Հայկ Բեջանյան

«Տնտեսական և ֆինանասական լրագրություն» առարկայի դասախոս

Hayk Bejanyan

Կենսագրություն

Ես տնտեսագետ եմ, պետական ֆինանսների կառավարման մասնագետ։ 2017 թվականին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունն ու ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Առ այսօր զբաղվում եմ նաև դասախոսական աշխատանքով։ Աշխատանքային կարիերայիս գերակշիռ մասն անցկացրել եմ պետական կառավարման համակարգում, որտեղ զբաղվել եմ ամենապարզագույն՝ ֆինանսների հաշվառման գործառույթից մինչև պետական ֆինանսների կառավարման բարձրագույն՝ հսկողական գործառույթներով։

Ի հակադրումն շատերի, որ կարծում են, թե տնտեսագիտությունը փողի մասին է, ես մշտապես հավատացել եմ, որ տնտեսագիտությունը արժեքների մասին գիտություն է, որը գնից ավելին սովորեցնում է կարևորել արժեքները և կյանքի բարդ ու դժվարին խաչմերուկներում կատարել ճիշտ և արժանապատիվ ընտրություն։

Թեև լրագրող չեմ, բայց մասնագիտական ողջ կյանքի ընթացքում միշտ զուգորդել եմ լրագրությունը, իսկ ամեն ինչ սկսվել է 2011 թվականին, երբ թղթակցեցի Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի Էկոնոմ PLUS ուսանողական ամսագրին։ Ավելի ուշ պատիվ ունեցա 3 տարի հանդիսանալ ամսագրի գլխավոր խմբագիրը և 24 անգամ վայելելու թարմ տպված ամսագիրն առաջինը ձեռքը վերցնելու բերկրանքը։

Հեղինակ եմ 2 մենագրության և 2 տասնյակից ավելի գիտական հոդվածների։ 2022 թվականին ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Գարի Վանլանդինգհեմի հետ համահեղինակել եմ Կատարողականի աուդիտի ուսումնական ձեռնարկը՝ զարգացող երկրների համար։ Մասնակցել եմ միջազգային վերապատրաստման բազմաթիվ ծրագրերի ԱՄՆ-ում, Ավստրիայում, Սլովենիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Բելառուսում և այլն։ ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ իրականացվող Professional Felows Program (PFP) ծրագրի շրջանավարտն եմ և դեսպանը Հայաստանում։ Վերջին տարիներին նաև իրականացրել եմ տարբեր հետազոտական նախագծեր՝ տեղական և միջազգային դոնորների աջակցությամբ, որի համար ձևավորել և ղեկավարել եմ հետազոտական թիմեր։

Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել միանալու Հետք Մեդիա Գործարանի թիմին և այս կարևոր գործի մաս կազմել, որովհետև կարծում եմ, որ հենց այս ուսանողներին է վերապահված պետական քաղաքականության և հասարակության միջև առկա խզվածքը լրացնելու գործառույթը, և ես ուրախ եմ նրանց փոխանցել այդ ոչ հեշտ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ կուտակածս փորձն ու գիտելիքը։