Ծնունդով Արցախից, հնդկական անվամբ Արունան. «Մի՛ հուսահատվեք, հուսահատությունը վատ ընկեր է»
— Ժամանակին հնդկական ֆիլմ կար՝ «Ներիր ինձ, Արունա»։ Ծնողներս հերոսուհուն հավանել ու իմ անունը Արունա են դրել:
— Իսկ քո և ֆիլմի Արունայի կյանքը նմա՞ն են:
— Չէ, ինքը կինոյի հարուստ աղջիկ է: Ամուսնանում է աղքատ տղայի հետ, և իրենց սիրո պատմությունը երջանիկ ավարտ է ունենում: Դե, հնդկական կինո է, էլի,— ժպտում է Արունան:
Ինքը 4 ամսական հղի է եղել, երբ երեխայի հայրը հեռացել է։ Տղային միայնակ է մեծացնում։
Արունա Պողոսյանը ծնվել է Արցախի Քյուրաթաղ գյուղում, կրթությունը ստացել է Ստեփանակերտում, պատմություն և աշխարհագրություն է դասավանդել Հադրութի Հայկավան գյուղում։
«Հայկավանը աշխարհից կտրված էր։ Աշակերտներն աշխարհագրությունից գիտելիք չունեին, քարտեզները կլորացրած, անկյունում գցված էին: 10-րդ դասարանում էլ էի սովորեցնում՝ ինչ է աշխարհագրությունը, 5-ում էլ, 6-ում էլ։ Մինչև երեխաները հունի մեջ ընկան, պատերազմն սկսվեց, ու բոլորս դուրս եկանք գյուղից»,— հիշում է Արունան:
2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան պայթյուններ են լսել ու պատսպարվել անտառում։
«Մոտ 10 ընտանիք էինք, ամեն ընտանիքում՝ 6-7 երեխա։ Սպասում էինք մեքենայի, որ անտառից դուրս գանք: Երեխաներն արդեն քաղցած էին: Ջահել աղջիկներ կային, մեկն ասաց՝ ես չեմ վախենում կրակոցներից, երեկ լավաշ եմ թխել, գնամ, գյուղից բերեմ: Վազելով գնաց, լավաշները վերցրած եկավ»,— պատմում է Արունան:
Մեկ օր մնացել են անտառում, հետո որդու և ծնողների հետ գնացել են Մեծ Թաղեր։ Մտածել են, թե փրկվել են, բայց կրակոցներն այստեղ էլ են հասել։ «Ոնց որ պատերազմը հետևներիցս գար: Էլ հնար չկար, եկանք Հայաստան»:
Հրազդանի Կոճոռ թաղամասում ծանոթներից մեկն անվճար տուն է տվել՝ ժամանակավոր․ խաղաղվեր՝ պիտի վերադառնային Արցախ։
«Էդ տանը վաղուց մարդ չէր ապրել: Կարգի բերեցի, տեղավորվեցինք: Հաջորդ առավոտ տեսնեմ՝ խոհանոցում տեղ չկա. ամենուր սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ էին։ Անընդհատ մարդիկ էին գալիս: Մեկն ասում էր՝ ես ձեր կողքի հարևանն եմ, մյուսը՝ ներքևի հարևանն եմ։ Ասում էին՝ չվախենաք, էստեղ ենք»,— հիշում է Արունան՝ դողացող ձայնով։
Հարևանուհին է Մարատին առաջին դասարան տարել։ Ասել է՝ պատերազմի ավարտին սպասել պետք չէ, երեխան պիտի դպրոց գնա։ Մարատն արդեն չորրորդ դասարանում է։
2020-ի պատերազմից հետո Քյուրաթաղն ու Հայկավանն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արունան ու որդին հաստատվեցին Հրազդանում։
Հայկավանի մասին խոսելիս՝ Արունան հաճախ շանն է հիշում․ թողեցին՝ հույսով, թե վերադառնալու են։ Պահել է իր և որդու կոշիկները, որոնցով Արցախից Հայաստան են եկել։
Մայր ու տղա տանը Հադրութի բարբառով են շփվում։
Արունան Հրազդանում մասնագիտությամբ աշխատանք չի գտել: Դիմել է ԿԳՄՍ նախարարություն, մարզկենտրոն, բայց անարդյունք։ 2021-ի հունիսին համացանցում տեսել է, որ «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն ասեղնագործության և կարի երկամսյա անվճար դասընթաց է կազմակերպում, դիմել է։
«Հայրս երկար տարիներ մեր գյուղի դպրոցի տնօրենն էր, մանկուց մտածել եմ՝ իմը գրքերն են, գիտությունը։ Ասեղնագործությունը, թելերը շատ հեռու էին ինձնից, անգամ կոճակ կարել չգիտեի»,— հիշում է Արունան։
Կենտրոնում Մարաշի ասեղնագործություն է սովորել։ Սկզբում դժվար է եղել։ Ասում է՝ թելերը իրարից բաժանելը, ասեղն արագ թելելը, նախշեր գործելը բարդ էր։ «Բոլորը թելում էին, ես չէի հասցնում: Տղաս մի անգամ ասաց՝ մամ, դու հետ ես մնում: Երեխայիս նկատողությունը սթափեցրեց, շատ ջանք թափեցի, ու ստացվեց»։
Արունան նաև կարուձևի դասընթացի է մասնակցել։ Ավարտելուց հետո բիզնես նախագիծ է ներկայացրել և Միգրացիայի միջազգային կազմակերպությունից կարի մեքենա նվեր ստացել: Հիմա կարում է, ասեղնագործում և նկարում։ Հայկական նախշերով և արցախյան բարբառով է զարդարում իր աշխատանքները՝ անկողնային պարագաներ, սփռոցներ, նոթատետրեր, հագուստ։
«Կողքից գուցե չերևա, բայց ասեղնագործությունը բարդ աշխատանք է. ձեռքերդ և ուղեղդ զուգահեռ են աշխատում: Ճշգրիտ հաշվարկ, կենտրոնացում և հմուտ ձեռքեր են անհրաժեշտ լավ ասեղնագործելու համար: Պետք է հիշես՝ որտեղից սկսեցիր և հստակ իմանաս՝ ուր ես գնում։ Մարաշի ասեղնագործությամբ զբաղվելով՝ կարծես դարձել եմ մեր մշակույթի մի մասնիկը կրողն ու փոխանցողը»:
Հրազդանում վարձով բնակարանի պատշգամբն Արունայի աշխատանքային տարածքն է։ Պատերին նկարներ են, չորսբոլորը՝ կտորներ և փաթեթավորած պատվերներ։
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոնի» հետ է համագործակցում, տեղացիներից է պատվերներ ընդունում։ Ասում է՝ աշխատանքն իրեն ինքնավստահ է դարձրել․
«Ամեն անգամ, երբ թելերը խճճվում են, մտածում եմ՝ կյանքի նման է. մի բան հեշտ է ստացվում, մի ուրիշ բան՝ դժվար։ Դժվարությունը պետք է համբերությամբ և աշխատանքով հաղթահարես»:
Մատնահարդարում էլ է սովորել, բայց դրանով իր տանն է զբաղվում։ Ասեղնագործելուց ու կարուձևից բացի, Արունան ծաղկի սրահում է աշխատում՝ ֆլորիստ-վաճառող է։
Ժամանակին իրեն օգնեցին, հիմա ինքն է օգնում․ 2023-ին Արցախից տեղահանված աղջիկներին ասեղնագործել է անվճար սովորեցնում:
«Դժվար է, բայց ամեն գնով փորձում եմ պահպանել լավատեսությունս, հույս տալ մարդկանց: Արցախից նոր եկած հարազատներիս, քույրերիս, ծնողներիս ասում եմ՝ մի՛ հուսահատվեք. հուսահատությունը վատ ընկեր է»։
Սույն ֆոտոպատմությունը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Ֆոտոպատմության մեջ արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, CERF-ի կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեսակետին։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Տաթևիկ
Աջամողլյան
Ուսանողներ
Անի
Բալայան
Դասախոս՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Ժաննա
Բեքիրյան
Թիմ
Հարություն
Մանսուրյան