Հայաստանի մոռացված գյուղերը՝ արցախցիների վերաբնակեցման հնարավոր հասցեներ
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը արգելափակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 10 ամիս տևած շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծվեց։
Հետք Մեդիա Գործարանի մի խումբ ուսանողներ շրջափակման 6-րդ ամսում սկսեցին ուսումնասիրել փոքրաթիվ բնակչություն ունեցող հայաստանյան գյուղերը։ Ծրագրի նպատակն էր «գույքագրել» Հայաստանի՝ 100-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը, ներկայացնել դրանց աշխարհագրությունը, ռեսուրսները, ենթակառուցվածքները, մարդկանց կյանքը, բնակչության դինամիկան։ Փորձում էինք նաև հասկանալ՝ արդյոք դիտարկվո՞ւմ են այս գյուղերը արցախցիների հնարավոր վերաբնակեցման համար, և ինչ է արվում այդ ուղղությամբ։
Հայաստանում կա 953 գյուղ, որոնցից 122-ը՝ գրեթե 13%-ը, կա՛մ չունեն բնակչություն, կա՛մ ունեն 100-ից պակաս բնակիչ։
Ծրագրի առաջին փուլն սկսեցինք Վայոց ձորից։ Մարզում կա 100-ից պակաս բնակիչ ունեցող կամ դատարկված 12 գյուղ. Վայք համայնքում՝ Կապույտ, Նոր Ազնաբերդ, Հորադիս, Ախտա, Ուղեձոր, Արենի համայնքում՝ Գնիշիկ, Մոզրով, Ամաղու, Եղեգիս համայնքում՝ Սևաժայռ, Արատես, Գետիկվանք, Կալասար։
Կարդացեք նաև՝ Վայք համայնքի մասին
Կարդացեք նաև՝ Արենի համայնքի մասին
Մեր այցելած վերջին համայնքում՝ Եղեգիսում, եղել ենք Սևաժայռ, Գետիկվանք, Վարդահովիտ, Կալասար, Արատես, Հերմոն բնակավայրերում։ Համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշում է՝ առաջնային է խմելու և ոռոգման ջրի խնդիրը, նաև՝ Վարդահովիտ տանող քարուքանդ ճանապարհի բարեկարգումը։ Եղեգիս խոշորացված համայնքի 12 բնակավայրերից ոչ մեկը գազաֆիկացված չէ, չի էլ նախատեսվում։
«Գազաֆիկացումը թանկ հաճույք է. նախ պետք է մագիստրալ կառուցենք, հետո դա անվճար տրամադրենք «Գազպրոմին», որ մեզ հետ աշխատի, գազ վաճառի։ Միայն մագիստրալի կառուցումը՝ մինչև Շատին, 2 միլիարդ դրամից ավելի արժե։ Մեր հնարավորությունները չեն հերիքում»։
Եղեգիս բնակավայրում կառուցվող նոր դպրոցը՝ մոտ 200 աշակերտի համար, մինչև տարեվերջ պատրաստ կլինի։ Նախատեսում են Եղեգիսի, Հերմոնի, Վարդահովիտի, Գողթանիկի փոքր դպրոցները փակել և աշակերտներին բերել Եղեգիսի դպրոց։
Եղեգիսի «թշնամին» արջն է՝ մարդկանց ու տնային կենդանիներին է վնասում, մեղվափեթակները ոչնչացնում, մշակած հողերը ավերում, «բարեկամը» բեզոարյան այծն է՝ տուրիստներին գրավում, բերում է համայնք։
Գործազրկության խնդիր գրեթե չկա. համայնքում 16 հէկ է գործում։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց շրջափակված Արցախի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը։ Սեպտեմբերի 20-ին հրադադար կնքվեց՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծման և զինաթափման պայմանով։ Բնակչությունը բռնի տեղահանվեց, և սկսվեց արցախցիների մեծ հոսք դեպի Հայաստան։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախից Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ, հոսքը գրեթե դադարել է։ Պետության տրամադրած կեցավայրերում բնակվելու առաջարկը ընդունել են 48 649-ը։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Կոտայքի և Արարատի մարզեր, ամենաքիչը՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։ Վայոց ձորում 1937 մարդ է հաստատվել։ Մայրաքաղաք Երևանում ապաստան գտածների թիվը հայտնի չէ։
430 տեղահանված եկել է Եղեգիս համայնք։ Նրանց մեծ մասը տեղավորվել է «Սիրանուշ» ճամբարում և «Լուսիտուր» հանգստյան գոտում։ Համայնքի մյուս գյուղերում ևս՝ Շատին, Արտաբույնք, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Քարագլուխ, տեղահանված արցախցիներ կան։ Նրանք ապրում են հիմնականում իրենց բարեկամների տանը։
Հատված համայնքապետ Արթուր Ստեփանյանի հետ զրույցից, հոկտեմբերի 2.
— Ճամբարում, հանգստյան գոտում տեղահանված անձինք որքա՞ն կարող են մնալ։
— Որքան ցանկանան։
— Սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների հարցերն ո՞վ է հոգում։
— Կառավարությունը մարզպետարաններին գումար է հատկացրել, ամեն ինչ այդ գումարով ենք անում։
— Ճամբարում կամ հանգստյան գոտում մշտապես ապրել չեն կարող,, ի՞նչ եք նախատեսում անել, որ եկածները համայնքում հաստատվեն։
— Իրենք են ընտրողը, եթե ցանկանան մնալ, կմնան։ Բայց նրանք հիմնականում Երևանին հարակից տարածքներ են ուզում տեղափոխվել։
— Գյուղեր տարել, դատարկ տներ ցույց տվե՞լ եք։
— Հա, բայց հիմնականում պայմանները վատ են, չեն ուզում մնալ։
Հատված համայնքապետ Արթուր Ստեփանյանի հետ զրույցից, սեպտեմբերի 2.
— 44-օրյա պատերազմից հետո Արցախից Եղեգիս եկողներ եղա՞ն։
— 180-ից ավելի մարդ է եկել, գրեթե բոլորը արմատներով մեզ մոտից էին։ Հիմա Շատինում, Արտաբույնքում, Քարագլխում, Աղնջաձորում ապրողներ ունենք։ Պետության աջակցությամբ տուն գնեցին, մեծ մասը գնացին քաղաք։
— Եղեգիս համայնքում 10 մլն դրամի սերտիֆիկատով տուն գնել հնարավո՞ր է։
— Ինչո՞ւ չէ, բայց Եղեգիսում տուն գնելու ցանկություն չկա, ձգտում են Արարատյան դաշտավայր՝ Երևանին մոտ գյուղեր։ Սահմանների հետ կապված խնդիր կա, բնակչությունը մտածում է՝ փախչեմ–գնամ․ թե ուր ենք փախչում, չգիտեմ։
Այժմ ներկայացնենք, թե ինչ ենք տեսել ու նկարել մենք Եղեգիս Եղեգիս համայնքում՝ մեկ ամիս առաջ։
Կալասար հասնող ճամփա չկա։ Մինչև 90-ականները սողանքների պատճառով բնակչությանը տարհանել են, բայց դրանից հետո էլ որոշ ժամանակ մարդիկ գնացել, հող են մշակել.
«Հիմա էլ ոչ մեկ չի գնում։ Հեռու է, բացի դա ժողովուրդը տեսավ, որ արջից, վայրի խոզից ոչ մի բան չի կարողանում պոկել, տուն բերել, կամաց-կամաց սկսեց չգնալ»,— բացատրում է Հերմոնի վարչական ղեկավար Գայ Օհանյանը (Կալասարը Արատեսի կազմում է)։
Արատեսը գրանցված մեկ բնակիչ ունի՝ Դավիթ Օհանյանը։ Նա 7 հեկտար խնձորի, տանձի այգիներ է տնկել ու մշակում է։
1989-ին գյուղացիները գյուղերով փոխանակվեցին․ Վայոց ձորի գյուղերում ապրող ադրբեջանցիները գնացին, Նախիջևանում ապրող հայերը եկան։
«Այդ խառը ժամանակներում ես եղա Արատեսում, այն ժամանակվա Կզլգյուլեում։ Դատարկված տները մարդիկ քանդում էին, շինանյութը տանում։ Ազատվում էին գյուղերը, ու պարզ չէր, թե ինչ էին դառնալու։ Ուսումնասիրություն կատարեցի՝ «Եվ կկանգնի Արատեսը՝ որպես նոր Գլաձոր»․ դա նոր դպրական կենտրոն ստեղծելու ծրագիր էր»,— պատմում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը։
Կառավարության 1989-ի որոշմամբ Արատեսի 194 հեկտարը փոխանցվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար։ Շինարարությունը ընթացքի մեջ էր, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, փոխվեց նաև մոտեցումը՝ Արատեսը դարձավ դպրոց բնության գրկում։
Հիմնած գործող դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն։
Աշոտ Բլեյանը գյուղերի դատարկման հիմնական պատճառի մասին է ասում․
«Մարդը պետք է հեռանկար տեսնի, որովհետև գլխավոր ներդրում անողն ինքն է։ Եթե մարդ վերջին կոպեկը ծախսում է, որ երեխան իր կյանքով չապրի, թողնի գյուղը, փախչի, ուրեմն, նա ներդրում է անում ոչ թե գյուղի զարգացման, այլ՝ քանդման մեջ։ Մարդուն պետք է տալ օրինակելի պատմություններ տարբեր ոլորտներում ՝ կլինի երկրագործություն, գինեգործություն թե մեղվապահություն, հաջողության հասնելու մասին»։
Կա խոշորացված Եղեգիս համայնք։ Համայնքների խոշորացումից հետո Կալասարը ու Արատեսը հայտնվել են Հերմոնի, իսկ Սևաժայռն ու Գետիկվանքը՝ Վարդահովիտի կազմում։ Հերմոնն ու Վարդահովիտը ունեն վարչական ղեկավար, բայց առանձին բյուջե չունեն։ Բյուջեն հաստատվում և բաշխվում է Եղեգիս համայնքի ավագանու նիստի ժամանակ։
Հերմոնում փաստացի 150 մարդ է ապրում՝ հիմնականում Բաքվից, Կիրովաբադից, Ազնաբերդից եկած հայեր են։
«Ճանապարհը նորմալ է, փողոցը լուսավորվում է, խմելու ու ոռոգման ջրի խնդիր չունենք։ Որևէ բանի խիստ կարիք չունենք։ Այսքանից բացի ինչ կլինի՝ մեր օգուտն է, չի լինի՝ ոչինչ»,— ասում է վարչական ղեկավար Գայ Օհանյանը։
— 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից մարդիկ եկե՞լ էին։
— Հա, եկել էին, բայց չմնացին։ Գյուղում «Սիրանուշ» ճամբար կա, մոտ 150 մարդ մեկ-երկու ամիս մնաց։ Նրանց երեխաներն էլ դպրոց էին գնում, դպրոցը լցվել էր՝ 59 աշակերտ ունեինք։ Բայց հետո ամեն մեկը մի տեղ գնաց։
Գործազրկության խնդիր չկա՝ ամեն ընտանիքից գոնե մեկն աշխատում է հէկ-ում։ «Լուսիտուր» հանգստի գոտին գյուղացիներից է կաթնամթերք, ձու, հավ, մեղր գնում։ Բայց երիտասարդ ընտանիքները գյուղից հեռանում են. երկու տարի առաջ մանկապարտեզը ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է, այս սեպտեմբերի 1-ին էլ ընդամենը մեկ առաջին դասարանցի է դպրոց գնացել։
Դիտեք նաև Հերմոն գյուղի միակ առաջին դասարանցու պատմությունը
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Գասպարյանների տասը հոգանոց ընտանիքը տեղախոխվել է Հերմոն, և հիմա արդեն գյուղում սովորում են երկու առաջին դասարանցի՝ Դավիթ Ստեփանյանն ու Երանուհի Գասպարյանը։ Մեկ 9 հոգանոց ընտանիք էլ Մարտակերտից է եկել, դատարկ տանն են տեղավորվել, գույք գրեթե չի եղել, վարչական ղեկավար Գայ Օհանյանն է օգնել, մահճակալ, առաջին անհրաժեշտության պայմաններ ստեղծել։
Տեղահանվածների համար գյուղում 20 դատարկ տուն են հաշվառել, բոլորն էլ՝ առանց գույքի․ երկար տարիներ դրանք բնակիչ չեն ունեցել։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյան.
«Ամբողջ շինարությունը Երևանում է ընթանում։ Գյուղերում տուն գտնելը հեշտ գործ չէ, գումար ունես, ուզում ես տուն առնել, պարզվում է՝ գյուղերում բնակության համար պիտանի տուն չկա։ Չենք սովորել կառուցել էնպիսի տներ, որ վաճառես, մարդ առնի ու կարողանա ապրել։ Տներ են, որ պիտի քանդես, նորից կառուցես կամ ներդրում անես։ Գրավելու համար պիտի հետաքրքիր լինի, բնության հետ ձուլված»։
Սևաժայռը և Գետիկվանքը Վարդահովիտի կազմում են։
Վարդահովիտի գյուղապետի խոսքով՝ 1986-1987թթ. Գետիկվանքի բնակչներին վերաբնակեցրել են մոտակա գյուղերում՝ Գետիկվանքում ջրամբար կառուցելու համար։ Սովետական Միության փլուզումից հետո ջրամբարը չի կառուցվել, բայց գյուղացիներին հետ չեն բերել Գետիկվանք։
Ամառները Գետիկվանքում մոտ 10 ընտանիք է բնակվում։ Բոլորն էլ Շատինից են, անասնապահությամբ են զբաղվում։ Գետիկվանքում երեք-չորս քարե տուն կա, հովեկները ժամանակավոր կացարան են կառուցում՝ փայտով, թիթեղով ու գերաններով։ Ամռանը գալիս են, բայց տնավորվել ու մնալ չեն պատրաստվում։ Հարմարություն չկա. գյուղ բերող ճամփան քարերի ու ձորերի միջով է անցնում, գյուղում ընդամենը մեկ աղբյուր կա, որտեղից դույլերով ջուր են տանում, գազ չկա։ Միակ առավելությունը ձրի հոսանքն է, որը «Բազենք» փոքր հէկն անվճար տալիս է Գետիկվանքի եկվորներին։
Կարդացեք նաև՝ Գետիկվանքի ժամանակավոր բնակիչների մասին
Սևաժայռը մշտական 2 բնակիչ ունի։ «Սեզոնային» բնակիչներն անհամեմատ շատ են՝ մոտ 25 ընտանիք։ Ամռանը գալիս են, կովեր, ոչխարներ բերում, ցրտերն ընկնելուն պես՝ վերադառնում են Շատին։ Գյուղում մինչև 2 մետր ձյուն է նստում, գազ չկա։
Էմմա Սարգսյանը Սևաժայռում է ամբողջ տարին։ Ասում է՝ 90-ականների «մութ ու ցուրտ» թվերին իրենցից բացի էլի ընտանիքներ եկան գյուղ, բայց վերջին 6-7 տարում բոլորը գնացին, մնացին ինքն ու տղան։
Վարդահովիտը՝ սահմանամերձ, բարձրադիր գյուղ է՝ 99 փաստացի բնակչով։ Քարուքանդ ճանապարհի պատճառով 15 տարուց ավելի համայնքային ավտոբուս չի մտել գյուղ։ Ճանապարհը 2020-ին պետք է կառուցեին, պատերազմ սկսվեց, ոչինչ չարվեց։ Եղեգիս համայնքի ղեկավարը սեպտմբերի 2-ին մեզ ասել էր, որ չորս օրից սկսելու են Հերմոնից Վարդահովիտ 6կմ-ի վերանորոգման աշխատանքները՝ խճապատում, սելավատարերի մաքրում։ Մեկ ամիս անց՝ ոչինչ արված չէ։
Գյուղում խիստ ձմեռ է լինում, տներն աթարով են տաքացնում։ Անցած տարվա 160 գլուխ կովից այս տարի 60-ն է մնացել։ Կահավորված բուժկետ ունեն, բայց առանց բուժաշխատողի։ 6 աշակերտով դպրոց ունեն, առաջին դասարանցի այս տարի չկար։
«Ամբողջը ուշադրությունը Երևանին է ուղղված, փոքր գյուղերը չեն նկատում։ Սահմանմերձ գյուղում բնակչին պահելու համար պետք է պայմաններ ստեղծել՝ ճանապարհ, խանութ, փոստ։ Մարդիկ գնում են քաղաք, լավ կյանքը տեսնում են, գյուղ չեն ուզում վերադառնալ»,— ասում է Վարդահովտի վարչական ղեկավար Սամվել Գևորգյանը։
2014-ից Կառավարությունը իրակականացնում է Հայաստանի սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու աջակցության ծրագիր։ Շահառուն բանկից կարող է ստանալ մինչև 16 միլիոն դրամ վարկ՝ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով․ ամբողջ վարկը մարում է պետությունը։ Եթե վարկի չափն ավելին է, տարբերությունը՝ ամսական վճարումներով, փակում է շահառուն։ Ծրագրից կարող է օգտվել Հայաստանի ցանկացած ընտանիք՝ անկախ բնակության վայրից։ Պարտադիր պայման է, որ տունը կառուցվի կամ կառուցապատումը շարունակի սահմանամերձ բնակավայրում։ Տան կառուցման ժամկետը 3 տարի է։ Ծրագիրը գործելու է մինչև 2024 թվականը։
Վարդահովիտը սահմանից 4,5կմ է հեռու, բայց այս ծրագրում ներառված չէ։ Աջակցությունը ստանում են ոչ թե սահմանամերձ 186 բնակավայրերը, այլ միայն Կառավորության N 1444-Ն որոշմամբ, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված 32 բնակավայրերը։
Վերջին պատերազմի հետևանքով տեղահանված որևէ ընտանիք Վարդահովիտ դեռ չի եկել։ Միայն Խաչիկ Հովհաննիսյանն էր, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախից ընտանիքով եկավ գյուղ, բայց նա էլ պետության տրամադրած 10 մլն դրամի սերտիֆիկատով Եղեգնաձորում տուն է գնել ու մտադիր է տեղափոխվել քաղաք։
Վայոց ձորի մեր այցելած բնակավայրերում դատարկ տուն շատ կար, դռանը՝ կողպեք։ Տարեցտարի դրանք դառնում են ավելի խարխուլ, գյուղերն՝ ավելի անմարդաբնակ, իսկ Երևանը՝ ավելի թանկ ու ցանկալի. դատարկվող գյուղերի ֆոնին մայրաքաղաքում շարունակվում է մեծածավալ բնակարանաշինությունը՝ հաճախ առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների։
Գյուղացուն հողի վրա պահելու համար ապակենտրոնացման ռազմավարական լուրջ ու գործնական ծրագիր է պետք։ Գյուղացու կյանքի պայմանները հնարավոր է բարելավել, դարձնել արժանապատիվ ու համադրելի մայրաքաղաքային նիստուկացին։
Նյութում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել Հայաստանում ԵՄ գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և DT Global-ի տեսակետների հետ։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Անուշ
Մկրտչյան
Ուսանողներ
Ժաննա
Բեքիրյան
Ուսանողներ
Արեն
Նազարյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Սարգիս
Խարազյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Կատյա
Մամյան
Դասախոսներ
Ստեփան
Խաչատրյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան
Թիմ
Լիլիթ
Թարխանյան
Թիմ
Դաթո
Աբուլաձե