13.03.2003 թ., Սասունը աղջիկ ունի
Արտաքին տեսքից երևում է, որ լքված է ու, ասես ծանր հիվանդ՝ վերջին օրերն է ապրում։ Պատերն աննպատակ կանգուն են, տանիքին անցքեր են բացվել, պատուհանները չկան։ Դրսում լռություն է, իսկ ներսի դատարկության մեջ, թվում է՝ անցյալից ձայներ են լսվում՝ հիվանդի տնքոց, նորածնի լաց ու ուրախությունից շամպայն տրաքացնող հայրերի գոռգոռոց։

Վիրահատարանի անապակի լուսամուտը շրջանակի մեջ է առել Լենկթեմուրի սարը։ Ժողովուրդը մոնղոլ նվաճողի անունը դրել է սարի վրա, որովհետև նրան չի հաջողվել սարը գրավել։
Լուսամուտից ներս աղբ է՝ ջարդված սալիկներ ու ապակի, ներարկիչ ու դեղահաբեր։

Գետնին թափված բժշկական գրքեր կան, հիվանդանոցի մատյաններ։ Մաքրում եմ խունացած մատյանի էջերի փոշին, ու երևում է ինչ-որ մեկի անալիզի պատասխանները՝ սուր աղիքային ինֆեկցիա։ 35 տարվա գրառումներից իմանում եմ, որ 1990-ի օգոստոսի 17–ին Ասլանյան Արմենն ու Սուքիասյան Ռոբերտը դուրս են գրվել հիվանդանոցից։ Կարդում եմ՝ բաժանմունքում կա 6 հիվանդ, 8 խնամող։ Ձեռագիրը պարզ չէ, բայց կարդալ հնարավոր է։


Առաջին հարկում եմ․ ոչ ոք չկա, բայց մարդկանց ներկայություն եմ զգում։ Մտքումս պատկերվում են Բակուրի աղջիկը, Սամոյի տղեն, Արմենի սիրուն աղջիկը, Գարիկի չորս աղջիկներն ու տղան, և հենց իրենք՝ Բակուրը, Սամոն, Արմենն ու Գարիկը։ Պատկերացնում եմ՝ ոնց են կանգնել աթոռի կամ, գուցե, աստիճանի վրա, գրել են անուններն ու ուրախացել: Որտե՞ղ են հիմա երջանիկ հայրերը, չգիտեմ, միայն փոշոտ անուններ են մնացել պատին։


Ֆեյսբուքի խմբերից մեկում տեղադրեցի այս նկարները՝ վերնագրելով. «Փնտրվում է Սուրոյի տղան, ճոճկանեցի Մարատն ու իր տղան»: Լոռեցիները միանգամից արձագանքեցին: Ափսոսացին, որ երբեմնի կարևոր նշանակություն ունեցող հիվանդանոցն այժմ այս տեսքն ունի: Ֆեյսբուքյան մի օգտատիրոջ օգնությամբ գտա Ճոճկանի Սուրոյի տղային։ Պարզվեց՝ Ռուսաստանում է։

Էլի եմ քայլում ու հանդիպում եմ․ թվում է՝ տեսնում եմ հորս՝ երջանկացած աչքերով։ Ծնվել եմ ես՝ հորս առաջնեկը։ 13.03.2003թ. Սասունը աղջիկ ունի

Ես այս պատերի ներսում եմ տարեկան ստուգումներ անցել։ Այստեղ է բժիշկ Ս. Ն.-ն ինձ համարյա թե վայր գցել, բայց, բարեբախտաբար, հայրս հասցրել է բռնել։


Ահա և մայրս, իր աշխատավայրում նստած՝ մատյանները լրացնելիս։ Զգում եմ գանգուր մազերի բույրն ու լսում բարձրակրունկների կտկտոցը։ Հայրս նրան ամեն օր հիվանդանոց էր ճանապարհում՝ Մուրադի նման հպարտ կեցվածքով, աչքերն աջ ու ձախ անելով:


Ախթալան ժամանակին մարդկանցով լիքն էր, կյանքով լցված։ Նրանց սպասարկելու համար էր հիվանդանոցը բացվել։ Հորս պատմելով՝ հիվանդանոցում փորձառու բժիշկներ են աշխատել՝ ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով: Եռահարկ հիվանդանոցը սպասարկել է նաև մոտակա բնակավայրերի բնակիչներին՝ Թեղուտից, Այրումից, Ճոճկանից, Նեղոցից։
Հինգ բաժանմունք է ունեցել՝ թերապևտիկ, վիրաբուժական, մանկական, նյարդաբանական և ծննդատուն։

Այսօր ո՛չ հիվանդանոցը կա, ո՛չ էլ երևի այնտեղ աշխատած, բուժված մարդկանցից շատերը։ Պատերի հիշողություններն են մնացել։
Հիվանդանոցը բացվել է 70-ականների սկզբին:


Հեղինակ՝
Ուսանողներ
Էդիտա
Նասիբյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան