրինական չի ճանաչվել, պետական գրանցման չի ներկայացվել, ինչը թույլ է տալիս պնդել, որ նշված շինաշխատանքներն իրականցվել են ապօրինի, և համայնքապետարանը որևէ հիմք չունի տվյալ հողամասը ծանրաբեռնված ճանաչելու։ Իսկ որպես շարժական տնակ այստեղ տեղակայված լինելը ծառայում է համայնքի շահերին և սպասարկում է բնակիչներին»։
Այսինքն՝ անասնաբուժական դեղատունը համայնքային հողի վրա ապօրինի է տեղադրվել, չնայած եռակողմ պայմանագրին։ Դեղատունը կառուցվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի և հատկացվել է ոչ թե համայնքին, այլ անհատ ձեռնարկատիրոջ, որն էլ 4 տարի անց սեփականաշնորհել է դեղատան զբաղեցրած հողամասը։
Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի գործունեությանն առաջին անգամ չենք անդրադառնում։ Մենք ուսումնասիրել էինք վերջին 3 տարիների համայնքային գնումները և պարզել, որ Ղուլունցը համայնքի մանկապարտեզների սննդի մատակարարման պայմանագրեր է կնքել կնոջ՝ Կարմեն Մալյանի հետ, համայնքի բնական գազը գնել է իր քեռուն և քեռակնոջը պատկանող «Զանգեզուր Գազ» ՍՊԸ-ից, իսկ եղբոր՝ Սասուն Ղուլունցի հետ 2022-2024 թթ․ Դավիթ Ղուլունցը 10 պայմանգիր է կնքել՝ 384 մլն դրամ ընդհանուր արժեքով։
Սույն նյութը իրականացվել է «Ուսանողական լրագրողական հետաքննություններ» ծրագրի շրջանակում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն նյութի մեջ արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
Հեղինակ՝
Ուսանողներ
Արմեն
Ղազարյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Սեդա
Գրիգորյան
Դասախոսներ
Սարգիս
Խարազյան
Թիմ՝
Թիմ
Անուշ
Մկրտչյան
Թիմ
Հարություն
Մանսուրյան