border-communities-shelters
Long ReadՀունիս 5/2023

Կրակի գծում՝ անպաշտպան․ սահմանամերձ համայնքներն առանց ապաստարանների

2022-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Դրա հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ։ Համաձայն 2022-ի սեպտեմբերի ՀՀ ՄԻՊ արտահերթ զեկույցի՝ ադրբեջանցիները կանխամտածված թիրախավորել էին Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչությանը: Եռօրյա գործողությունների ընթացքում զոհվեց 4 խաղաղ բնակիչ, վիրավորվեցին 7-ը, 1-ը համարվում է անհետ կորած։ 7600 խաղաղ բնակիչ տարհանվեց:

Հետք Մեդիա Գործարանի ուսանողները 2022-ի ռազմական ագրեսիայից հետո ուսումնասիրել են սահմանամերձ Տաթև, Տեղ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Ճամբարակ, Շողակաթ և Վարդենիս համայնքներում քաղաքացիների անվտանգության ապահովման պայմանները, մասնավորապես՝ պատսպարման միջոցները։ Ոչ բոլոր տեղերում կային ապաստարաններ, եղածներն էլ, հիմնականում, բարվոք վիճակում չէին։

Կոլաժ.png

Համայնքային [չ]հատկացումներ՝ քաղպաշտպանությանը

ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են համայնքների պարտադիր խնդիրները։ Հոդվածի 12-րդ կետը վերաբերում է աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը։

Համայնքային բյուջեներում կա առանձին տող, որը վերաբերում է քաղպաշտպանության հատկացումներին։ Տրամաբանորեն, հենց այստեղ պետք է լինեին ապաստարանների կառուցման, կահավորման համար նախատեսված ծախսերը։ Մեր դիտարկած համայնքների մեծ մասում, սակայն, «բյուջեի քաղպաշտպանություն» տողի տակ որևէ հատկացում չկար։

shelters-02.png

2022-ին քաղպաշտպանության համար բյուջեով հատկացումներ ունեցել են միայն Տեղ ու Շողակաթ համայնքները։

Քաղաքացիական պաշտապնության աշխատանքներին ծանոթանալու համար հարցումներ ուղարկեցինք համայնքապետարաններին։ Հարցրել էինք 2022-2023 թթ․ ապաստարանների կառուցման, կահավորվման, վերանորոգման աշխատանքների և այդ ուղղությամբ արված բյուջետային ծախսերի մասին։

Տեղ համայնք

Ըստ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի՝ Վաղատուր բնակավայրում կատարվել են ապաստարանների վերանորոգման, կահավորման աշխատանքներ։ Համայնքապետարանից տեղեկացրին նաև, որ համայնքի բյուջեից քաղաքացիական պաշտպանության հատկացումները փոքր են։ 2023-ին ապաստարանների կառուցման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսում:

«Համայնքային սեփական միջոցներն ու եկամուտներն այնքան սեղմ են, որ դրանք հազիվ հերիքում են համայնքի պարտադիր խնդիրների լուծման համար, իսկ քաղաքացիական պաշտպանության հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցները հիմնականում փոքր են և օգտագործվում են բնակիչների քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և մարտական դիրքերում որոշակի կահավորման աշխատանքների իրականացման նպատակով»,— նշված է պատասխանում։

Տաթև համայնք

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը հայտնել է, որ «ապաստարանների կառուցման, վերանորոգման, կահավորման նպատակով 2022-2023 թթ. ընթացքում որևէ ծախս չի նախատեսվել և չի կատարվել»։

Վարդենիս համայնք

Վարդենիսի համայնքապետարանից հայտնեցին, որ 2022-ին համայնքում կատարվել են ապաստարանների մաքրման, էլեկտրաԷներգիայի անցկացման, նստարանների տեղադրման աշխատանքներ։ Բացի այդ, բարերարների օգնությամբ Սոթք բնակավայրում կառուցվել է ապաստարան՝ 8 մլն 92 հազ. արժողությամբ։

«Այս տարի նախատեսվում է իրականացնել ապաստարանների կառուցման աշխատանքներ՝ սուբվենցիոն ծրագրով։ Սրա համար նախատեսվել է 110 մլն. դրամ, որից համայնքի մասնաբաժինը 40 մլն. դրամ է։ Սուբվենցիոն ծրագրերը դեռևս հաստատման փուլում են»,— մեր հարցմանը պատասխանել է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Գորիս համայնք

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հայտնել է, որ ապաստարանների կառուցման, վերանորոգման և կահավորման աշխատանքները կատարվում են գործընկեր կազմակերպությունների հետ։ Ապաստարանների մի մասը նորոգվել է, մյուս մասը՝ պլանավորվում է վերանորոգել։

Գորիսի համայնքային բյուջեից ապաստարանների վերանորոգման և կառուցման համար ծախս չի արվել։

Ջերմուկ համայնք

Ջերմուկ համայնքում 2022-ին կատարվել են ապաստարանների մաքրման, վերանորոգման, կահավորման աշխատանքներ։ Մասնավորապես, վերականգնվել են շենքերի 7 մուտքի լուսավորության համակարգերը, հիմնանորոգվել են աստիճանավանդակները, տեղադրվել են նոր դռներ։ «ՄԱԿ-ի՝ պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Վորլդ Վիժն Հայաստանի մանկական զարգացման հիմնադրամը Ռազմավարական զարգացման գործակալության հետ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ նախատեսում է իրականացնել Ջերմուկ քաղաքի հիմնական դպրոցներից մեկի թաքստոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման համար գումար կհատկացնի նաև համայնքը՝ իր բյուջեի պահուստային միջոցներից»,— նշված է պատասխանում։

Ճամբարակ համայնք

Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի հաղորդմամբ՝ «համայնքում ապաստարաններ չկան, կան թաքստոցներ, որոնք սահմանված կարգով կահավորված են»։

Կապան համայնք

Կապանի համայնքապետարանը հրաժարվել է պատասխանել ապաստարանների կահավորման, վերանորոգման և կառուցման հատկացումների մասին մեր հարցերին։

«Ի պատասխան Ձեր՝ 2023 թվականի ապրիլի 27-ի գրության, հայտնում ենք, որ բնակչության անվտանգության նկատառումներից և մի շարք այլ հանգամանքներից ելնելով՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը հրապարակայնացնելը նպատակահարմար չենք գտնում, քանի որ դրանցում առկա են գաղտնիության տարեր»,— նշված է պատասխանում։

Ստանդարտից դուրս իրականություն

ՀՀ ԱԻՆ-ի ու Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «ապաստարանը պետք է լինի հարմարեցված կառույց, որտեղ կլինեն մահճակալներ, առաջին բուժօգնության պարագաներ, սնունդ, ինչպես նաև ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխման և այլ համակարգեր»։

ապաստարանների վիզուալ.png

Գորիսի, Կապանի, Տաթևի, Տեղի, Ճամբարակի, Շողակաթի, Վարդենիսի և Ջերմուկի համայնքապետարաններ հարցում ուղարկեցինք՝ պարզելու, թե քանի հարմարեցված ապաստարան կա յուրաքանչյուր համայնքում:

Գորիս և Կապան համայնքները հրաժարվեցին տրամադրել տեղեկություն, մյուս համայնքների պատասխաններից պարզ դարձավ, որ նորմերին համապատասխանող ապաստարաններ գրեթե չկան։ Համայնքների ղեկավարները նշում էին, որ մարդիկ հիմնականում պատսպարվում են նկուղային հարկերում, ժամանակավոր պատսպարման կետերում, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված նորմերին։

Օրինակ՝ Ջերմուկ համայնքի պատասխանում գրված էր՝ «Ըստ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների մասին ձեռնարկի նկարագրության՝ ո’չ Ջերմուկ քաղաքում, ո’չ Կեչուտ բնակավայրում ապաստարաններ չկան։ Կեչուտ գյուղում կա 36 հարմարեցված նկուղային տարածք, իսկ Ջերմուկում՝ 47։ Երկու բնակավայրերում պատկերը նույնն է՝ նկուղները թողնված են բնակիչների տիրապետության ներքո»։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի խոսքով՝ «Բնակիչները հիմնականում օգտվել են քարանձավներից և բնական պաշտպանական միջոցներից, որոշ դեպքերում նաև գետնահորերից և սեփական տների, դպրոցների նկուղներից, որոնցից և ոչ մեկը չի համապատասխանում ապաստարաններին և թաքստոցներին ներկայացվող պահանջներին»։

Շողակաթ համայնքի Արտանիշ, Ջիլ և Ծափաթաղ բնակավայրերում կա երկու ապաստարան/ժամանակավոր տարհանման կետ, չեն գործում օդազտիչ, օդամղիչ սարքավորումները, չկան ջերմային սարքեր և մահճակալ։

Պատասխաններում նշված է, որ համայնքապետարանը կատարել է պաշտպանական կառույցների մաքրման և բարեկարգման աշխատանքներ։

Ուղևորվեցինք Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի որոշ սահմանամերձ բնակավայրեր՝ անձամբ հանդիպելու բնակիչներին և պարզելու, թե ինչպես և որտեղ են մարդիկ պատսպարվել սեպտեմբերի 13-15-ին՝ Ադրբեջանի հարձակման ժամանակ։

Այցելած համայնքներում չհանդիպեցինք ստանդարտներին համապատասխանող ապաստարանների։ Փոխարենը տեսանք փակ, դատարկ և փոշոտ նկուղային տարածքներ, քարանձավներ, գետնահորեր՝ առանց անհրաժեշտ պայմանների։

Ուղղությունը՝ Սյունիք

Տեղում

«Եկե՛ք, տանենք ձեզ, մեր քարանձավները ցույց տանք»,— ասում է Տեղ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։ Քարանձավների ներսում մութ ու դատարկ է, միայն կենցաղային աղբի մնացորդներ կան։

DSC_2238.png
DSC_2247.png

Համայնքի ղեկավար Դ․ Ղուլունցի խոսքով՝ համայնքում ապաստարաններ չունենալը անվտանգության առաջնահերթ խնդիրներից է։ Բայց կան քարանձավներ, որոնք փորձում են հարմարեցնել և ծառայեցնել որպես ապաստարան։

DSC_2439.png
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունց

Քարաշենում

Տեղից ուղևորվում ենք Քարաշեն։ Մտնում ենք առաջին իսկ պատահած տունը։ Տանտերը՝ Արշալույսը, պատմում է, որ սեպտեմբերի 13-ին կրակոցներից արթնացել և նկուղ են իջել։

DSC_2443.png

Արշալույսը մեզ ցույց է տալիս գյուղի խանութը, որը տուժել է հրետակոծությունից։ Խանութպանը՝ Սվետա Հասյանը, ռմբակոծության պահին խանութում է եղել, վնասվածքներ է ստացել։

Արշալույսի և Սվետայի մասին՝ Սեպտեմբերի 13-ի գիշերը նկուղում՝ պահածոների կողքին

Արավուսում

Արավուսում եղանք Թամարա Հայրապետյանի տանը։ Երբ կրակոցների ձայնը լսել են, վերցրել են առաջին անհրաժեշտության իրերն ու թաքնվել ամուսնու հորական տան նկուղում, որն իրենց տան հարևանությամբ է։ Մեզ էլ են ուղեկցում նկուղ։

Թամարա Հայրապետյանի ընտանիքի պատմությունը՝ Երեք պատերազմով անցած արավուսցին խաղաղություն է ուզում

DSC_2319.png

Արավուսում ևս քարանձավներ կան։ Դրանցից մեկին կից՝ կառուցված է 86-ամյա Միշա Ավագյանի տունը, կողքի քարանձավն էլ որպես անասնագոմ է ծառայում։ Ընդամենը մեկ դուռ է տունը բաժանում քարանձավից։ «Ամբողջ աշխարհում ման գաք, նման բան չեք տեսնի»,— հպարտանում է Միշա պապը։

Հիշում է, որ դեռ 90-ականներից քարանձավն օգտագործվել է որպես ապաստարան, իսկ այսօր արդեն սովորական կեցավայր է դարձել։

DSC_2393.png

Սեպտեմբերի ռազմական ագրեսիայի ժամանակ գյուղացիները այստեղ են պատսպարվել։ Քարանձավում մոտ 100 մարդ է տեղավորվել։ Ասում է․ «Հենց կրակոցներ են լինում, բոլորը գիտեն՝ ուր գան։ Ես էլ վրաններն ու վերմակները բերում եմ, փռում գետնին, ու սպասում ենք, թե երբ է կրակը դադարելու»։

Գորիսում

Սյունիքում մեր վերջին կանգառը Գորիսում էր, որտեղ հանդիպեցինք համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանին։ «Գորիսում կան ապաստարաններին հարմարեցված տարածքներ, բայց հարկ եղած դեպքում բնակիչները նախընտրում են պատսպարվել իրենց նկուղներում»,— ասում է նա։

Սյունիքում դեռ առաջին արցախյան պատերազմից մնացած ապաստարաններ կան։ Ըստ Իրինա Յոլյանի՝ դրանք վերանորոգման կարիք ունեն։ Գորիսում այդ ուղղությամբ որոշ աշխատանք կատարվել է, բայց դեռ անելու գործ կա։ «Անհրաժեշտության դեպքում բնակիչներին կօգնի համայնքապետարանը․ սեպտեմբերյան ագրեսիայից հետո պահեստավորվել են սնունդ, գեներատորներ, լապտերներ, վերմակներ և այլ իրեր»,— ասում է նա։

Համայնքի ղեկավարի օգնական Գ. Ղազարյանը մեզ ուղեկցում է ապաստարան։ Հատակը, առաստաղը և սանհանգույցը վերջերս են վերանորոգվել, սակայն ապաստարանը պահանջված նորմերին լիովին չի համապատասխանում։ Լուսանկարել թույլ չեն տալիս։

Ուղղությունը՝ Վայոց ձոր

Ջերմուկում

Հասանք Ջերմուկ։ Փողոցներում մարդիկ ու մեքենաներ գրեթե չկային, ձյունածածկ մայթերին ոտնահետքեր չէին երևում։ Չէր զգացվում, որ զբոսաշրջային քաղաքում ենք։

DSC01295.png

Ըմպելասրահի տարածքում հանդիպում ենք Գայանե Գրիգորյանին։ Նա հելունագործ է։ Սեպտեմբերի 13-ի գիշերը ընտանիքով իջել են իրենց տան նկուղ, մնացել 3-4 ժամ, հետո՝ գնացել Երևան։ Սեպտեմբերի 16-ին վերադարձել են Ջերմուկ։

Գայանե Գրիգորյանի մասին՝ Թելը փաթաթում է մատին ու ասում՝ չեմ գնալու Ջերմուկից

Գայանեի հետ զրույցից հետո շրջեցինք Ջերմուկում։ Հանդիպեցինք մարդկանց, որոնք պատմեցին, որ քաղաքում կան առողջարաններ, որոնց նկուղներում հնարավոր է պատսպարվել։ Գնացինք դրանցից մեկի ուղղությամբ։

Առողջարանի տնօրենի ուղեկցությամբ իջնում ենք երկու հարկ՝ նկուղային տարածք։ Նա ասում է, որ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ այստեղ մոտ 200 մարդ է պատսպարվել, մեծ մասը՝ առողջարանի հյուր, եղել են նաև տեղացի մի քանի ընտանիքներ։

Նկուղային հարկում առկա էին ջրով լցված շշեր, դեղորայք, հիգիենայի որոշ պարագաներ։ Տարածքը ապահովված էր օդափոխման համակարգով, դիզելային գեներատորով, վթարային ելքով, որը երկար միջանցքով բաժանված էր նկուղային հարկի հիմնական տարածքից։ Ըստ առողջարանի տնօրենի` ԱԻՆ-ի աշխատակիցները նկուղային հարկը որակել են որպես առողջարանային համալիրի ապաստարանային տարածք։

DSC01551.png

Հանդիպեցինք նաև մեկ այլ առողջարանի տնօրենի, որը մեզ պատմեց, թե ինչպես է հրետակոծության գիշերն անցել առողջարանում։

Հովհաննես Հակոբյանի պատմածը՝ 180 մարդ՝ մեկ հարկի տակ․ հրետակոծության գիշերն առողջարանում

Նույն առողջարանում հանդիպեցինք բուժքույր Ալվարդ Մկրտչյանին։ Նա Արցախից Ջերմուկ էր տեղափոխվել 2020-ի պատերազմից հետո։ Պատմեց Քաշաթաղում թողած իրենց տան մասին, որը կառուցել էին տարիների աշխատանքով։ Ալվարդը մեզ ուղղորդեց Ջերմուկի Ձախափնյակ թաղամաս, որտեղ ռմբակոծությունից պատսպարվել էր քաղաքի բնակչության մեծ մասը։

DSC01844.png

Ձախափնյակի խանութներից մեկում հանդիպեցինք Արցախից եկած Ջուլիետա Նիկոլայանին։ Նա լսել էր, որ Ձախափնյակ թաղամասում ապաստարան կա։

Ալվարդի և Ջուլիետայի մասին՝ Պատերազմների գծած ճանապարհով. Ջերմուկից Արցախ ու հետ՝ Ջերմուկ

DSC01788.png

Շենքերից մեկում հանդիպեցինք Վարդիթեր Հարությունյանին, որն ապրում էր երկու թոռների հետ։ Գիշերը իջել են շենքի նկուղ, առավոտյան հարևանը օգնել է տեղափոխվել գյուղ Մալիշկա, որտեղ մնացել են մինչև սեպտեմբերի 30-ը։ Վարդուհին ասում էր, որ իրենց տան միջանցքում ճամպրուկով իրեր են դրված, որ եթե հանկարծ էլի կրակեն, վերցնեն ու դուրս գան, բայց ուր են գնալու՝ չգիտի։

Ամբողջական պատմությունը՝ տեսանյութում։

Ուղղությունը՝ Գեղարքունիք

Վարդենիսում

Վարդենիսի կենտրոնական փողոցում ենք։ Քայլելով հասնում ենք ապաստարան, որի մասին տեղեկացել ենք Վարդենիսի բնակիչներից։ Շինության դռները փակ են։ Ներս մտնել չկարողացանք։

Դիմացը բնակելի տներ են։ Թակում ենք առաջին տան դուռը։ Տանտերը՝ Մամիկոն Կանչոյանը, առողջական խնդիրներ ունի, որոնք սրվել են վերջին ամիսներին. «Ոտքերս կարողանում էի շարժել, երբ սեպտեմբերի 12-ի գիշերը կրակոցների ձայները լսեցինք։ Այդ գիշեր դուրս էինք գալիս փողոց, հետևում անցուդարձին ու տուն վերադառնում»,— պատմում է նա։ Զրույցի ընթացքում տուն է մտնում Մամիկոնի կինը՝ Էլինա Կանչոյանը։ Հիշում է ծանր գիշերվա մանրամասները։ Վախից տնից դուրս է վազել գիշերազգեստով։

DSC01569.png

Կանչոյաններն ու երկու հարևանները կրակոցների օրերին քաղաքից չեն հեռացել․ նրանց որդիները այդ օրերին դիրքերում էին։

Հարևան ընտանիքների մասին՝ Դու էդտեղ՝ կրակի տակ, մենք ու՞ր գնանք

Քաղաքի կենտրոնում տեղեկացանք, որ մոտակայքում ապաստարաններ կան։ Դրանցից մեկի դռները փակ էին։ Տաքսու վարորդներից Նորիկն ասաց, որ տարածքը պատկանում է Վարդենիսի մի բնակչի, բանալին նրա մոտ է, նա՝ Երևանում։ Ապաստարանի դուռն ապակուց էր, ներսում հարմարություն չկար։

DSC01634.png
Ապաստարանների դուռը՝ ներսը
DSC01630.png

Վարդենիսի համայնքապետարանից իմացանք, որ բնակելի շենքերի նկուղներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվել։ Գնացինք այդ շենքերից մեկը։

Նկուղային տարածքի դուռն ընդհանուր էր, դրա բանալին ունենին բոլորը։

Մեզ ուղեկցող անձը բացում է դուռը, խոնավության հոտ է փչում։ Պահածոների կողքին իրար վրա դրված են հին երկաթե մահճակալների ցանցեր, որոնք ըստ բնակչի, բերվել են սեպտեմբերյան դեպքերից հետո։ Հատակը տեղ-տեղ քանդված է։ Ժանգոտած խողովակներից ջուր է կաթում։ «Երբ կրակոցները լսեցինք, իջանք նկուղ։ Այստեղ մի քանի հարևաններով ենք եղել։ Պայմանները լավը չեն, բայց մի փոքր ապահով է»,— ասում է նա։

DSC01683.png

Գործարար Վարդան Երանոսյանը, որը խանութ ունի շենքի մոտակայքում, գնացել է համայնաքապետարան և հայտնել, որ պատսպարման համար հարմարեցված տարածք ունի։ «Համայնքապետարանում պահեստի բանալու կրկնօրինակը կա։ Անհրաժեշտության դեպքում կարող են բացել դռներն ու մտնել»,— նշում է Վարդանը։

Նա պատմում է, որ փայտերով մահճակալներ է պատրաստել, կարող է ներքնակներ, ծածկոցներ և բարձեր տրամադրել պատսպարվածներին։ Տարածքում նոր սանհանգույց կար և մշտական ջրամատակարարում։

DSC01714.png

Կուտականում

Կուտական գյուղն այժմ կիսադատարկ է։ Սեպտեմբերյան դեպքերից հետո գյուղում շուրջ 100 բնակչից մնացել են 20-ը։ Գյուղի գլխավոր ճանապարհին հանդիպում ենք Մագդա Էլոյանին։ Մեզ հրավիրում է տուն։ Մագդան ցույց է տալիս տան հետևի պատը, որը մասամբ փլված է։ «Հենց այստեղ արկ է ընկել։ Երբ կրակոցները լսեցինք, դուրս վազեցինք, բայց չհասցրինք նստել մեքենա՝ պայթյուն եղավ։ Մահն աչքիս առաջ եկավ»,— պատմում է նա։

DSC01946.png

Մագդան ասում է, որ գյուղում ապաստարաններ չկան։ Հարկ եղած դեպքում տան նկուղն են օգտագործում։

Ընտանիքի մասին՝ Կուտական. կողպված դարպասներով գյուղը

Մեր այցելած համայնքներում պետության սահմանած նորմերին համապատասխանող ապաստարաններ չտեսանք։ Բնակիչները, հարկ եղած դեպքում, փորձում են ինքնուրույն պաշտպանվել՝ պատսպարվելով սեփական նկուղային տարածքներում, գետնահորերում, նույնիսկ քարանձավներում։ Ըստ համայնքների ղեկավարների, բյուջեի միջոցները բավարար չեն քաղպաշտպանության խնդիրները լուծելու համար։

Մեթոդաբանություն

Դիտարկել ենք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերը, ինչպես նաև Վայոց ձորի Ջերմուկ համայնքը։ Ընտրել ենք այն համայնքները, որոնք 2022-ի սեպտեմբերի ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են Ադրբեջանի կողմից։ Ընտրանքում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի՝ Նախիջևանին սահմանակից բնակավայրերը, քանի որ վերոնշյալ գործողությունները չէին ընդգրկում այդ ուղղությունները։


Հեղինակներ

Հետազոտական՝ Արեն Նազարյան, Ժաննա Բեքիրյան, Նարե Պետրոսյան, Էմիլյա Հոսյան, Էմմա Միքայելյան, Ջուլիետտա Հովհաննիսյան, Սվետլանա Մովսիսյան, Արփինե Հովհաննիսյան, Շուշան Փափազյան, Աննա Հարութունյան, Անի Ղումաշյան, Անահիտ Սարգսյան

Համահեղինակներ՝ Աստղիկ Հովաննեսով, Անուշ Մկրտչյան, Լուսինե Հակոբյան Արտակի

Դասախոսներ՝ Կատյա Մամյան, Մարիամ Բարսեղյան, Էդիկ Բաղդասարյան

Խորհրդատու՝ Հարություն Մանսուրյան

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անուշ

Մկրտչյան

Ուսանողներ

Ժաննա

Բեքիրյան

Ուսանողներ

Էմիլյա

Հոսյան

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Ուսանողներ

Լուսինե

Հակոբյան

Ուսանողներ

Անի

Ղումաշյան

Ուսանողներ

Աստղիկ

Հովհաննեսով

Ուսանողներ

Նարե

Պետրոսյան

Ուսանողներ

Էմմա

Միքայելյան

Ուսանողներ

Շուշան

Փափազյան

Ուսանողներ

Ջուլիետտա

Հովհաննիսյան

Ուսանողներ

Սվետլանա

Մովսիսյան

Ուսանողներ

Աննա

Հարությունյան

Ուսանողներ

Անահիտ

Սարգսյան

Ուսանողներ

Արփինե

Հովհաննիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան