Էդիկ Բաղդասարյան
«Հետաքննական լրագրություն» առարկայի դասախոս
Կենսագրություն
Ես լրագրող եմ, «Հետք»-ի խմբագիրը և «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության համահիմնադիրներից մեկը: 1988 թ.-ին իմ մասնագիտական կարիերան սկսվեց Հայաստանի «Հեռուստառադիոպետկոմ»-ում: Պետական հեռուստատեսության եթերում վարել եմ իմ համահեղինակային քաղաքական և լրատվական-վերլուծական հաղորդումները՝ «2+1», «Օր 7-րդ», որոնք ժամանակին փակվել են քաղաքական դրդապատճառներով:
Թղթակցել եմ տարբեր թերթերի: Այնուհետև ծառայել եմ Հայաստանի Զինված ուժերում: 2000 թվականին մի խումբ լրագրողներով հիմնադրել ենք «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը: Մեր նպատակը Հայաստանում հետաքննական լրագրության զարգացումն էր: 2001 թ.-ին հիմնեցինք «Հետք» ինտերնետային թերթը, որտեղ պարբերաբար հրապարակվում էին մեր հետաքննությունները:
Որոշ ժամանակ անց ճանաչում ձեռք բերեցինք մեր հետաքննական նյութերի շնորհիվ, որոնք առնչվում էին տարբեր ոլորտների՝ արդարադատություն, թրաֆիքինգ, բնապահպանություն, պաշտոնյաների կոռուպցիոն գործարքներ, պետական գնումներ և այլն: Մեր թիմի լրագրողների հետ մասնակցել եմ միջազգային հետաքննական մի քանի նախագծերի՝ «Պանամայի փաստաթղթեր», «Paradise Papers», «Տրոյկա Դիալոգ», «Pandora Papers», «Swiss Secrets»:
Արժանացել եմ տեղական և միջազգային մրցանակների: Դրանցից կուզենայի հիշատակել երկուսը՝ 2008 թ.-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում տեղի ունեցած Գլոբալ հետաքննական լրագրության կոնֆերանսի ժամանակ ինձ շնորհվեց հետաքննական լրագրության միջազգային մրցանակ (Global Shining Light Award): Իսկ 2010-ին արժանացա եվրոպական «Բուցերիուս» հիմնադրամի «Արևելյան Եվրոպայի մամուլի ազատություն-2010» մրցանակին:
Կան սկզբունքներ, որոնք երբեք չեմ խախտում: Սիրում եմ աշխատել փաստաթղթերի, թվերի հետ։ Պատճառներից մեկը, հավանաբար, մաթեմատիկայի թեքումով դպրոց ավարտելն է: Առհասարակ, միշտ ցանկացել եմ պարզել ճշմարտությունը, վերականգնել արդարությունը, մարդկանց խախտված իրավունքները:
2001-2017 թթ. Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում վարել եմ «Հետաքննական լրագրություն» դասընթացը: Ուսանողների և հետաքննական լրագրությամբ հետաքրքրվածների համար հեղինակել եմ «Հետաքննական լրագրություն. հայկական փորձը» գիրքը, որը որպես ուսումնական ձեռնարկ այսօր էլ օգտագործվում է ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։
Սիրում եմ ուսանողների հետ աշխատել նյութերի վրա: Հիմա հնարավորություն ունեմ նորից աշխատել ուսանողների հետ։
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (International Consortium of Investigative Journalists) անդամ եմ: