Լոնգ րիդՆոյեմբեր 12/2021
  • armenian
  • english

Մեղուները և կլիման. վերջին բզզո՞ց

Հեղինակից

Այս ամառ մեր սովետական Vaz2106-ով հորս հետ ճամփորդեցինք 7000 կմ, եղանք Հայաստանի բոլոր 10 մարզերում, խոսեցինք 100 մեղվապահի հետ:

Նպատակն էր պարզել, թե արդյոք վերջին տարիներին Հայաստանում մեղվաընտանիքների քանակը նվազում է և որոնք են մեղուների անկման վրա ազդող գործոնները:

Բոլորս գիտենք, թե ինչ ինչ կարևոր ու անփոխարինելի դեր ունեն մեղուները էկոհամակարգերում, գյուղատնտեսությունում ու, ընդհանրապես, մարդու կենսագործունեության մեջ։ Այդ մասին ավելի մանրամասն պատմել եմ նախորդ հրապարկման մեջ։

Այս հրապարակմամբ միանգամից կներկայացնեմ Հայաստանի բոլոր մարզերից 100 մեղվապահի շրջանում անցկացրած հարցման և հետազոտության արդյունքները:

zoom
zoom
Ապարանի ճանապարհին մեղր վաճառող Ուջանցի (Արագածոտն) Ասատուրը 2021 թվականին կորցրել է 20 փեթակ։

Վերջին հինգ տարիներին մեղվաընտանիքների նվազման միտում կա։ Հարցված 100 մեղվապահից 69-ը նշել են, որ նշված ժամանակահատվածում փեթակներ են կորցրել։ Կորուստներ են եղել հատկապես Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, մասամբ նաև Արմավիրի և Լոռու մարզերում։

Բացի նվազող քանակից, մեղվապահներից շատերը նշում են նաև, որ ընկել են միջատների որակական հատկանիշները՝ դառնալով ավելի պասիվ և քիչ բերքատու։

Վերջին հինգ տարիներին մեղվապահները նկատել են մեղվաընտանիքների քանակի նվազում

zoom

Անկման պատճառներ

Միջազգային գիտական աշխատություններում առանձնացնում են մեղվաընտանիքների անկումների մի քանի հիմնական պատճառ․ մեղուների շրջանում տարածված հիվանդություններ, այգեգործության մեջ օգտագործվող թունաքիմիկատներ, կլիմայի փոփոխություն և այլն։

Վատ եղանակային պայմաններն ու հիվանդությունները որպես մեղվապահների առաջին խոչընդոտ

zoom

Հիվանդություններ

Հայաստանում մեղուների շրջանում տարածված է վարրոատոզ հիվանդությունը, որի հարուցիչ վարրոա տիզը մեղուների ու մեղվապահների մշտական անցանկալի հյուրն է։ Այն տարածված է ամբողջ աշխարհում (բացի Ավստրալիայից) ու դեռ որևէ երկիր չի կարողացել ազատվել վարրոա տզից։ Մեղվաընտանիքն այս հիվանդությունից փրկելու հիմնական տարբերակը պարբերաբար բուժելն է։

Բացի վարրոատոզից, ուսումնասիրությանը մասնակցած մեղվապահներն առանձնացրել են նաև այլ հիվանդություններ։ Մասնավորապես, նրանցից 18-ի մեղվաընտանիքներում հայտնաբերվել է փտախտ, 6-ի մոտ` փորլուծություն, 7-ի` սնկային և 5-ի մոտ էլ այլ հիվանդություններ:

Մեղվապահական դեղամիջոցների, այսինքն, մեղուների համար նախատեսված դեղանյութերի հանդեպ վստահությունը Հայաստանի մեղվապահների շրջանում մեծ չէ։ Նրանցից 26-ը վստահորեն նշում են, որ կրած կորուստների պատճառը հենց տեղի շուկայում վաճառվող դեղամիջոցներն են, ինչը շատերին ստիպում է դրանք ներկրել Ռուսաստանից։

zoom
Նորարարական մոտեցումներ կիրառող մեղվաբույծ Ալեքսան Եղիազարյանը խորհուրդ է տալիս օգտագործել միայն լիցենզավորված դեղամիջոցներ (Աղավնաձոր, Կոտայք)։

Մեղվակերներ

Հարցման արդյունքների համաձայն՝ փեթակների քանակի վրա ազդող պատճառներից մյուսը գիշատիչների հարձակումներն են. մեղվակեր թռչուններ, կրետներ, ցեցեր ու բզեզներ, երբեմն էլ արջեր։

Եվրոպական մեղվակերը, որին անվանում են նաև «կլիմայի փոփոխության սուրհանդակ», մեկ տարում ուտում է շուրջ 1333.39 ± 759.8 մեղու․ դրա սննդակարգի մոտ 42%-ը մեղրատու մեղուներն են։

Եթե մեղվապահ եք և հատկապես ամպամած եղանակին կամ անձրևից հետո այդ սիրուն ու գունավոր թռչունները մոտենում են փեթակներին ու, ինչպես հենց դուք եք ասում, «չրթում մեղուներին», ապա հաշվի առեք, որ կա գիտականորեն ապացուցված մեթոդ, որն ինչ-որ չափով օգնում է մեղվակերների դեմ պայքարում։

Հայաստանում երբեմն մեղուների բզզոցից բացի փեթակներից գալիս են նաև վայրի թռչունների ձայներ․ դրանք միացնում են մեղվապահները՝ մեղվակերներին «քշելու» համար։ Մեղվակերների դեմ պայքարում են նաև փայտե սյուների վրա էլեկտրական հոսանքալրեր կապելով, սակայն, ըստ գիտափորձի, դրանք համարյա թե անօգուտ են։ Գիշատիչ թռչուններից պաշտպանվելու ամենաարդյունավետ եղանակը փեթակները ցանկապատելն է, տանիք կապելն ու ներսում ջուր դնելը։ Այսպիսով, մեղուները ջուր խմելու համար շատ չեն հեռանա փեթակից, իսկ մեղվակերը չի կարողանա մոտենալ արկանոցներին։

Որոշ մեղվապահներ զենքով սպանում են թռչուններին, սակայն մեղվակերներից կանաչը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, որին վնասելն արգելվում է։

Հարց մեղվապահներին․ - Վերջին 5 տարիներին մեղվակեր թռչունների թվի աճ նկատե՞լ եք։

zoom

Մայր մեղու

Հարցված 100 մեղվապահներից 29-ը փեթակների քանակի նվազման պատճառ են նշում մայր մեղվի անարդյունավետությունը։

Մեղվապահներին անհանգստացնում է մեղվամայրերի քիչ ձվարկելու և փեթակները հաճախ լքելու հանգամանքները։

zoom
Ուջանցի Արմանը հպարտությամբ ցույց է տալիս իր հին, կյանքն ապրած մեղվամայրերին, որոնց պահում է լուցկու տուփի մեջ։ Ձախից աջ՝ կծան, սուպեր։

Թունաքիմիկատներ

Մեղվապահությունն ու այգեգործությունը, գործնականում, հաճախ հակադրվում են․ լավ բերք ստանալու համար օգտագործվող թունաքիմիկատները թունավոր են մեղուների համար։ Չնայած սրսկումների հասցրած վնասների մասին խոսելիս՝ մեղվապահներից շատերը չեն մեղադրում այգեգործությամբ զբաղվող համագյուղացիներին։

Թունաքիմիկատների վնասակար ազդեցությունն առավել տարածված է Արարատի, Արմավիրի, Շիրակի և մասամբ Արագածոտնի մարզերում, որտեղ զարգացած է հողագործությունը։

Չնայած արտաքին գործոնների առկայությանը՝ հարցված մեղվապահներից տասը կարծում են, որ, այնուամենայնիվ, փեթակների որակն ու քանակը պայմանավորված է նաև մեղու պահողի հմտություններով և հոգատարությամբ (մարդկային գործոն)։

Հարց մեղվապահներին. - Սեփական այգում թունաքիմիկատներ օգտագործու՞մ եք։

zoom

Կլիմայի փոփոխություն

Կլիմայի փոփոխությունը ոչ միայն ուղիղ կերպով ազդում է մեղուների աշխատանքի վրա, այլ նաև սրում արդեն իսկ տարածված խնդիրները՝ հիվանդություններ, տզեր, սննդի և ծաղկափոշու որակ և այլն։

30 °C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում մեղուների աշխատանքի տեմպն ընկնում է. ամենաժրաջան աշխատանքը միջատները կատարում են 18-25 °C-ի պայմաններում։ Ի դեպ, Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանն ամռանն անցնում է 40 °C-ի շեմը։

