Սիրելի ընկերներ,
Հետք Մեդիա Գործարանն արդեն 5 տարի անվճար կրթում է պատասխանատու և սկզբունքային լրագրողների սերունդ։ Մենք համոզված ենք՝ որակյալ կրթությունն է այն միակ ճանապարհը, որը տանում է դեպի շեն ու շիտակ երկիր։ Մենք միշտ բաց ենք եղել ուսման ձգտող երիտասարդների առաջ՝ պատրաստ նրանց ուղղորդելու կյանքի ու մասնագիտության հարցերում։ Բայց շուտով մեր դռները կարող են փակվել։
Գործարանի հիմնական աջակիցն անսպասելիորեն դադարեցրել է ֆինանսավորումը: Պարզ ասած՝ մենք այլևս միջոց չունենք շարունակելու մեր գործը։ Բայց մենք չենք հանձնվում, չենք ուզում թողնել այն, ինչ սիրով ենք անում և տեսնում ենք արդյունքը, չենք ուզում փակել դռներն այն երիտասարդների առջև, որոնք ամեն տարի դիմում են մեզ՝ մասնագետ դառնալու երազանքով։
Քննադատաբար մտածել, աշխատել թիմում, համարձակ հարցեր տալ, սովորել գրել ու խոսել և որ ավելի կարևոր է՝ լսել, ընկալել և հետևություններ անել. սա ենք սովորեցնում մեր ուսանողներին՝ հետաքննական և մուլտիմեդիա լրագրության գործիքներին ու հմտություններին զուգահեռ։
Մեր շրջանավարտներից շատերը պատրաստ են աշխատանքին ու կյանքին՝ որպես բանիմաց ու սկզբունքային մասնագետներ, ազնիվ ու պինդ անհատներ։ Նրանք գործի են անցել թե՛ տեղական առաջատար լրատվամիջոցներում, թե՛ միջազգային հարթակներում՝ արժանանալով տասնյակ մասնագիտական մրցանակների։
Նրանք բացահայտում են քողարկված ճշմարտությունները, գտնում են մոռացված պատմությունները, բարձրաձայնում են մարդկանց խախտված իրավունքների մասին, խոսում են ցավոտ ու կարևոր թեմաներից. դա այն է, ինչի կարիքը Հայաստանն ունի, համոզված ենք։
Իսկ Հետք Մեդիա Գործարանը ձեր աջակցության կարիքն ունի։ Եթե դուք՝ անհատ, կազմակերպություն կամ հիմնադրամ, կարևորում եք անկախ ու ազդեցիկ լրագրությունը Հայաստանում, մենք բաց ենք ձեր գործընկերության և առաջարկների համար։ Ձեր օժանդակությամբ մենք կշարունակենք կրթել պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրողների հաջորդ սերնդին։ Մեզ կարող եք սատարել՝
- կիսվելով այս գրառմամբ,
- կապելով մեզ պոտենցիալ աջակիցների հետ,
- նվիրաբերելով գումար։
Շնորհակալություն։
Կապի համար՝ info@mediafactory.am, հեռ.՝ +37455424025