Հարություն Մանսուրյան
Ծրագրի ղեկավար
Կենսագրություն
Դիպլոմային մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատանքային գործունեությամբ՝ ռադիո-հեռուստապրոդյուսեր, բնավորությամբ՝ լրագրող։
Մոտ 20 տարի աշխատել եմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում/Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում, 7 տարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում՝ Պրահայում, հիմա ղեկավարում եմ Հետք Մեդիա Գործարանի ծրագիրը։
Հեղինակ և համահեղինակ եմ հարյուրավոր ռադիո և վիդեոնյութերի, տասնյակ դոկումենտալ ֆիլմերի և հետաքննությունների։ 2002-ին ստացել եմ «Վահագն» մրցույթի առաջին մրցանակը «Խնդիր» ծրագրի համար՝ «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում, 2017-ին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ամենամյա մրցույթի առաջին մրցանակը՝ «Շերեմետ» ֆիլմի համար։
Նկարահանել և ֆիլմեր/վիդեոնյութեր եմ պատրաստել Հայաստանում, Արցախում, Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղստանում, Բելգիայում, Չեխիայում։
Ինտերնյուսում աշխատելու տարիներին ղեկավարել եմ «Անիվ» ռադիոծրագիրը (1999-2002), «Ընդդեմ փողկապի» հաղորդաշարը (1999-2000)` Հայաստանի մարզերի մասին, «Խնդիր» հետաքննական հաղորդաշարը (2001-2003), «Մենք ենք» պատանեկան հաղորդաշարը (2003-2011), «Երկխոսություն ֆիլմերի միջոցով» միջազգային ծրագրի հայկական կողմի պրոդյուսերն եմ եղել։
Հաճույքով եմ աշխատում երիտասարդ լրագրողների հետ՝ կիսվում եմ իմ փորձով ու գիտելիքով, նաև, սովորում եմ նրանցից։ Համոզված եմ՝ որակյալ կրթությունն է այն միջոցը, որով հնարավոր է երկիր զարգացնել։