Օդի տարեկան միջին ջերմաստիճանը բարձրացել է

zoom

Օդի տարեկան միջին ջերմաստիճանի շեղումը 1961-1990 թթ. նորմայից

zoom

«Մենք սովորաբար մեր մեղվաընտանիքները ապրիլի 4-6-ի միջակայքում ենք հանում ձմեռանոցից, երբ դրսի ջերմաստիճանը մոտ 14-15 °C է, բայց վերջերս սկսել ենք մարտ ամսին դուրս հանել։ Մեղուն անգամ մեղվանոցում դրած է արթնանում, զգում է, որ ջերմաստիճանը բարձրանում է»,- պատմում է Շիրակի մարզի Քեթի գյուղի մեղվապահ Մելանյան։ Բանն այն է, որ իրենց շրջանում մեղուն զարգանում և աճում է մինչև հուլիս ամիս, սակայն տաք ջերմաստիճանից պտղածաղիկն արագ սպառվում է և սկսում է ծառերի բողբոջելը, իսկ դեռ չզարգացած մեղուն չի հասցնում իր գործն անել։

zoom
Տավուշի Խաչարձան գյուղի մեղվապահ Աբգարի կարծիքով նկարներում պատկերվածը մեղուների կողմից անսովոր վարքի դրսևորում է․ նրանք երեկոյան ժամին փեթակից դուրս են եկել հովանալու։
zoom

Տեղումների շատ և քիչ լինելը ուղիղ կերպով ազդում է մեղուների բերքատվության վրա։ Գյուղատնտեսական կուլտուրաների բնականոն աճի համար անհրաժեշտ ջուրն ու խոնավությունը գնալով պակասում է։ 2021-ի մասին խոսելիս բոլոր մեղվապահները հիշատակում են «երաշտ» բառը, նշելով, որ այսպիսի չորային տարի շատ վաղուց չէր եղել։

Արտավան գյուղը, որտեղ բնակվում է մեղվապահ Կարինեն, Վայոց Ձորի բարձրադիր բնակավայրերից է, գտնվում է ծովի մակերևույթից 1880 մետրի վրա։

«Առաջ մեզ մոտ անգամ լոլիկը չէր կարմրում, իսկ ձյուն շատ էր գալիս։ Հիշում եմ՝ ձյան հաստ շերտի մեջ թունելներ էինք սարքում, որ տրակտորներով կարողանայինք անցնել։ Վերջին 20 տարին նման բան չկա, լոլիկն էլ կարմրում է»,- պատմում է Կարինեն։

Մթնոլորտային տեղումների քանակի շեղումը 1960-1990 թթ. նորմայից

zoom

Ջերմոցային գազերի լավագույն բացատրությունը տվել է NASA-ի մանկական նախագիծը․

«Ջերմոցային գազերը Երկիր մոլորակի մթնոլորտում գտնվող ու ջերմությունը պահող գազերն են։ Դրանք արևի լույսին թույլ են տալիս ներթափանցել մթնոլորտ և չեն կարողանում այդ նույն արևի լույսի բերած ջերմությունը դուրս հանել մթնոլորտից»: Գրաֆիկում ներկայացված գազերի ամբողջությունն արևի ջերմության հետ միասին առաջացնում են ջերմոցային էֆեկտ, որը կլիմայի փոփոխության գլխավոր բաղկացուցիչներից է։

Հյուսիսամերիկյան մեղուների վրա կատարած հետազոտության համաձայն՝ որքան ավելանում է CO2-ի քանակը, այնքան նվազում է միջատների համար անփոխարինելի սնունդ համարվող ծաղկափոշու մեջ սպիտակուցի քանակը։

Ջերմոցային գազերի արտանետումները ևս ավելացել են

zoom

Մեղվապահի սոցիալական խնդիրները

Մեղվի աշխատանքի տեմպը, ընդունած սննդի և արտադրած մեղրի որակն ու քանակը ուղիղ համեմատական են մեղվապահի սոցիալական վիճակի հետ։

Մեղվի մեկ փեթակն այս տարի միջինում արժե 40 հազար դրամ, և յուրաքանչյուր մեղվաընտանիքի անկում կարող է ֆինանսական և գյուղատնտեսական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել մեղվապահին։ Գյուղատնտեսական ապահովագրությունները գործում են միայն հողատարածքների՝ մի քանի տեսակ մշակաբույսեր պաշտպանելու համար, գյուղատնտեսական վարկեր էլ շատ քչերի են տրամադրում։

Շատ մեղվապահներ ասում են, որ փեթակների քանակը դիտավորյալ չեն շատացնում, որովհետև բերքը չեն կարողանում վաճառել: Բոլոր շրջանների մեղվապաները փաստում են, որ ստացված մեղրի իրացման (մթերման) տեղեր գրեթե գոյություն չունեն։ Ստացվում է, որ մեղվապահն ամբողջ տարի աշխատում է առանց ապահովագրության, կրում բազմաթիվ վնասներ, վերջում էլ չի ստանում սպասված եկամուտը։

Երբեմն համայնքապետարանները կամ մասնավոր կազմակերպությունները փեթակներ են նվիրաբերում գյուղացիներին, բայց դրանց օրինակները, գործնականում, շատ քիչ են։ Այս ամենի հետ մեկտեղ 2020 թվականի պատերազմը ուղիղ կերպով ազդեց ոչ միայն սահմանամերձ գոտիներում ապրող մեղվապահների, այլ գրեթե բոլորի վրա․ շատերը պատերազմական գործողություններին մասնակցելու պատճառով մեղուներով զբաղվելու ժամանակ չունեին։

Պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի մարզի Շիկահող գյուղի մեղվապահ Արմենակը պատմում է մեղուների մասին հոգ տանելու իր խնդիրների մասին։

zoom
Կրաշեն, Շիրակ
zoom
zoom

Մեղվապահական համայնքը բազմազան չէ․ նրանցից շատերը մեծահասակ տղամարդիկ են, որոնք հետո այդ զբաղմունքը, հիմնականում, ժառանգաբար փոխանցում են իրենց զավակներին։ Հարցված 100 մեղվապահներից միայն 9-ն էին կանայք։

Կայծերուհին ունի 42 մեղվաընտանիք (Կաքավաձոր, Արագածոտն)

Հնարավոր լուծումներ

100 մեղվապահի հետ հանդիպել ու զրուցելը միաժամանակ բարդ էր ու հաճելի, ճանապարհները հոգնեցնող էին, բայց զրույցների ընթացքում նրանցից ստացած էներգիան բավական էր ամբողջ օրը լիցքավորված զգալու համար։ Այդպիսի ջերմ ու դրական էներգիայով էլ մեղվապահները փորձում են «եղանակից կախված» իրենց գործով մշտապես հարմարվել նոր դժվարություններին ու կլիմայական անկանխատեսելի ազդեցություններին։

Մաքուր մեղր փնտրելուց առաջ նախ պետք է հասկանալ, որ այն ստեղծելը հեշտ չէ։ Ժամանակատար այս գործի համար երբեմն պետք են գալիս օգնող ուժեր. փեթակները տեղափոխելու համար մեքենաներ, ստացած մեղրի համար մշտական մթերման կետեր, ապահովագրական երաշխիքներ և այլն։

Մեղվապահական ոլորտին անհրաժեշտ են նաև համակարգային ու ֆինանսական աջակցություններ, մեղվապահական գործող միություններ, վստահելի ու մատչելի տեղեկատվական աղբյուրներ և մշտադիտարկումներ։

Ալեքսյան Եղիազարյանը պատմում է, թե ինչու է պետք փայտե փեթակները փոխարինել պոլիուրետանից պատրաստվածներով։

Իսկ եթե մեղվապահ չես, բայց ուզում ես մեղուներին ու մնացած այլ փոշոտողներին օգնել, ապա շատ ծառեր ու ծաղիկներ տնկիր, հատկապես նեկտարատու։

Ու թող մեղուների բզզոցը չդադարի՜։

zoom
Արալեզ, Արարատ

Մեթոդաբանություն

Հարցման մասնակից 100 մեղվապահներին ընտրել ենք պատահականության սկզբունքով՝ QGIS ծրագրով (յուրաքանչյուր մարզից 10 մեղվապահ)։

Կլիմայի փոփոխության տվյալները վերցրել ենք Ազգային վիճակագրության ծառայության կայքից։

Տվյալներ

Պատրաստվել է Հայաստանում «Բրիտանական Խորհրդի» և Future News Worldwide-ի աջակցությամբ։

zoom

Հեղինակ՝

Ուսանողներ

Քրիստիան

Գինոսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Թիմ՝

Թիմ

Անի

Հովհաննիսյան