Ֆոտո պատմությունՆոյեմբեր 5/2024
  • armenian
  • english

Կարգավիճակը՝ արտոնյալ, տները՝ դատարկ․ Վահրավար

Հայաստանի ծայր հյուսիսից ծայր հարավ տեղափոխվելիս կոտրվեց Սամվելի ձեռագործ նվերն Արուսյակին.

«Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո՜յս՝ աչքըն խաւարի։
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի։
Երբ զձուկն ի ջըրէն հանեն, ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն, քան զմեռնելն այլ ճար չի լինի»։

Նահապետ Քուչակի այս տողերն էին փորագրված նվեր-քարին, ներքևում էլ՝ նռան ծառ։ Կոտրված նվերը չեն պահել։

DSC08496.jpg

1986-ին չորս ընկեր՝ ընտանիքներով, Շիրակի Ամասիա գյուղից տեղափոխվեցին Սյունիքի Վահրավար։ «Սովետական Հայաստան» օրաթերթում գյուղերի վերաբնակեցման մասին հայտարարություն էին կարդացել։ Հեռավոր գյուղեր տեղափոխվող ընտանիքներին խոստանում էին ապահովել տնով ու աշխատանքով։ Սամվել Իվանյանը գյուղի կյանքի մասին գրքերից գիտեր, ուզում էր անձամբ տեսնել, ասում է՝ ոգևորվել էր գյուղը փրկելու մտքով։ Կնոջ ու 2 երեխայի հետ եկավ հեռավոր Վահրավար։ Այդ ժամանակ Վահրավարում 40-50 ընտանիք էր բնակվում, մանկապարտեզ ու տարրական դպրոց կար։ Հիմա գյուղը 22 գրանցված բնակիչ ունի։

DSC09017.jpg

Սկզբում Սամվելն ընտանիքի հետ բնակվում էր ժամանակավոր կացարանում, հետո տեղափոխվեցին գյուղ եկածների համար կառուցված 4 տներից մեկը։ Տեղացիները անասնապահությամբ էին զբաղվում. իրենց 10 գառ նվիրեցին։ Հաջորդ տարի Սամվելը 10-ը դարձրեց 20, հետո՝ 40։ Երկար տարիներ՝ մինչև առողջության վատանալը, այծ էր պահում։ Հետո տղաները քաղաք տեղափոխվեցին, օգնող չկար, ու Սամվելը թողեց անասնապահությունը։ Հիմա նռան, թզի ու ընկույզի ծառեր, հատապտուղների թփեր ունի. դրանով են ապրում։

DSC08618.jpg
Արուսյակը պատմում է. «Սամվելին ձեռքի հունարի համար սիրեցի»

Սամվելը Գյումրու Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն է ավարտել, մասնագիտությամբ դիզայներ է։ Մինչև Սյունիք տեղափոխվելն աշխատել է Ամասիայի գրադարանում ու «Արփի» կինոթատրոնում․ ֆիլմերի գովազդներ է պատրաստել, գրքի կազմեր ձևավորել։ Վահրավարում կես դրույքով աշխատանքի է ընդունվել գյուղապետարանում՝ հաշվապահ։ Օրվա մյուս մասն էլ զբաղվել է հողագործությամբ ու փայտագործությամբ։

DSC08788.jpg

«Որ նոր էինք եկել Վահրավար, սալորի ու թզի ծառերը չէի տարբերում, բայց միանգամից նվիրվեցի բնությանը ու կտրվեցի վրձնից։ Արդեն ուրիշ բաներ էի ստեղծագործում, բնությունը հայտնագործեցի, բնական մարդ դարձա»,— պատմում է Սամվելը։

DSC08955.jpg
Սամվելը թոռան՝ Արամի հետ, այգում

Սամվելի կինը՝ Արուսյակը, մանկավարժ է, տեղափոխվելուն պես Վահրավարի տարրական դպրոցում է աշխատել, ընդամենը 6 աշակերտ կար։

DSC08751 Large.jpeg

Տեղացիներից ոմանք նորեկներին թարս աչքով էին նայում. իրենք գործ չունեին, իսկ դրսից եկածներին պետությունը տուն էր տվել, աշխատանքով ապահովել։ Ընկերներն ընտանիքներով վերադարձան Ամասիա, Սամվելն ու Արուսյակն էլ երկու տարի գյուղում ապրելուց հետո մտածում էին Վահրավարը թողնելու մասին։ Որոշումն արդեն կայացրել էին, բայց չհասցրին իրականացնել։ Ի՞նչ կլիներ, եթե հասցնեին ու մինչև 1988-ի աղետալի երկրաշարժը տեղափոխվեին Ամասիա։ Սամվելը ասում է՝ Ամասիայի իրենց տունն ավերվել էր երկրաշարժից։ Ստիպված մնացին Վահրավարում։

DSC08282.jpg
Սամվելի ձեռքի աշխատանքներն են ձևավորում տունը
DSC08285.jpg

Ղարաբաղյան առաջին պատերազմն ու հետխորհրդային շրջանի դժվարությունները պատճառ դարձան, որ մարդիկ լքեն Վահրավարը։ 1999-ին գյուղի դպրոցը փակվեց։ Արուսյակը, վերջին 5 աշակերտների հետ տեղափոխվեց հարևան Լեհվազի դպրոց, որտեղ աշխատում է մինչև այսօր։ Լեհվազից Վահրավար 4 կմ է։ Տարվա մի մասը Արուսյակը դպրոց գնում է համայնքային տրանսպորտով, նոյեմբերից մայիս՝ տաքսիով՝ իր հաշվին։

«Ամռանն է գյուղում շատ մարդ լինում, ձմռանը տեղափոխվում են քաղաք։ Էս 3 գյուղերում՝ Վահրավարում, Կուրիսում, Գուդեմնիսում քիչ մարդ է մնում, հանում են տրանսպորտը։ Որ մենք քիչ ենք, պիտի մեռնե՞նք, տրանսպորտը մի հոգու համար էլ պիտի աշխատի, չէ՞։ Հիմա ես մեղավո՞ր եմ, որ իմ տունը էստեղ է, ես ինչո՞վ պիտի գնամ–գամ»,— վրդովվում է Արուսյակը։

DSC09465.jpg
Դպրոցի նախկին շենքում հիմա ընտանիք է ապրում

Ճանապարհը, տրանսպորտը, գազը, ջուրը․ գյուղում խնդիրները շատ են։

«Գյուղի առաջնային խնդիրը ջրի հարցն է, խողովակները գետից են միացված։ Պատկերացրեք՝ երբ գետը պղտորվում է, էդ պղտոր ջուրը խողովակներով գալիս է մեր տուն, 5 տեղ ֆիլտր ենք դրել, որ օգտվենք»,— ասում է Արուսյակը։

Գյուղում կա նաև բնական գազի խնդիր՝ գազ չկա։ Մեղրի գնացող գազի խողովակները Վահրավարի կողքով են անցնում, կառուցելիս համայնքապետարանից խոստացել են, որ Վահրավարը կգազիֆիկացնեն, բայց չեն արել։ Արդեն 14 տարի՝ ամուսինները ստիպված ձմեռն անցկացնում են Մեղրիում՝ տղայի տանը, միայն Նոր տարին ամբողջ ընտանիքով Վահրավարում են դիմավորում։

DSC082822.jpg
Նախկին գյուղապետարանի տոնածառը․ Նոր տարուն գյուղացիներն այն միասին են զարդարում

Վահարավարում 44 տուն կա, բայց ձմռանը դրանցից միայն 5–ն են բնակելի լինում։ Նախկին գյուղապետ Սարգիս Առաքելյանի ասելով՝ գյուղն ամառանոցային է, տաք ամիսներին Վահրավարում մինչև 70 մարդ է ապրում։ Հիմնականում կենդանիներ են պահում, իսկ աշնանը հավաքած պտուղ-բանջարեղենը վաճառում են Մեղրիում։

DSC09636.jpg
Վահրավարը՝ իր 44 տնով

Վահրավարում խոնարհված եկեղեցի կա, այնտեղ հազվադեպ է մարդ լինում․ քարերը հեռացել են, ճաքերը՝ մեծացել, վախենում են՝ փլուզվի։

DSC09274.jpg
Վահրավարի Սուրբ Գևորգ (Կարմիր վանք) եկեղեցին, 17-18-րդ դդ․

«2020-ի պատերազմից հետո, նախանցած տարի Երևանում տուն գնեցինք, որովհետև զրույց կար, որ միջանցքի համար պիտի Մեղրին վերցնեն։ 4 թոռ ունենք, տարանք Երևան՝ բարեկամի տուն, մոտավորապես մի ամիս էնտեղ ապրեցին, մինչև էդ ընթացքը անցներ։ Ի՜նչ սթրեսներ ենք ապրել, մենք չգիտեինք երեխեքին ուր տանենք, որտեղ պահենք, ստիպված բան-ման ծախեցինք, Երևանում տուն ձեռք բերեցինք, որ Աստված չանի, մի բան լինի՝ 4 պատ ունենանք։ Բա մեր երեխեքին ո՞ւմ դուռը տանք»,— պատմում է Արուսյակը։

Արուսյակի ու Սամվելի որդիները ընտանիք կազմելուց հետո Վահրավարից Մեղրի են տեղափոխվել։ Երիտասարդ ընտանիքների համար գյուղում քիչ հետաքրքրություն կա, բայց կապը գյուղի հետ չեն կորցրել։ Փոքր տղայի որդին՝ Արամը, պապի արհեստն է սովորել։ Ազատ օրերին, երբ ուզում է քաղաքից կտրվել, գալիս է գյուղ՝ պապի հետ փայտ մշակելու, նկարելու։ Գծանկարը պապիկն է սովորեցրել, իսկ գունանկարին Արամն ինքնուրույն է անցել։

DSC08387.jpg
Արամն աշխատում է պապիկի գործիքներով

Արամը դեռ չի որոշել՝ ինչ է ուզում դառնալ․ ճարտարապետ, ինժեներ, թե՞ դիզայներ։ Շատ նախագծեր ունի, ուզում է մայրաքաղաքում եռահարկ տուն կառուցել՝ կինոթատրոնով ու խաղասրահով, ասում է՝ գյուղում անիմաստ է․ ո՛չ տարածք կա, ո՛չ մարդ։

Քույր-եղբայրներից ամենահաճախն Արամն է գյուղ գալիս։ Ասում է՝ Վահրավարը հետաքրքիր է, սիրում է լքված շինությունները հետազոտել։

Վահրավարի խանութի շենքը՝ ռմբակոծված 1993-ին

Գյուղը վերաբնակեցնելու վերջին փորձը խորհրդային տարիներին է արվել, բայց ԽՍՀՄ-ի փլուզումը կիսատ թողեց ծրագիրը։ Հիմա Մեղրի խոշորացված համայնքի զարգացման ծրագրում Վահրավարի անունը չի շոշափվում։ Կառավարությունը, սակայն, Վահրավարը արտոնյալ բնակավայր է դիտարկում, արցախցիներին Վահրավարում տուն ձեռք բերելու համար 5 մլն դրամ է տալիս։ Ոչ մի արցախցի Վահրավար չի գնացել։

Սամվելն ու Արուսյակը հիմա իրենց կյանքն առանց Վահրավարի չեն պատկերացնում ու ցավում են, որ մարդիկ լքում են գյուղը։

«4-5 տարի հետո էս վերջին մոհիկաններն էլ կգնան, ու էլ ոչ մեկ էս գյուղում ձմռանը դռները չի բացի։ Բա ափսոս չի՞ էս գեղեցկությունը, էս հրաշքը, էս բնությունը, էս ամեն ինչը ո՞ւմ թողնես, ինչի՞ թողնես, ո՞ւր գնաս»,— ասում է Արուսյակը։

DSC08993.jpg

— Երբ մեծանաս, գյուղ գալո՞ւ ես,— հարցնում եմ Արամին։

— Չգիտեմ։


Այս նախագիծն իրականացվել է CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական քաղաքականության կամ դիրքորոշման հետ։

Կանադա.png

Հեղինակ՝

Ուսանողներ

Լիլիթ

Մարգարյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան

Թիմ

Ժաննա

Բեքիրյան

Թիմ

Անուշ

Մկրտչյան