Շամլուղի մշակույթի տան անավարտ մեղեդին
Շամլուղ քաղաքի այս երկու հարկանի կիսափուլ շենքին նայելիս, երբեք չէի մտածի, որ մարդիկ այնտեղ ժամանակին «The Beatles» ու «Deep Purple» էին լսում ու նվագում.
— Պարոն Մաշինյան, ինչ-որ մեկին ուզու՞մ էիք նմանվել։
— Հաա՜, մենակ «Deep Purple»-ին։ «Բիթլզների» տարիքին էին էլի, մեր փայ «Բիթլզն» էլ իրանք էին։

Տիգրան Մաշինյանը Շամլուղի մշակույթի տան տնօրենն է եղել։ Նա կարոտով է հիշում Շամլուղի «Ռիթմը», որին լսելու համար տարբեր գյուղերից մշակույթի տուն էին գալիս։


Մշակույթի տուն առաջին անգամ գնացի երկու տարի առաջ՝ Շամլուղի երեխաների ուղեկցությամբ: Շենքի շուրջբոլորը գոմաղբ էր: Պատերը կանգուն էին, տանիքը՝ կիսաքանդ: Գլխավոր մուտքի դուռը տեղում էր, հետևինը չկար։ Պատուհանները կամ առանց ապակի էին, կամ ցելոֆանապատ։ Տնօրենի սենյակում ջարդված սեղան-աթոռներ էին, երաժշտական գործիքների մասեր, սեղանի շուրջը՝ հյութի, գարեջրի շշեր։



Դպրոցական տարիներին մայրս մշակույթի տանը դերասանական խմբակ է հաճախել, մասնակցել միջոցառումներին: Մեծ բեմը, որտեղ նա ասմունքել է, կիսափուլ վիճակում էր, կոտրտված փայտերի արանքից նկուղը երևում էր:


— Էն փայլուն վարագույրները, մաստիկած բեմը չկան, տախտակներն էլ մեկի գոմում կլինեն։ Մեր տունն էր, գիշեր-ցերեկ էնտեղ էինք,— ափսոսանքով է հիշում Տիգրան Մաշինյանը:
Երկրորդ հարկում ֆիլմերի ցուցադրման սրահն էր, կինոմեխանիկը ազգությամբ հույն Ավլասիմով Վեպերն էր: Ֆիլմերը ցուցադրվում էին երեք սեանսով՝ դպրոցականների, երիտասարդների ու մեծերի համար՝ ժամը 20:00-ից հետո։ Մաշինյանն ասում է՝ հնդկական ֆիլմեր էին, մարդիկ դիտում ու լաց էին լինում։

Մշակույթի տանը նաև գրադարան է գործել: 80-ականներին Շամլուղում գրքասերները շատ էին, գիտեին՝ ինչ գրքեր կան գրադարանում։


Գրադարակների եզրային պատին «Հայր մերն» է գրված, գետնին թափված գրքերի մեջ «Աթեիստի գրպանի բառարան» կա։ Առաջին էջին «Ալլահ» բառի բացատրությունն էր՝ «Աստված Իսլամում, արարիչն ամենայն գոյի, երկնքի, երկրի ու մարդու, աշխարհը կառավարող»:
1978-ին հրատարակված «Հավերժ Ռուսիայի հետ» գրքի վերնագիրը հուշում է, որ հարցն արդիական է եղել բոլոր ժամանակներում։ Արեգ Լուսինյանի «Նաիրյան զանգակները» ինձ մանկություն է տանում։

Շամլուղը բանվորական ավան էր: Նրա առաջին բնակիչները հույներն են եղել՝ 14 ընտանիք, մեծ մասը՝ կապարագործներ ու հանքագործներ։ 1770-ին եկել են Ախթալա՝ աշխատելու, ու մնացել։ Մշակույթի տունը, ժողովրդի խոսքով՝ կլուբը, կառուցվել է նրանց համար 1962-ին։ Մինչ այդ նույն տարածքում հանքափորների ավտոկայանատեղի է եղել։
Ամեն բան արվել է, որ մշակույթի տունը Շամլուղում ակտիվ կյանք ապահովի․ գործել են պարի, լուսանկարչական, երաժշտական, թատերական, նաև՝ մեքենագրական ու բուժքույրական խմբակներ։ Բնակիչների մասնակցությամբ տարբեր մրցություններ են կազմակերպվել՝ շախմատի, բիլիարդի, սեղանի թենիսի, ֆուտբոլի։

Շամլուղի բնակիչ Էմմա Մանուկյանը հիշում է՝ հայրական տունը մշակույթի տան մոտ էր։ Մայրը գրադարանավարուհի էր, գնում-նստում էր նրա կողքին, գիրք կարդում։ Մայրն ուշադիր էր, ասում էր՝ հանկարծ գիծ չքաշես, չպատռես էջերը։
Շամլուղի մշակույթի տանը երգել են Ֆլորա Մարտիրոսյանն ու Արաքսյա Գյուլզադյանը, խաղացել է Կարպ Խաչվանքյանը, նվագել է Սանկտ Պետերբուրգից ժամանած «цыганский» խումբը։ Կիրակի երեկոները հայտնվում էին գույնզգույն պաստառներն ու հրավիրում պարի՝ «Вечер танцев»: Մուտքն անվճար էր և ազատ բոլորի համար՝ անկախ տարիքից։ Մշակույթի տանը հաճախ նաև հարսանեկան արարողություններ են կազմակերպվել։ 1995-ին էլ Տիգրան Մաշինյանը «Ոսկե աշուն» է կազմակերպել է։


Այսօր մշակույթի տան սեփականատերը Արսեն Բենիկի Չիչյանն է։ Ըստ կադաստրի կոմիտեի տվյալների, շինությունը կառուցվել է 1960-ին։ 1963-ին, Ալավերդու գործկոմի որոշմամբ, մշակույթի տունը և Շամլուղի մի շարք հողատարածքներ՝ 51.5 հա ընդհանուր մակերեսով, մշտական օգտագործման իրավունքով փոխանցվում են Ախթալայի հանքերին։ Գործկոմի այս որոշման հիմքով 2007-ին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն գրանցվում է որպես մշակույթի տան սեփականատեր։ 2008-ին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը վաճառում է մշակույթի տունը Սերոբ Տեր-Պողոսյանին, որը կոմբինատի սեփականատերն էր և գլխավոր տնօրենը։ 5 տարի անց Սերոբ Տեր-Պողոսյանը նվիրատվության պայմանագրով գույքը փոխանցում է Արսեն Չիչյանին, որը, ըստ Շամլուղի բնակիչների, Տեր-Պողոսյանի մտերիմներից է։
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն 2015-ին դատական հայց է ներկայացրել Արսեն Չիչյանի և Սերոբ Տեր–Պողոսյանի դեմ։ Դատարանից պահանջել է անվավեր ճանաչել առքուվաճառքի և նվիրատվության մի շարք պայմանագրեր, ինչպես նաև՝ մշակույթի տան նկատմամբ սեփականության իրավունքը վերադարձնել կոմբինատին։ Մինչև 2024 թվականը կոմբինատի հայցը չի բավարարվել։ 2024-ի դեկտեմբերին կոմբինատը նոր հայցով է դիմում դատարան՝ մի շարք գույքերի, այդ թվում Շամլուղի մշակույթի տան սեփականության իրավունքը կոմբինատին վերադարձնելու պահանջով։ Քննությունը դեռ ընթացքի մեջ է։
2024-ի հոկտեմբերին հարցում ուղարկեցինք Ալավերդու համայնքապետարան՝ պարզելու, թե ինչու չեն գործում Շամլուղի մշակույթի տունն ու գրադարանը։ Համայնքապետարանից տեղեկացրին, որ գույքի սեփականատեր Արսեն Բենիկի Չիչյանի հետ բանակցելու են Շամլուղի մշակույթի տունը համայնքին վերադարձնելու շուրջ։ 2025–ի փետրվարին տեղեկացանք՝ դեռ բանակցում են։
1980-ականներին Շամլուղում երաժշտական աշխուժություն ապահովողը «Ռիթմ» վոկալ-էստրադային խումբն էր՝ կազմված 17-18 տարեկան երիտասարդներից։ Երբ նրանք գնացել են բանակ, եկել են նորերը՝ երկրորդ սերունդը։ Խմբի 6 անդամներից 3-ն են այսօր Հայաստանում՝ ապրում են Լոռվա տարբեր բնակավայրերում։


«Ռիթմը» գրավում էր մարդկանց. նրանց ելույթների ժամանակ մշակույթի տանը տեղ չէր լինում նստելու, շատերը ոտքի վրա էին վայելում համերգը։ Նվագում էին «Led Zeppelin»-ի, «Deep Purple»-ի և «Машина времени»-ի երգերը։

Խմբի անդամներից Վարուժ Կոնինյանը իր բաս կիթառն այսօր Մաշինյանի համար է նվագում։
«Որ կլուբը նորից բացվի, կգնանք, կաշխատենք, չալիկներով, պառավ-մառավներով»,— երազում է Մաշինյանը։

Գլխավոր լուսանկարում՝ մայրս ակումբի բեմին, 1988 թ.
Արխիվային նկարները Տիգրան Մաշինյանի անձնական արխիվից
Սա նույնպես արժի կարդալ
Հեղինակներ՝
Ուսանողներ
Էդիտա
Նասիբյան
Ուսանողներ
Արամ
Մադաթյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան