Երիտասարդական պալատն անվերջանալի լաբիրինթոս էր։ Այնտեղ կարելի էր լողալ, կանաչ բարում ռոք լսել, ծանոթանալ, սիրահարվել, պտտվող ռեստորանում առաջին ժամադրություն կազմակերպել, ամուսնության օր որոշել, զագսի հետ պայմանավորվել և ամուսնանալ: Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիումներ, փառատոներ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում։ Երիտասարդական պալատն ուներ երեք ճարտարապետ՝ Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը:
Մենք զրուցել ենք ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի, «Հայպետնախագծի» ղեկավար Գրիգոր Ազիզյանի, Երիտասարդական պալատի աշխատակիցներ՝ «Այաս» խմբի ղեկավար Արթուր Միտինյանի, Պալատի հաշվապահ Էմմա Սիմոնյանի, շինարար Աշոտ Սարգսյանի, կանաչ բարի ջութակահար Արմեն Ասրյանի, խոհարարի օգնական Վալեր Գալստյանի, Պալատի ադմինիստրատոր Ռուզաննա Վրթանեսյանի, լողավազանի տնօրեն և մարզիչ Արմեն Շիրակյանի հետ: Հանդիպել ենք նաև ճարտարապետ Արթուր Թարխանյանի դստեր` Անահիտ Թարխանյանի, 1984-ին Պալատում ամուսնացած Արտաշես Շահվերդյանի և Զոյա Ռասկինի հետ, որի առաջին մյուզիքլը ներկայացվել է Պալատում:
Նրանց բոլորի մտքերը միաձուլել ու դարձրել ենք մեկ ամբողջություն՝ Պալատի պես։
Հրաչյա Պողոսյան
Երեք ճարտարապետով էինք աշխատում։ Նստած էինք, կոնսերվաների կափարիչները իրար վրա դարսեցինք ու շարեցինք հյուրանոցը։ Ուրիշ ավելի լավ լուծում ստանալ հնարավոր չէր։
Անահիտ Թարխանյան
Առաջադրանքը շատ պարզ էր, բայց միևնույն ժամանակ շատ բարդ, որովհետև հարկավոր էր այդ ամբողջը խմբավորել մի տարածքում։
Աշոտ Սարգսյան
Կառույցը կոչվում էր «Երիտասարդության պալատ»: Դա օբյեկտի շինարարական անվանումն էր, որը հետագայում դարձավ հասցե` իր փոստային ինդեքսով։ Ժողովուրդը «կուկուռուզ» էր ասում, ոչ թե «կուկուռուզնիկ», իսկ մենք кипятильник էինք ասում (նման է, չէ՞)։
Արթուր Միտինյան
1979թ․, հոկտեմբերի 6․ այդ օրը մենք երեք երգ ենք նվագել Պալատում՝ «20-րդ դարի քաղաքացի», «Դարերի սահմանագիծ», «Չես կարող երբեք»։ Բացման երեք օրերին 16 ռոք խումբ է նվագել։
Արտաշես Շահվերդյան
Հյուրերն ուզում էին շամպայն խմել, շնորհավորել։ Բոլորը մեզ էին նայում, հարցեր էին տալիս սիրո մասին՝ ո՞նց ենք հանդիպել, ե՞րբ, որտե՞ղ։
Հրաչյա Պողոսյան
Մեծ լողավազանի երկարությունը 25 մետր էր, լայնությունը՝ 14 մետր։ Մի մասը ուներ ցատկելու տեղ՝ 5 մետր բարձրությամբ։
Արմեն Շիրակյան
Երկու հոգի էին եկել լողալու։ Գրազ եկան, թե ով 25 մետրը ավելի արագ կլողա։ Առաջինը հասավ, դուրս եկավ, երկրորդին երկու մետր էր մնացել, չձգեց։ Լիքը ջուր էր կուլ տվել, արագ մտա հանեցի, արհեստական շնչառության տվեցի, հետ եկավ։
Վալեր Գալստյան
Գործի էի։ Մի տղամարդ սնդուկ բերեց, ասաց. «Ախպեր, կպահես, կգամ, կվերցնեմ»։ Մի շաբաթ պահեցի։ Մի ամիս պահեցի։ Վեց ամիս պահեցի։ Մարդ չեկավ։ Բացեցի։ Մեջը մի հատ խարիսխ էր ու վերջ։ Դուրս շատ եկավ, վերցրի ինձ։ Դրանից հետո սկսեցի խարիսխներ հավաքել։
Անահիտ Թարխանյան
Իհարկե, երիտասարդները շատ էին ցանկանում եկեղեցում ամուսնանալ, բայց դա արգելված էր։ Ճարտարապետները Պալատում ստեղծել էին Հարսանյաց սրահը։
Հրաչյա Պողոսյան
Հյուրանոցի դիմացը գծագրել ենք Հարսանյաց սրահի դահլիճը, որը մի մեծ կամար ուներ։ Առաջամասը ձևավորված էր գունավոր ապակիներով։ Այս կառույցում յուրաքանչյուր բաղադրիչ իր հետաքրքրությունն ուներ։
Արտաշես Շահվերդյան
Երբ ես ու Գոհարիկը, մեր հարազատները եկանք պալատ, 12 զույգ կար։ Նրանց մեջ՝ նաև տատիկ ու պապիկ. ոսկե հարսանիք էին նշում։ Էդ ամեն ինչի կազմակերպիչը «Կուկուռուզնիկի» զագսն էր։
Արմեն Ասրյան
Մի քանի տեղ էի նվագում։ Արագ վերջացնում, հասնում էի «զելյոնի»։ Հաճախորդները ճանաչում էին մեզ, մենք էլ, իրենց դեմքին նայելով, հասկանում էինք՝ մե՞զ համար են եկել, թե՞ ուրիշի։
Անահիտ Թարխանյան
Աջ ու ձախ բաց տարածություն էր, հետո ցուցասրահներ, բարեր, սրճարաններ, ռեստորաններ, տարբեր ակումբային սենյակներ։ Առաստաղը աստղային երկնքի տեսք ուներ։
Անահիտ Թարխանյան
Առաջին նման սրճարանն էր Խորհրդային Միության տարածքում։ Պատուհանների ապակիները թեքություն ունեին, ու եթե առաջ էիր նայում, հայացքդ թեքվում էր դեպի քաղաք։
Զոյա Ռասկին
Մեր ելույթից հետո ծնողները որոշեցին շարունակել մեր ուրախությունը և մեզ համար սեղաններ պատվիրեցին հենց վերևում ՝ պտտվող սրճարանում։ Այնտեղ կերանք, խաղացինք, վազեցինք։ Ում մտքով կանցներ, որ մի օր Պալատը էլ չի լինի։
Վալեր Գալստյան
Շատ լավ հիշում եմ. տարբեր ուտեստներ էին պատրաստում՝ բորշչ, գրեչկա, գարուխով սուպ։ Հայերի պատվերները տարբերվում էին։ Նրանք հիմնականում պատվիրում են խորոված, քյաբաբ, քյուֆթա։
Հռիփսիմե Ավագյան
Մամաս պապային անընդհատ մերժել է։ Պապան էլ մամային հանդիպման է հրավիրել պտտվող սրճարանում։ Իրենց առաջին հանդիպումն է եղել։
Հրաչյա Պողոսյան
Պտտվող սրճարանի միտքը նույնպես միանգամից առաջացավ։ Ակադեմիկոսի ինժեներ տղային դիմեցինք։ Կար հնարավորություն փոքր բարձրության վրա անիվներ դնելու ու պտտելու։ Էլեկտրական շարժիչների վրա էր ամբողջությամբ։ Երկու պտտած ռելսեր՝ գետնին, իսկ սրճարանի հատակին՝ տակից, ռեզինով փաթաթված պտտվող անիվներ։
Ռուզաննա Վրթանեսյան
Բացման օրից 11 տարի ադմինիստրատոր եմ աշխատել։ Երկու անգամ տարվա լավագույն աշխատողի պատվոգիր եմ ստացել։ Ժամը տասին գնում էինք, հաջորդ օրը տասին հետ գալիս։ Շատ ժամանակ Զառային՝ աղջկաս, հետս տանում էի գործի։ Հյուրանոցի համարներում էր քնում։ Մինչև չորրորդ դասարան հետս գալիս էր։ Ամբողջ երիտասարդությունս Երիտասարդական պալատում անցավ։
Արտաշես Շահվերդյան
Մեր վկայականները սխալ էին հանձնել, բայց շուտով մենք մերը գտանք։ Հետո գնացինք հրապարակ, Լենինի արձանին ծաղիկներ դրեցինք։
Անահիտ Թարխանյան
Դա պարզապես շենք չէր, այլ ազատ Հայաստանի հուշարձանը։ Հայրս՝ Արթուր Թարխանյանը, շատ էր սիրում ու հիանում այս հուշարձանով, երազում էր Հայաստանի ազատության օրվա մասին։
Հրաչյա Պողոսյան
Յուրաքանչյուր սենյակի առաջ բալկոններ էին, այդ բալկոնները որոշեցինք ձևավորել, և այդ շենքը նմանվեց կրծած կուկուռուզի։ Ամոթ է ասել, բայց իմ գաղափարն էր բալկոնների այդ դիզայնը։
Զոյա Ռասկին
Տասներեք տարեկան էի, մեր մյուզիքլի պրեմերիան մեր դպրոցում կայացավ, հաջողված էր: Որոշ ժամանակ անց ռեժիսորը ասաց. «Պատրաստվեք, մենք պետք է ելույթ ունենանք Երիտասարդական պալատի համերգասրահում»։ Իհարկե, այլ մակարդակ էր, քանի որ մեր ներկայացման տոմսերն արդեն վաճառվել էին։
Հրաչյա Պողոսյան
Հազար տեղանոց դահլիճ, ամֆիթատրոն․ կտուրը թիթեղից էինք արել։ Ստացանք գնդի մակերես, դրա վրա էլ, երբ ջուրը լցրինք, 30 մետր տրամագիծ կարողացանք ապահովել: Լողավազանի դահլիճի վերևում վերելակ դրեցինք, որպեսզի մարդիկ մուտք ունենան ամֆիթատրոնի վերևի լողավազան:
Արտաշես Շահվերդյան
Հետո բոլորս գնացինք դիմացի այգում, որտեղ ո՛չ ծառ ու ծաղիկ կար, ո՛չ էլ Այվազովսկու արձանը, ծառեր տնկեցինք: Մեր տնկած ծառը դեռ կա։ 2 մեծ ճյուղեր ունի, մենք էլ 2 որդի ունեցանք:
Գրիգոր Ազիզյան
Եթե ուզենք հասկանալ, թե ինչու՞ պալատը քանդվեց, դժվար թե պատասխանը գտնենք։
Մենք՝ որպես կառույցի հեղինակներ, չգիտենք՝ ով որոշեց, որ կառույցը սեյսմակայուն չէ, և պետք է քանդել։ Դա շատ մեծ հարված էր։ Պայքարեցինք, որ չքանդեն, բայց, ի վերջո, ծիծաղելի գումարով վաճառվեց։
Ես մի քանի առաջարկ եմ արել սեփականատիրոջը, որը կօգներ խնդիրը լուծել և շենքը չքանդել, բայց նա 8-րդ հրաշալիքն էր ուզում կառուցել։
Գլխավոր լուսանկարը՝ Անահիտ Թարխանյանի արխիվից
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լուսինե
Հակոբյան
Ուսանողներ
Անի
Ղումաշյան
Ուսանողներ
Սերինե
Աղաբեկյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան